ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ «ՇՊԻՈՆԱԿԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՆ ՀԱՃԱԽԵԼՈՒ
Արխիվ 12-16ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ «ՇՊԻՈՆԱԿԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՆ ՀԱՃԱԽԵԼՈՒ
Արի ու տես, որ ՀՀ ԿԳ նախարարության մեջքի հետեւում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ստամբուլի (Թուրքիա) եւ Վանաձորի գրասենյակները հայտարարել են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ` Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:
Ավելին` «Յավաշ-կամաց» խորագրով ծրագիրը անցկացվելու է Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում: Ի դեպ, 7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, «կլոր սեղաններ», խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնել մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնել նրանց կարողությունները` կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում: Մի խոսքով, թուրքերը յավաշ-յավաշ մեր ուսուցիչներից փորձում են իրենց համար «շպիոններ» պատրաստել, սաքունցյան գրասենյակներն էլ կամաց-կամաց Հայաստանի դեմ նոր ծրագրեր են մշակում: Ուշագրավ էր այն, որ այս մասին անգամ տեղյակ էլ չէր ՀՀ ԿԳ նախարարությունը: Ինչպես «Իրավունքը» պարզեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ. «Ես չգիտեմ` ի՞նչ ճամբար է, ո՞վ է գնալու, եթե ինձ անձնապես եք հարցնում այս մասին, ես դեմ եմ: Չեմ ողջունում, բայց չգիտեմ էլ, թե ինչ քաղաքականություն կա դրա շուրջ»:
Ինչեւէ, հուսանք, որ այս դեպքում հայրենի ուսուցիչներն ու ուսանողները խելամիտ կգտնվեն ու ԿԳ նախարարության «գլխից չեն թռնի»` դառնալով թուրք-սաքունցյան գործիք: Իսկ «թռնողների» անունները վաղ թե ուշ կհայտնվեն հրապարակային շրջանառության մեջ...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

