ՍՅՈՒՆԻՔԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՙՓՈՐՁՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ՚
Արխիվ 12-16ՍՅՈՒՆԻՔԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՙՓՈՐՁՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ՚
Մամուլում պարբերաբար տարբեր առիթներով շրջանառվում է Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության անդամ Սուրիկ Խաչատրյանի անունը: Եվ շատ հաճախ ոմանք նախկին մարզպետին փորձում են զուտ բացասական ֆոնի ներքո ներկայացնել: Ինչն էլ վրդովեցնում է գորիսեցիներին, եւ որպեսզի վերոնշյալը մերկապարանոց չհնչի, ներկայացնում ենք օրերս խմբագրություն զանգահարած գորիսեցի, Արցախյան հերոսամարտի մասնակից, Սյունիքի նախկին մարզպետի մարտական ընկեր, այժմ ԵԿՄ Գորիսի տարածաշրջանի ղեկավար Սուրեն Բաղդասարյանի խոսքը, ում անչափ վրդովեցնում է, ինչպես ինքն է ասում` ՙտեղի-անտեղի էդ մարդու անունը շահարկելը՚:-Զարմացած ենք, որ Գորիսում չնայած հատուկենտ, բայց դեռ կան մարդիկ, ովքեր իրենց թույլ են տալիս Սուրիկ Խաչատրյանի հասցեին բացասական արտահայտություններ անել, նրան համեմատել մարդկանց հետ, ովքեր իրենց անունն ու դիրքը օգտագործում են միայն ի շահ իրենց եւ իրենց հարազատների: Մոռանալով, որ նա այն եզակի անձնավորություններից է, ով ինչպես մարզպետ կամ մեկ այլ պաշտոն զբաղեցրած ժամանակ է ծառայել իր քաղաքացիներին եւ առհասարակ սյունեցիներին, այնպես էլ մինչ օրս շարունակում է աջակցել եւ ձեռք մեկնել նեղ ընկածին, անկախ տարիքից եւ սեռային պատկանելությունից: Իսկ այն դատարկախոսները, ովքեր առիթը բաց չեն թողնում, որ սեւացնեն նման մարդու անունը, թող ցեխ շպրտելուց առաջ մի պահ հետ նայեն եւ համեմատեն իրենց եւ Սուրիկ Խաչատրյանի անցած ճանապարհը, ամոթ է:
ԵԿՄ Գորիսի տարածաշրջանի ղեկավարի խոսքով.
- Շատերը նույնիսկ անամոթաբար իրենց թույլ են տալիս այստեղ-այնտեղ խոսել, թե իբր Սուրիկ Խաչատրյանը ոչ մի պատերազմական գործողությունների էլ չի մասնակցել: Այնինչ նա այն անձնավորությունն է, ով ՌԴ-ից լսելով ԼՂՀ-ի պաշտպանության հարցը, անմիջապես եկել է Գորիս, եւ մինչեւ 1992 թվականը կամավորական ջոկատների հետ միասին մասնակցում էր պատերազմական գործողություններին, որից հետո Վազգեն Սարգսյանի հրամանով` 1992թվականից մինչեւ 1994թվականը` խաղաղության պայմանագրի կապումը, եղել է Գորիսի 750 հոգանոց պայմանագրային գումարտակի հրամանատար: Էդ մարդը մեծ ու անգնահատելի ներդրում ունի Գորիս քաղաքի մեջ: Ո±նց կարելի է մոռանալ, որ մարդը դեռ երիտասարդ հասակից` ՌԴ-ից վերադառնալուց հետո իր հովանավորության տակ վերցրեց երկու մանկապարտեզ, այն մութ ու ցուրտ տարիներին դպրոցներին ապահովում էր վառելափայտով, աջակցում էր զոհվածների դպրոցական երեխաներին, ու էն ժամանակ ոչ մարզպետ էր, ոչ էլ մեկ ուրիշ պաշտոնի, ուղղակի հայրենասեր գորիսեցի էր: Եվ այն, որ Խաչատրյանը հայրենասեր եղել ու մնացել է, ապացուցում է այն, որ նա ղեկավարելով տարբեր կառույցներ, լինելով տարբեր պաշտոնների` չկորցրեց իր մարդկային դիմագիծը:
Իսկ խմբագրություն դիմած Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված Բեգլարյան Սանասարի հարազատներից մեկը, անդրադառնալով ոմանց կողմից Խաչատրյանի հասցեին պարբերաբար հնչող ինչ-ինչ մեղադրանքներին, արցունքները հազիվ զսպելով` ասաց. ՙՄեծ ցավ եմ ապրում, որ էդ մարդուն էլ անուն չմնաց, որ չկպցնեն: Այնինչ Խաչատրյանն այն մարդն է, ով այս պահին փորձում է իրականացնել իմ եւ իմ նմանների` Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հարազատների վաղեմի երազանքը: Դեռ մարզպետ եղած ժամանակ հանձն էր առել Արցախյան հերոսամարտի հուշակոթող կառուցել: Ճիշտն ասած, երբ ազատման դիմում գրեց եւ ազատվեց աշխատանքից, մտածեցինք, որ այդ գործն էլ կիսատ կթողնի, բայց փառք Աստծո, մեր նախկին մարզպետը մեզ հուսախաբ չարեց, իր անձնական միջոցներով շարունակեց սկսած գործը` արդեն մոտ յոթ մետր բարձրություն ունի հուշակոթողը, մի այդքան էլ պետք է բարձրանա, դե ասեք` մենք ո±նց շնորհակալ չլինենք նման մարդուց: Ցանկացած սյունեցի պետք է հպարտ լինի, որ ունի նման հայրենասեր, սյունեցու հոգսով ապրող անձնավորություն, ոչ թե փորձի ամենաճղճիմ միջոցներով կեղտոտել էդ մարդու անունը՚:
Գորիսում Հայրենական մեծ պատերազմի համալիրի հարեւանությամբ կառուցվող Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողի ընթացիկ աշխատանքների մասին, եւ թե երբ այն կավարտվի, փորձեցինք զրուցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց խոսել վերոնշյալի վերաբերյալ, նշելով, որ դա անում է զուտ հայրենասիրական զգացմունքներից ելնելով. ՙԵս դա իմ պարտքն եմ համարում` պատերազմում զոհված իմ մարտական ընկերների առջեւ, չեմ ցանկանում այն որպես գովազդի նպատակ ծառայեցնել՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

