ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽԱՂԻ ԵԼՔԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽԱՂԻ ԵԼՔԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Հունիսի 27-ին Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան վերջապես ստորագրեցին Եվրաասոցացման բազմաչարչար պայմանագիրը: Սրանից հետո, հասկանալի է, որ արդեն միայն ժամանակը ցույց կտաª եվրաասոցացումը այդ երկրներին տնտեսական բարգավաճման, թե լիակատար կրախի կհասցնի: Չնայած մյուս կողմից էլª այդ պայմանագրի ստորագրումն ամենեւին էլ չի նշանակում, որ դրա շուրջ ծավալված Արեւմուտք-Ռուսաստան բուռն հակամարտությունն ավարտված է:ԲԵՌԼԻՆԸ ԲՐՅՈՒՍԵԼԸ ԽԼԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ
Ավելինª այդ գլոբալ հակամարտությունն այս օրերին սկսել է տեղափոխվել բոլորովին նոր հարթություն, ինչը, ի դեպ, դեռ ամիսներ առաջ էր կանխատեսելի: Այսպեսª չնայած Ասոցացման պայմանագիրն ստորագրողները տեղը-տեղին ոգեւորվել էին, սակայն նրանց, ավելի կոնկրետª Ուկրաինայի օլիգարխ-նախագահ Պորոշենկոյի գլխին սառը ջուր լցրեց կանցլեր Մերկելըª հայտարարելով, թե ասոցացման ՙառեւտրային բաղադրիչը միանգամից չի գործելու: Սկզբում կկայանա տեխնիկական բանակցությունները Ռուսաստանի, Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ...՚: Տիկին կանցլերն իր այդ միտքը բացատրում է, թե նախ պետք է ռուսներին ապացուցել, որ եվրաասոցացումը ռուսական տնտեսության համար վտանգ չի ներկայացնում: Իհարկեª այլ հարց է, թե այդ ինչպես են համոզելու, եթե Ռուսաստանն այն միանշանակ եւ անհերքելի կարծիքին է, որ եթե ասոցացումից հետո, օրինակ` Ուկրաինա եվրոպական ապրանքներն սկսեն մտնել անարգել, առանց որեւէ մաքսային դրույքաչափերի, ապա այդ նույն ապրանքներն անմիջապես էլ այնտեղից կսկսեն հոսել դեպի Ռուսաստան, եթե պահպանվեն ներկայումս ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ գործող պարզեցված մաքսային դրույքաչափերը: Դա կանխելու համար Ռուսաստանը պարզապես ստիպված է փոխել Ուկրաինայի հետ ունեցած ներկայիս առեւտրային հարաբերություններըª դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի հետ ունեցած մակարդակին: Ի սկզբանե էլ ռուսները հենց դա են ասում, եւ ասել, թե Անգելա Մերկելը չի գիտակցում այդ պարզ հանգամանքը, ինչպես նաեւ, որ ռուսներն իրենց տվյալ մոտեցումից ցանկության դեպքում անգամ չեն կարող հրաժարվել, միամտություն կլիներ:
Գումարած դրանª ԵՄ-ն ժամանակին քանիցս իր ամենաբարձր պաշտոնյաների շուրթերով հայտարարել է, որ Եվրաասոցացման պայմանագիրը բացառապես իր եւ ասոցացվող տվյալ երկրի գործն է, որի հետ Ռուսաստանը եւ ոչ մի կապ չունի: Այսինքնª իր այդ հայտարարությամբ Մերկելը նաեւ ԵՄ-ի` մինչ այս ունեցած քաղաքականությանն է դեմ գնում, եւ այս ամենը նշանակում է, որ տիկին կանցլերը, Ուկրաինայի ասոցացման պրակտիկ կիրառումը կապելով ռուսների հետ, բացի այն, որ ակնարկում է, թե ԵՄ-ն պետք է բոլորովն նոր հայացքով նայի Ռուսաստանի հետ հարաբերություններին, այլեւ ցույց է տալիս, որ հենց ինքն է պատրաստվում առնվազն այս առանցքային հարցում ուղղորդել եվրոպական քաղաքականությունը:
Միեւնույն ժամանակ կա նաեւ այն հարցը, թե ինչո±ւ ԵՄ-ն որոշեց պատերազմական վիճակում գտնվող Ուկրաինայի հետ ստորագրել այդ պայմանագիրը, ինչը, թերեւս, ոչ թե չի նպաստի մարտական գործողությունների հանդարտեցմանը, այլ, ընդհակառակը, այդ հակամարտության գերսրման հարցում նոր խթան կդառնա: Ընդ որում, ԵՄ-ն այս քայլին է գնում, երբ նրա բարձրաստիճան ղեկավարությունն արդեն իսկ իր պոստերը լքելու շեմին է կանգնած: Արդյունքումª հեռացող ԵՄ ղեկավարության ձեռքերով այս փաստաթղթի հապշտապ ստորագրումը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ նոր ղեկավարությունը կարող էր բոլորովին այլ վերաբերմունք ունենալ ասոցացման այդ ծրագրերի նկատմամբ: Օրինակª ԵՄ-ի բարձրագույն պաշտոնյայինª Եվրահանձնաժողովի նախագահ ոտից գլուխ ամերիկամետ Ժոզե Մանուել Բարոզուին, ինչպես արդեն հայտնի է, փոխարինելու է գալիս Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, ում թիկունքին բացահայտորեն կանգնած է Մերկելը: Ընդ որում, Յունկերն այդ պաշտոնին ընտրվեց, չնայած, որ դրան ամեն կերպ փորձում է խոչընդոտել Վաշինգտոնը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն անցել էր բացահայտ շանտաժիª սպառնալով, որ Յունկերի ընտրվելու դեպքում իրենք միանգամից կսկսեն մտածել ԵՄ-ի կազմից դուրս գալու մասին: Չնայած այս ամենինª ԵՄ 28 անդամ-երկրներից 26-ը քվեարկեցին Յունկերի օգտին, ինչը նշանակում էր` այդ առանցքային հարցում անգլոսաքսոնական քաղաքականության պարտություն եւ գերմանա-ֆրանսիականի հաղթանակ:
ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
Սրա հետ մեկտեղ անցած շաբաթ մեկ այլ ուշագրավ փաստ եւս ֆիքսվեց: Խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ավստրիա կատարած այցի մասին է, որի ժամանակ կնքվեց Սեւ ծովով դեպի Եվրոպա գնացող Հարավային հոսք գազատարի կառուցման հետ կապված մեկ կարեւորագույն փաստաթուղթ: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը բոլոր միջոցներով փորձում է այս նախագիծը ձախողել, ինչին ակտիվորեն լծվել է նաեւ ԵՄ-ի գործող ղեկավարությունը: Եվ ահա, երբ ավելի շատ գերմանական քաղաքականության հետեւորդ եւ ԵՄ-ում մեծ ազդեցություն ունեցող Ավստրիան, չնայելով Վաշինգտոնին, ըստ էության ձախողման շեմին կանգնեցրեց Հարավային հոսքի դեմ իրականացնող ողջ ամերիկյան քաղաքականությունը, դա նույնպես վկայում է ԵՄ-ում ամերիկյանի փոխարեն գերմանական ազդեցության տեսանելի աճի մասին:
Թե այս բավականին պերճախոս փաստերը արդյունքում ինչ նոր իրավիճակ կձեւավորեն ՌԴ-ԵՄ-ԱՄՆ փոխհարաբերությունների հարթակում, թերեւս պարզ կդառնա ամենամոտ ապագայում: Ընդ որում, ակնհայտ է, որ շատ բան էլ կախված է ուկրաինական պատերազմից, առանց որի հանգուցալուծման հազիվ թե որեւէ մեկը Եվրաասոցացման այդ պայմանագիրը լուրջ ընդունի: Եվ ահա Դոնբասը վերջին օրերին շարունակում է իր տարածքում գտնվող Կիեւին ենթակա նորանոր զորամասեր իրեն ենթարկեցնել: Վերջին նման ՙձեռքբերումներից՚ էր հակաօդային պաշտպանության A-1402 զորամիավորումը, որը լինելով զիված ՙԲուկ՚ ՀՕՊ համակարգերով, գործնականում լիովին չեզոքացնում է Կիեւի գլխավոր խաղաքարտըª ավիացիան: Զրահատեխնիկայի եւ մյուս զինատեսակների առումով եւս վերջին մեկ-երկու շաբաթներին Դոնբասի հաջողությունները հսկայական են: Արդյունքում, արդեն անգամ ամենահեղինակավոր ռազմական փորձագետներն են խոսում այն մասին, որ այս պատերազմում Կիեւը հաղթելու տեսանելի միջոցներ այս պահին պարզապես չունի: Եվ թերեւս այդ է պատճառը, որ երեկ հաղորդագրություն տարածվեց, թե ուկրաինական բենդերականները սկսել են Սլավյանսկում քիմիական զենք գործադրել: Իսկ դա այն լուրջ հանցագործությունն է, որից հետո Մերձավոր Արեւելքում հերթական մեծ պատերազմի մեջ խառնված Վաշինգտոնի համար շատ դժվար կլինի առաջվա պես անվերապահորեն ուկրաինական ներկայիս համակարգի թիկունքին կանգնել: Առավել եւս, որ արդեն ստիպված է մեծ թերահավատությամբ նայել ոչ միայն Բեռլինի եւ Փարիզի, այլեւ նույնիսկ իր ամենահավատարիմ դաշնակցիª Վարշավայի կողմը, հաշվի առնելով այն բոլոր հայհոյանքները, որ օրերս Վաշինգտոնին էր հասցեագրել այդ երկրի ԱԳ նախարարը:
Մի խոսքով, կարծես թե կարելի է արձանագրել, որ ոչ միայն ուկրաինական, այլեւ եվրոպական քաղաքական հարթակում է ԱՄՆ-ը կանգնած բավականին մեծ պարտության շեմին: Բայց նաեւ չմոռանանք, որ փակուղում հայտնված այդ գերհզոր տերությունը կարող է շատ ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի լինել, քան իրեն հաղթող համարելիս:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

