ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՙՇՊԻՈՆԱԿԱՆ՚ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՆ ՀԱՃԱԽԵԼՈՒ
Արի ու տես, որ ՀՀ ԿԳ նախարարության մեջքի հետեւում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ստամբուլի (Թուրքիա) եւ Վանաձորի գրասենյակները հայտարարել են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ` Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար: Ավելին` ՙՅավաշ-կամաց՚ խորագրով ծրագիրը անցկացվելու է Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում: Ի դեպ, 7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, ՙկլոր սեղաններ՚, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնել մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնել նրանց կարողությունները`
կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում: Մի խոսքով, թուրքերը յավաշ-յավաշ մեր ուսուցիչներից փորձում են իրենց համար ՙշպիոններ՚ պատրաստել, սաքունցյան գրասենյակներն էլ կամաց-կամաց Հայաստանի դեմ նոր ծրագրեր են մշակում: Ուշագրավ էր այն, որ այս մասին անգամ տեղյակ էլ չէր ՀՀ ԿԳ նախարարությունը: Ինչպես ՙԻրավունքը՚ պարզեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ. ՙԵս չգիտեմ` ի±նչ ճամբար է, ո±վ է գնալու, եթե ինձ անձնապես եք հարցնում այս մասին, ես դեմ եմ: Չեմ ողջունում, բայց չգիտեմ էլ, թե ինչ քաղաքականություն կա դրա շուրջ՚: Ինչեւէ, հուսանք, որ այս դեպքում հայրենի ուսուցիչներն ու ուսանողները խելամիտ կգտնվեն ու ԿԳ նախարարության ՙգլխից չեն թռնի՚` դառնալով թուրք-սաքունցյան գործիք: Իսկ ՙթռնողների՚ անունները վաղ թե ուշ կհայտնվեն հրապարակային շրջանառության մեջ... ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ