«ԵԹԵ ԱՄԵՆ ՄԵԿՍ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՎԻՆ, ԱՅՆ ԿԴԱՌՆԱ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ ԵՎ ՈՒԺԵՂ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԱՄԵՆ ՄԵԿՍ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՎԻՆ,
ԱՅՆ ԿԴԱՌՆԱ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ ԵՎ ՈՒԺԵՂ»
«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ, ով մեկ ժամ «ուղիղ հեռախոսակապ» ձեւաչափով պատասխանեց թերթի ընթերցողների եւ ակտիվ հասարակության հեռախոսազանգերին` տալով մի շարք հուզող հարցերի պատասխաններ:
«ԳԵՆԴԵՐ ԲԱՌԸ ԴԵՌԵՎՍ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ»
- Պարոն Երիցյան, վերջերս մեծ աղմուկ բարձրացավ, որ ԱԺ հայ-ռուսական բարեկամության ակումբում որոշ ելույթներ ռուսերեն են հնչել: Արդյ՞ոք դա լեզվի օրենքի խախտում է, եթե հաշվի առնենք, որ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ակումբային հանդիպում էր:
Այսինքն` ոչ պաշտոնական էր, եւ թարգմանությունը թարգմանչի կողմից ապահովված էր (ք. Երեւան, պարոն Գագիկ):
-Պետք է տարանջատել պաշտոնական եւ հրապարակային հանդիպումները մնացածից: Այս պարագայում, բնականաբար, միջոցառումը պետք է ընթանա հայերենով եւ միաժամանակ ապահովվի դրա համաժամանակյա սինխրոն թարգմանությունը: Այլ միջոցառումների պարագայում, եթե դրանք հրապարակային չեն եւ ոչ պաշտոնական, կարող է գործել փոխհամաձայնության գործոնը, որտեղ այն հնարավոր է վարել կողմերի ընդունելի լեզվով: Այսինքն` այս դեպքում, եթե հանդիպումը ապահովված է եղել թարգմանչով, ուրեմն` որեւէ խնդիր չկա:
- Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած մի օրենք ընդունվեց , որտեղ օգտագործվեց գենդեր
տերմինը, արդյո՞ք հայերենում կա նման բառ, եւ ի՞նչ է նշանակում այն (ք. Արտաշատ, Անահիտ):
- Այժմ կան գենդեր տերմինի բազմաթիվ սահմանումներ, որոնք լինելով միմյանց լրացնող կամ հակասող, կրելով բովանդակության տարբեր ծավալներ, ունեն մեկ ընդհանուր իմաստային բաղադրիչ. գենդերը կենսաբանական սեռից տարբեր է եւ հանդիսանում է կենսաբանական սեռի հատկանիշների ամբողջության վերառում, որը գործում է կենսաբանական հակառակ սեռի պայմաններում: Բնականաբար, լեզուների մեծագույն մասը չունի գենդերին համապատասխանող բառ: Այն լեզուները, որոնք շփվում են այս հասկացությանը կամ փոխառում են գենդեր բառը կամ բառեր են հարմարեցնում, կամ էլ` ստեղծում նոր բառեր: Գենդեր բառը դեռեւս գրանցված չէ հայերենի բառարաններում, ուստի այդ բառը հազիվ թե կարող է համարվել հայերեն բառապաշարի մաս:
- Այս դեպքում, ըստ Լեզվի տեսչության, ո՞րը կլինի գենդեր բառի հայերեն համարժեքը:
- Գենդեր բառի դիմաց, մենք առաջարկում ենք մակասեռ նորաստեղծ բառը, որը նշում է սեռ բառի հետ կապը, միաժամանակ դրանից վերառված լինելու հանգամանքը, թույլ է տալիս կազմել անհրաժեշտ ածանցյալ բառերը, օրինակ` մակասեռում կամ մակասեռավորում, մակասեռված, մակասեռային եւ այլն:
«ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ԵՂԲՈՐ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ Է ՄՆԱՑԵԼ»
- Այսօր ի՞նչ դժվարություններ ունի Լեզվի պետական տեսչությունը, ինչը խոչընդոտում կամ սահմանափակում է, որ այս կառույցը կարողանա արմատական քայլեր ձեռնարկել մայրենիի պահպանման գործում, ավելի արդյունավետ եւ նպատակային աշխատել (ք. Երեւան, պարոն Վլադիմիր):
-Մենք այսօր իրավունք չունենք, որպես լեզվի տեսչություն, պատասխանատվություն առաջացնել ու ստիպված
ամեն մի արձանագրությունից հետո դատարան դիմել: Մեր աշխատողների կեսից ավելին ամեն օր դատարանի ճանապարհներին են, որովհետեւ շաբաթվա մեջ առնվազն 3-4 դատական գործընթաց ունենք: Իսկ այլ երկրներում հետեւյալ պրակտիկան կա, որը մենք առաջարկում ենք որդեգրել` պատասխանատվության չափը «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքից ելնելով` սահմանվում է տեսչության կողմից: Գիտեք, այստեղ հոգեբանական հետաքրքիր պահ էլ կա, տնտեսվարող սուբյեկտները ասում են, որ իրենք պատրաստ են տուգանքները վճարել, միայն թե իրենց դատարան չտանեն: Եվ եթե տնտեսվարողի մասին որեւէ մեկն անհանգստացած է, թող մտածի, որ նա ավելորդ փաստաբան չվարձի, ավելորդ դատական գործընթացների ու քաշքշուկների մեջ չհայտնվի: Մենք էլ մեր ժամանակը կկարողանանք ճիշտ տնօրինել: Լեզվի տեսչությունը միակն է 17 տեսչությունների մեջ, որ այս իրավունքը չունի:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ մյուս տեսչությունները կարողացել են իրենց մասին օրենսդրական փոփոխություններն արագ-արագ անել ու տեղափոխվել այլ դաշտ, իսկ լեզվի տեսչությունը «փոքր եղբոր» կարգավիճակում է մնացել:
«ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՊԻՏԻ ԳՈՐԾԻ»
- Ժամանակին գործում էր տերմինաբանական խորհուրդը, ո՞ւր է այսօր (ք. Երեւան, ուսուցչուհի Ա. Մանուկյան):
-Այս խորհուրդը արդեն 7-8 տարի է չի գործում: Օրենսդրական մի փոքրիկ փոփոխություն պետք է արվի: Կա նախաձեռնությունը, բայց էլի առաջ չի գնում: Զարմանալի է, թե տերմինաբանական խորհուրդը ինչո՞ւ Հայաստանում չպիտի գործի: Հուսամ, որ այս ուղղությամբ այսօրվա վարչապետի ուշադրությունը եւս կլինի, եւ կքննարկվեն այդ հարցերը:
- Պարոն Երիցյան, բազում հարցեր արծարծվեցին մեր ընթերցողների կողմից, եւ Դուք էլ նշեցիք մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մասին, արդյո՞ք պատրաստվում եք դիմել նոր կառավարության ղեկավար մարմիններին` այս խնդիրներով («Իրավունք»):
- Անկեղծ ասած, հուսով եմ, որ հնարավորություն եւ առիթ կլինի հանդիպելու ՀՀ վարչապետի` Հովիկ Աբրահամյանի հետ եւ այս հարցերը քննարկելու: Գիտեմ, որ երկրում հրատապ եւ լուծումներ պահանջող խնդիրներ շատ կան, բայց ամառային այս հարաբերական հանգստի պարագայում, կարծում եմ` ժամանակն է լեզվական խնդիրներին անդրադառնալ, որովհետեւ լեզուն կարող է հարաբերական հանգիստ վիճակում լինել այսօր եւ վաղը, բայց վաղը չէ մյուս օրը կարող ենք ոչ այնքան քաղցր արդյունքներ ունենալ: Չնայած մեր լեզուն հզոր է, զարգացող է, ինքն իրեն կարողանում է պաշտպանել, բայց եթե ամեն մեկս ամեն օր օգնենք մեր լեզվին, այն կդառնա ավելի զորեղ եւ ուժեղ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հ. Գ.- Մեր ընթերցողների ու ակտիվ հասարակության մնացյալ հարցերին եւ պարոն Երիցյանի տված պատասխաններին ծանոթացե՛ք հետեւյալ հղումով`

