ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎԱՐԿԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՇԽԱՏՈՒՄ`ՎԱՐԿԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ադրբեջանում գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ առողջական վիճակն այս պահին նախկինի հետ համեմատ դրական առաջընթաց է արձանագրել, սակայն Արսենն իրեն թույլ է զգում: «Իրավունքի» հետ զրույցում Արսեն Խոջոյանի մայրն ասաց, որ որդու հետ քիչ է շփվում.«Առավոտից գնում է Սևան, անասուններ է պահում, իսկ հետո` ուշ երեկոյան, գալիս է տուն: Մեր սոցիալական վիճակն այնպիսին է, որ նա ստիպված է անասուն պահել»:
Խոջոյանների ընտանիքը սոցիալական դժվար պայմաններում է ապրում. նրանք պետք է բանկից վերցրած վարկերի տոկոսները մարեն, այդ պատճառով էլ Արսենը ստիպված է այդ վիճակով աշխատել:
Տիկին Սվետլանայի խոսքով`Արսեն Խոջոյանից վերցրած արյան անալիզների պատասխանը դեռ հայտնի չեն: Թեև տղայի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան, բայց երիտասարդը գիշերը մոր հավաստմամբ այնքան էլ լավ չի քնում:
Տղայի մոր խոսքով` Արսենը խուսափում է վերհիշել գերության ժամանակ եղած օրերը, ընտանիքի անդամները ևս այդ թեմայով հարցեր չեն տալիս: «Ադրբեջանցիների արածը հնարավոր չէ շուտ մոռանալ, թուրքը մնում է թուրք»,- ասաց Սվետլանա Խոջոյանը:
Սոնա Դավթյան

