ՄԵՋԼԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳՐՔԵՐԸ «ՎՆԱՍԱԿԱՐ» ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՈՂՋ
Արխիվ 12-16ՄԵՋԼԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳՐՔԵՐԸ «ՎՆԱՍԱԿԱՐ» ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Օրեր առաջ Թուրքիայում թուրքերենով 1500 տպաքանակով հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուն, որը հրատարակել է ազգությամբ թուրք, մարդու իրավունքների պաշտպան Ռագըբ Զարաքոլուն: Այս ժողովածուն ներառում է 1916-1917 թթ. վկայությունները: Դեռ 1990-ական թվականից Ռ. Զարաքոլուն կնոջ հետ միասին ձեռնամուխ են եղել Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, որի համար էլ բազմիցս հալածվել են թուրքական իշխանությունների կողմից: Այսօր էլ կնոջ մահվանից հետո նա չի դադարեցրել իր գործունեությունը, քանի որ գիտակցում է, որ 1915 թվականին, եթե թուքերի կողմից Արեւմտյան Հայաստանում 1,5 մլն մարդ չկոտորվեր, այսօր այնտեղ կապրեին 8-10 մլն հայ: Հրատարակչի խոսքով`գրքի հրատարակությունն իր համար շատ հուզիչ է եղել, քանի որ այստեղ ներկայացված է Ցեղասպանությունից անմիջապես հետո 1916-17 թվականների վկայությունները, բացի այդ, գրքում տրված են գիտակցորեն կարեւոր հարցեր, որոնք էլ պարզում են ցեղասպանությունը վերապրածի բոլոր տվյալները եւ պատմությունները` կապված ցեղասպանության հետ: «Թուրքիայում մենք հրատարակեցինք նաեւ գերմանական փաստաթղթեր` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաեւ Վերժին Սրվանձատյանի հավաքած բոլոր վկայությունները: Ցեղասպանության մասին մեր առաջին`«Կապույտ գիրքը» նույնպես հրատարակեցինք Թուրքիայում»,- փաստեց ՌԱԳԸԲ ԶԱՐԱՔՈԼՈՒՆ եւ հավելեց, որ հրատարակված գիրքը ուղարկվել է Մեջլիսի անդամներին, որպեսզի նրանք էլ ծանոթանան իրենց նախնիների այն վայրագություններին, որոնք իրականացրել են հայերի նկատմամբ: Սակայն պատգամավորներից մեկը, ով աչքի է ընկնում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու իր քաղաքականությամբ Մեջլիսի նախագահի հետ միասին որոշել են, որ տվյալ գիրքը «վնասակար» է պատգամավորների համար եւ այն վերացրել են Մեջլիսից: Ըստ Ռագըբ Զարաքոլուի` իրականությունը խեղաթյուրելու երեւույթը այնպիսին է, երբ մեկ անգամ այն ժխտվում է,ապա պետք է անընդհատ ժխտվի: Այսպիսին է այժմ Թուրքիայի քաղաքականությունն, որը իր երկրից վերացրեց բոլոր այն հանրագիտարանները, որտեղ Հայաստանի վերաբերյալ կային տեղեկություններ: «Միայն այն ժամանակ երկու հայ համարձակություն ունեցան բացել մեր դուռը, երբ մենք հրատարակեցինք Հայոց Ցեղաանության թեմայով գրքեր , այնուհետեւ այդ երկու անձանց միացավ նաեւ Հրանտ Դինքը, ով եւ կյանքով հատուցեց միայն նրա համար, որ ցանկանում էր Թուրքիայի իրական դեմքը ցույց տալ»,- ընդգծեց Ռ. Զարաքոլուն: Նա հույս ունի, որ, վերջ ի վերջո, Թուրքիան կընդունի իրականությունը, քանի որ պայքարը իրենց կողմից դեռեւս կշարունակվի:
Նշենք, որ գիրքը թարգմանվել է «Վան» ՀԿ նախաձեռնությամբ, որը նպատակ ունի իր համեստ ներդրումները կատարելով` դիմակայել ինֆորմացիոն խեղաթյուրումներին, որոնք շեղում են նաեւ համաշխարհային հանրության պատկերացումները հայ ազգի պատմական անցյալի եւ պատմական արժեքների վերաբերյալ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

