600-800.000 ԱՇԽԱՏԱՏԵՂ`ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ
Արխիվ 12-16600-800.000 ԱՇԽԱՏԱՏԵՂ`ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ
Հունիսի 21-ին Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ պետք է հանդիպեր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` նրան ներկայացնելու հելիոֆիկացիայի ծրագիրը համաձայն որի` արևի էներգիան կարելի է օգտագործել որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր: Հանդիպումը, սակայն, ինչպես տեղեկացրեց «Իրավունքի» հետ զրույցում վերը նշված ծրագրի ղեկավարը, չի կայացել: «Վարչապետն իմ առաջարկն ուղարկեց Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժին: Թեեւ հաջորդ հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք չեմ բերել, բայց մտադիր եմ կրկին հանդիպել Հ. Աբրահամյանի հետ և նրան հրավիրել Աբովյան քաղաքում գործող մեր «պոլիգոն` առաջարկս քննարկելու համար»,- մանրամասնեց Համազասպյանը:
-Պրն Համազասպյան, Հելիոֆիկացիայի ծրագրի կիրառումն արդյոք հիմա է արդիական` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի թանկացումն ու հանրության մի հատվածի դժգոհությունը:
-Մեզ համար այս ծրագրի կիրառումը կարևոր է այնքանով, որ Հայաստանը չունի այլընտրանքային էներգիայի աղբյուր` բացի հիդրոէներգետիկայից: Հելիոֆիկացիան պետք է զարգացնել և դնել առաջին պլան: Հայաստանը, չունենալով սեփական էներգառեսուրսներ, պետք է ապավինի արևի էներգիային: Իսկ Հայաստանն արևի էներգիայի պաշարներով լավ դիրքում է:
-Տնտեսության ո՞ր ճյուղերում կարելի է օգտագործել Ձեր ծրագիրը:
-Գյուղատնտեսության ոլորտում` հատկապես վերամշակող արդյունաբերության մեջ:
- Ծրագրին քաջատեղյակները մի հակափաստարկ են մատնանշում` արևից ստացված էներգիան բավական թանկ է…
-Չէ, սխալվում են: Հակափաստարկ բերողները նկատի ունեն ֆոտովոլտային էլեմենտների ուղղությունը: Դա թանկ է, և մենք դրանից չենք օգտվում: Մենք արևի էներգիան ուղղակի օգտագործում ենք, որը շատ էժան է, անվտանգ, էկոլոգիապես մաքուր: Մարդիկ կան, որոնք, չգիտես ինչու, չեն ցանկանում, որ Հայաստանում զարգանա արևային տեխնիկան:
-Էժան ասելով`ինչքա՞ն նկատի ունեք: Կոնկրետ թիվ կասե՞ք:
-Մեկ կվտ ժամ ջերմային էներգիան արժե 0,32 դրամ:
-Կա՞ն գործարարներ Հայաստանում, որոնք հետաքրքրված են Ձեր ծրագրով:
-Մեր գործարարները մի քիչ ուրիշ են: Հետաքրքրված կլինեն ցանկացած ծրագրով, եթե այն եկամտաբեր լինի: Բայց եկամուտ ստանալուց առաջ պետք է փող ծախսել:
-Որքա՞ն ներդրում պետք է արվի Ձեր ծրագիրը կյանքի կոչելու համար: Մյուս հակափաստարկը, ի դեպ, սա է, որի մասին խոսում են Ձեր ընդդիմախոսները. մեծ գումարներ են անհրաժեշտ հելիոֆիկացիայի ծրագիրը կյանքի կոչելու համար:
-Ներդրում անել պետք չէ: Պետք է մեր կառավարությունը նորմատիվ ակտեր ընդունի, հայտարարի, որ կողմ է արևի էներգիայի զարգացմանը և թույլ տա, որ մարդիկ աշխատեն: Մենք գումար չենք ուզում, որ գումար ունենայինք, 4 դրամով հոսանքը չէին թանկացնի: Արևային տեխնիկայի արտադրության շնորհիվ կարող ենք ունենալ 600-800.000 աշխատատեղ:
Ի դեպ, ասեմ, որ այսօր եղել եմ Իրանի դեսպանատանը: Ծրագիրն ուղարկեցի Իրան, որը հետաքրքրված է Հելիոֆիկացիայի ծրագրով, թեպետ նա ունի էներգետիկ մեծ ռեսուրսներ: Հոսանքի թանկացման մասին խոսում են գրեթե բոլորը, բայց ոչ ոք անգամ ընդդիմադիրները չեն առաջարկում քննարկում կազմակերպել Հելիոֆիկացիայի ծրագրի համար, որի կյանքի կոչելն այսօր մեր երկրի համար ուղղակի անհրաժեշտ է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

