ՙԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ՍՐԲԱՎԱՅՐԸ ԴԻՍԿՈՏԵԿ ՉԷ
Արխիվ 12-16ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ՍՐԲԱՎԱՅՐԸ ԴԻՍԿՈՏԵԿ ՉԷ
Վանի մշակույթի եւ տուրիզմի վարչությունը դիմում է ներկայացրել Թուրքիայի Վան նահանգի Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար: Իսկ մենք ոչինչ չենք խնայում հայրենի պատմամշակութային կոթողները հանելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից: Համենայնդեպս վերջին` զվարթնոցյան փարթիից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ում Զվարթնոցի տաճարի հարցը դրված է քննարկման: Այդուհանդերձ Հայաստանում դեռեւս շարունակվում է Զվարթնոցում տեղի ունեցած սրբապղծությունն արդարացնել, ասելով որ համաշխարհային պրակտիկայում այն ընդունված ընթացակարգ է: Օրերս հեռուստամեկնաբան Գեւորգ Ալթունյանն էլ իր հեղինակած հաղորդման շրջանակներում կրկին արդարացնում էր Զվարթնոցում եղածն ու նշում, որ աշխարհում ընդունված է նույնիսկ հարսանիքներ անել տաճարում: Հարգելի պարոն Ալթունյան, եկեք չշփոթենք պսակադրության արարողությունն ու հարսանեկան կերուխումը, եթե այդպես առաջնորդվենք, վաղն էլ կարող ենք Սուրբ Էջմիածնի տաճարում դիսկոտեկ կամ էլ գիշերային ակումբ բացել, գուցե այդ ժամանակ է±լ կսրբացնեք կազմակերպիչներին, կամ էլ կսահմանափակվենք միջին օղակի պաշտոնյաներից մեկին ժամանակավոր պաշտոնից ազատելով...
Պարզապես Հայաստանում մշակույթով զբաղվողները, ցավալի է, բայց փաստ, որ դրսից լավն ընդօրինակում եւ Հայաստանում իրականացնում են ճիշտ հակառակը, քանի որ ընդօրինակում են այն, ինչ իրենց է ձեռնտու: Այ, ինչպես դիզայներ, քանդակագործ Նուռը ՙԻրավունքի՚ հետ զրույցում փաստեց. ՙԻտալիայում, Ֆլորենցիայում կամ Վենեցիայում շատ եմ տեսել, որ եկեղեցու ներսի տարածքում անցկացվում է դասական երաժշտության համերգ, ժամանակակից նկարչի կամ քանդակագործի ցուցահանդես: Առհասարակ, աշխարհում ընդունված է պատմամշակութային հուշարձաններում անել միջոցառումներ: Բայց հարցն այն է, թե ինչ միջոցառումներ...՚: Համենայնդեպս ոչ կորպորատիվ միջոցառումներ կամ էլ` կերուխում, որտեղ փարթիի հերոսները նույնիսկ կիսամերկ են շրջում սրբավայր հանդիսացող տաճարի տարածքում... Ամեն դեպքում, եթե վաղն էլ հայ ռաբիսի կամ ռոքի արքաներից մեկի համերգն իրականացնեն սրբավայր հանդիսացող տաճարներից մեկի տարածքում, բոյկոտի ալիք բարձրանալու դեպքում կասեն. բա ասում էիք` տաճարի տարածքում համերգ անելը մեղք չէ ու ընդունված... Դե եկ ու բացատրիր, որ ռաբիսն ու ռոքն այլ տեղից են սերում, ոչ թե դասական երաժշտության նման` եկեղեցուց:
Ի վերջո, այսօր չունենք ու առաջիկայում դժվար էլ ծնվեն լուսինեզաքարյաններ, որ իրավունք ունենան իրենց կատարումներով զարդարել մեր սրբավայրերը:
Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

