Սերգո Երիցյան. «ԹՈՒՅԼ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԾԱԾԿԵԼ ԼԵԶՎԱԿԱՆ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»
Արխիվ 12-16Սերգո Երիցյան. «ԹՈՒՅԼ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԾԱԾԿԵԼ ԼԵԶՎԱԿԱՆ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»
Օրերս «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ, ով մեկ ժամ ուղիղ հեռախոսակապ ձեւաչափով պատասխանեց թերթի ընթերցողների եւ ակտիվ հասարակության հեռախոսազանգերին` տալով մի շարք հուզող հարցերի պատասխաններ: Նշենք, որ զանգահարողներին մեծամասամբ հետաքրքրում էր մայրենիի անաղարտության պահպանման համար տարվող աշխատանքները, ինչպես նաեւ գովազդներում եւ հեռուստաեթերում ընդհանրապես տիրող լեզվական խոտանը:
«ԳՈՎԱԶԴԻ ԼԵԶՈՒՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է»
- Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը, պարոն Երիցյան, ինչպե՞ս եք վերաբերում «Գրանդ Քենդիի» պաղպաղակի գովազդին, որտեղ օգտագործվում է ժարգոնային բառապաշար, ինչպես օրինակ ասվում է` «ապե-ապե ապելսին»: (Արմավիրի մարզ, ուսանողուհի Լիլիթ Ավետիսյան):
- Շատ վատ եմ վերաբերում: Ընդհանրապես, եթե լեզուն հնչում է հրապարակային, ուրեմն` պետք է լինի մաքուր գրական հայերենով: Թեպետ ինքս չեմ տեսել եւ չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց այդպիսի արտահայտություններին, որոնք ծիծաղ կամ քմծիծաղ են առաջացնում, դրական չեմ վերաբերում: Մեր հրապարակային լեզուն պետք է լինի գրական հայերենը` ո՛չ ավել, եւ ո՛չ պակաս ու ոչ թե փորձենք «ֆուտբոլվենք» կամ «սնիկերսվենք»: Չի կարելի այսպիսի վերաբերմունք ունենալ մայրենի լեզվի նկատմամբ:
- Իսկ ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի նման գովազդները դուրս մղվեն հեռուստաեթերից:
- Ցավոք, այստեղ օրենսդրական բաց ունենք: Մի կողմից «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ընդգծված է, ո՞ր դեպքում չպետք է խախտել օրենքը, մյուս կողմից մոռացված է սահմանել անհրաժեշտ պատասխանատվություն: Ամենալավագույն գովազդը պետք է լինի մեր մայրենիի հարստությունից ճիշտ եւ գրագետ օգտվելը: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, ապա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է լեզվի նկատմամբ ունեցած պահանջները, որ այն եթերում մաքուր ու անաղարտ պետք է լինի: Իսկ պատասխանատվությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում 60-րդ հոդվածն է, որտեղ ոչ մի տող չկա լեզվի մասին, այսինքն` այստեղ խախտումների վերաբերյալ ոչ մի պատասխանատվություն չի սահմանված: Մենք առաջարկել ենք, որպեսզի այդ պատասխանատվությունը եւս սահմանվի, քանի որ օրենսդրական բաց կա:
- Այսինքն` այսօր Լեզվի տեսչությունը պատասխանատվության ենթարկելու լծակներ չունի՞:
- Տեղեկացնելուց ու համոզելուց բացի, ոչինչ անել չենք կարող: Երկու տարի է, ինչ այդ մասին օրենդրական առաջարկությունը կա կառավարությունում, բայց դժվարությամբ է առաջ գնում: ՊատՃառն էլ այն է, որ Էկոնոմիկայի նախարարությունը բացասական կարծիք է տալիս, ասում է, թե դրանով դուք բիզնեսին կխանգարեք: Հուսով եմ, որ էկոնոմիկայի նոր նախարար Կարեն Ճշմարիտյանի վերաբերմունքը այլ կլինի, քանի որ այս օրենսդրական նախաձեռնոթյունը, մեր կարծիքով ոչ այնքան հիմնավորված պատճառով է մերժվել եւ դրան անպայման պետք է դրական ընթացք տրվի:
«ՄԵԶ ՄՈՏ ՑԱՎՈՔ ԿԱՄ ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ԴԵՌԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ»

- Որպես լրագրության ասպարեզին քաջածանոթ անձնավորություն` ինչպե՞ս եք վերաբերում, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների dress-code են որոշել մտցնել եւ աշնանային նստաշրջանում հավատարմագրել միայն 5 տարվա փորձ ունեցողներին (ք. Երեւան, Շուշան):
- Կարծում եմ` կարող է կազմակերպությունը առաջարկել նման չափանիշներ` հաշվի առնելով այն աշխատանքի առանձնահատկությունները, որ տվյալ մարմնում գոյություն ունեն, բայց չեմ կարծում, որ այսօրվա ժամանակակից աշխարհում, երբ լրագրողը ունի կրթություն եւ արդեն որեւէ լրատվամիջոցում աշխատում է, իր առջեւ որեւէ սահմանափակումներ պետք է դրվեն: Ուրիշ խնդիր է, եթե լրագրողը իր պահվածքով, կեցվածքով, աշխատանքային գործունեությամբ կարող է որոշակի խաթարումներ թույլ տալ: Բայց եթե մարդը որեւէ լրատվամիջոցում աշխատում է, ունի համապատասխան փորձառություն եւ կրթություն, չեմ կարծում, որ պետք է որեւէ մեկի մեջ տարբերություն դնել: Մեզ մոտ ցավոք կամ բարեբախտաբար դեռեւս չունենք լրագրողական արտոնագրեր, որ աշխարհի շատ երկրներում կա: Այսինքն` եթե ունես այդ արտոնագիրը կարող ես հավատարմագրվել անգամ առանց լրատվամիջոց ներկայացնելու: Այս դեպքում Ազգային ժողովը կարող է ասել, որ իմ հնարավորությունը այնպես է, որ խորհրդարանական աշխատանքները կարող ենք լուսաբանել, ասենք, 100 լրագրող, ավելին տեղ չկա նստելու, կանգնելու կամ շարժվելու: Կամ կարող են ուրիշ չափանիշներ դնել, օրինակ, որ տվյալ լրատվամիջոցը պետք է ունենա այսքան տպաքանակ կամ այսքան ընթերցող:
«ԱՅՍՕՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ»
- Լինելով «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ, ինչպե՞ս եք վերաբերում, որ ՕԵԿ-ական նախարարները իրենց պաշտոնները պահպանելու համար հրաժարվեցին կուսակցությունից (ք. Երեւան, Լուսինե):
- Ես քանի որ անկուսակցական եմ եւ միայն զբաղվում եմ լեզվաշինության եւ լեզվաքաղաքականության գործերով, այսօր քաղաքականությամբ չեմ զբաղվում:
- Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք վերաբերում ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալուն:
- Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ճակատագիրն ինքն է տնօրինում, այնպես որ այդ հարցերը ավելի լավ է իրենց ուղղեք:
- Որպես նախկին ԿԳ նախարար` ինչպե՞ս կգնահատեք այժմյան Կրթության եւ գիտության նախարարության աշխատանքը (ք. Երեւան, տնային տնտեսուհի Գոհար):
- Այսօրվա նախարարությունն էլ շարունակում է նախկին նախարարների կողմից իրագործվող կրթական բարեփոխումների իրագործումը: Այնպես որ դրական եմ գնահատում, որովհետեւ կա այդ բարեփոխումների զարգացումը եւ առաջընթացը:
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԵՑԻ, ՀԱՅԱՏԱՌ ՈՒ ՀԱՅԱՀՈՒՆՉ»
- Երկու կամ երեք հազար տարի հետո, եթե պեղումներ անցկացվեն Երեւանում, մի՞թե չեն կարծի, թե հայը այստեղ եղել է փոքրամասնություն, քանի որ ողջ քաղաքը լի է օտարալեզու ցուցանակներով ու գովազդային վահանակներով (ք. Երեւան, Նարեկ):
- Եթե մի 3-4 տարի առաջ այս հարցը տայիք ես Ձեր կարծիքը կարող էի կիսել, որովհետեւ այս առումով բավականին տխուր վիճակ ունեինք: Բայց, բարեբախտաբար, պետք է նկատել, որ վերջին երեք տարիների ընթացքում այս առումով իրավիճակը բավականին փոխվել է, այդ թվում նաեւ տնտեսվարող սուբյեկտների հոգեբանությունը: Չնայած դրան, շատերը այսօր էլ մնում են օտարամոլ: Այսինքն` չգիտես ինչու, ձգտում են միայն օտարահունչ, օտարանուն ցուցանակներ եւ գովազդային վահանակներ տեղադրել` մտածելով, որ իրենց բիզնեսի փրկությունը հենց դրանց միջոցով է լինելու, բայց չարաչար սխալվում են: Այնպես որ, կարծում եմ` բոլորս պետք է պայքարենք դրա դեմ ու ոչ միայն լեզվի պետական տեսչությունը:
- Բայց այս ուղղությամբ առաջընթաց տեսնո՞ւմ եք:
- Բավականին, այսօր մեր մայրաքաղաքի շատ հատվածներում կտեսնեք , որ նախկինում միայն օտարալեզու ցուցանակների կողքին տեղադրված է միեւնույն ցուցանակը արդեն նաեւ հայերենով: Չնայած այսօր էլ խախտումներ կան եւ մենք շարունակում ենք այդ խախտումների դեմ պայքարել:
- Ի վերջո, ինչպե՞ս քաղաքն ազատագրել այդ օտարալեզու ցուցանակներից ու գովազդային վահանակներից:
- Մեր օրենքը շատ լիբերալ-ազատական է: Այն չի ասում, թե օտար լեզվով ցուցանակներ ու գովազդային վահանակներ չեք կարող ունենալ: Ընդհակառակը, ասում է ունեցեք հայերենով , բայց և կարող եք զուգակցել այն ցանկացած լեզվով: Այսինքն` մենք այստեղ որեւէ խնդիր չունենք, դրա համար, երբ բացատրում ենք այս ամենը տնտեսվարող սուբյեկտներին, նրանք կարծես ավելի լավ են հասկանում, ավելի լավ են ընկալում: Այնուամենայնիվ, հասկանում եմ Ձեր մտահոգությունը, իսկապես մենք այստեղ անելիք ունենք եւ մեր քաղաքը պետք է լինի հայեցի, հայատառ ու հայահունչ:
«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՅԵՑԻ ԱՆՈՒՆՈՎ ԱՆՎԱՆԱԿՈՉԵՆ»

- Օրենքում ամրագրված է, որ բոլոր խանութների անունները լինեն հայատառ, բայց արդյո՞ք դա բավարար է լեզուն աղավաղումից փրկելու համար, որովհետեւ կան շատ խանութներ, որոնց ցուցանակները գրվում են հայերեն տառերով, բայց անգլերեն բառերով (ք. Երեւան, Էթերի):
- Էթերի, ես կառաջարկեի մեր տնտեսվարող սուբյեկտներին հետեւյալը. մենք այնքան շատ լեռների, սարերի, ձորերի, բնակավայրերի, տեղանունների հայերեն գեղեցիկ անուններ ունենք, որ լավ կլիներ իրենց խանութների, ռեստորաններին այդպիսի անուններ տային, քան թե գնային օտարամոլության հետեւից: Ձեր ասածի լուծումը գուցե ճիշտ կլիներ այս ճանապարհով: Մենք առաջարկում ենք, որ երեխաներին էլ հայեցի անունով անվանակոչեն, բայց Ալեն ու Էլեն են դնում: Ու այսօր ամենաշատը հենց Ալեն եւ Էլեն անուններն են: Այնպես որ, մի քիչ մենք օտարամոլ ենք, գուցե այստեղ ճիշտ լուծումն այն է, որ օտարամոլությունը փորձենք մեր մեջից հանել, այդ դեպքում լեզվի նկատմամբ վերաբերմունքն էլ կգա իր տեղը կընկնի: Բայց Ձեզ հետ համաձայն եմ, որ պետք է որքան հնարավոր է հայեցի դարձնել լեզուն, անվանումները, որովհետեւ մենք հարուստ լեզու ունենք, հարուստ տեղանուններ, ազգանուններ: Մենք լավ օրից չէ, որ այդ տառադարձումներն անում ենք, եթե մինչեւ վերջ պահպանվեր «Լեզվի մասին» օրենքը այդ խնդիրները առաջ չէին գա:
- Ժամանակին հեռուստաընկերություններին փաթեթներ էիք ուղարկում` լեզվի խախտումների վերաբերյալ, այսօր այդ գործընթացը շարունակվո՞ւմ է եւ ի՞նչ արդյունքներ ունեք (ք. Երեւան, տիկին Կարինե):
- Բառացիորեն այս օրերին ավարտում ենք գրեթե բոլոր հեռուստաընկերությունների վերջին մի քանի ամիսների լեզվի ուսումնասիրությունը: Եթե մեկ-երկու արդյունք փորձեմ ասել, պետք է նշեմ, որ բավականին մաքրվել է լեզուն, բացառությամբ, այսպես կոչված, հումորային հաղորդումների եւ որոշ չափով նաեւ հեռուստասերիալների: Այստեղ խնդիրը հետեւյալն է, բնականաբար, այդ հաղորդումները ունեն դրամատուրգիա, որը, անկեղծ ասած, համարձակվում եմ ասել, որ թույլ է: Եվ թույլ դրամատուրգիան փորձում են ծածկել լեզվական ծամածռություններով, ամեն տեսակի փողոցից ընտրված ու փողոցին հարիր արտահայտություններով: Անգամ առիթ եմ ունեցել հեղինակների հետ խոսել եւ անգամ այդ խոսակցությունները բավականին արդյունավետ են եղել, որովհետեւ ինչ-որ բաներ իրենք այնուամենայնիվ, փոխում են ու ուզում են վերադառնալ գրական հայերենի դաշտ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հ. Գ.- Մեր ընթերցողների ու ակտիվ հասարակության մնացյալ հարցերին եւ պարոն Երիցյանի տված պատասխաններին ծանոթացե՛ք հետեւյալ հղումով`

