«ԵՍ ԿԱՐԵՆԻ ՀԱՄԱՐ ԷՆՔԱՆ ԲԱՆ ԵՄ ԱՐԵԼ». ԱՐՏԱՎԱԶԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվ 12-16«ԵՍ ԿԱՐԵՆԻ ՀԱՄԱՐ ԷՆՔԱՆ ԲԱՆ ԵՄ ԱՐԵԼ». ԱՐՏԱՎԱԶԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մոտ երկու ամիս առաջ լրատվական կայքերը ողողվեցին վանաձորցի ութամյա Էրիկի մասին հիվանդության պատմությամբ:Այն ուշագրավ է այնքանով, որ երեխայի բուժման համար փոխանցված գումարը հրապարակաումների համաձայն յուրացվել էր դերասան Արտավազդ Հովհաննիսյանի կողմից: Իսկ հասույթը հավաքվել էր դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման համար կազմակերպված բարեգործական համերգից:Արտավազդ Հովհաննիսյանը, լրատվականներից մեկի հետ զրույցում հերքել էր իր կողմից գումարի յուրացման փաստը և տեղեկացրել, որ ինքը գումարը փոխանցել է երեխայի ընտանիքին:
Այս ամենի մասին իրազեկվել է նաև դերասան, ազատամարտիկ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում դերասանի հայրը` Գրիշա Մկրտչյանն ասաց, որ Հայաստան վերադառնալուն պես Կարենը, ով զայրացած է տեղի ունեցածից, Արտավազդ Հովհաննիսյանի հետ խոսելու է այդ թեմայով: «Կարենն իրեն վատ զգաց, երբ իմացավ, որ նման բան է եղել: Զանգեց ինձ և ասաց... դե երևի տեսել եք` ցույց տվեցին հեռուստացույցով, լրագրողները գրեցին: Զանգեց ինձ Կարենը և ասաց` պապա, 200.000 դրամ պարտք արա, տար տուր էդ երեխուն, հետո կգամ ու էդ հարցերը կլուծեմ: Բայց հետո իմացանք, որ Արտավազդը գումարը փոխանցել է, ուղղակի ուշացած: Իսկ թե ինչու է ուշացել, դրա համար ինքը պատասխան կտա: Կարենն ասել է ինձ, որ գալու եմ տեսնեմ Արտավազդին: Որդիս ինձ ասաց.«ես էնտեղ (նկատի ունի Գերմանիայում-խմբ.) իմանում եմ, որ էդ երեխան էդ վիճակում է, ասում եմ տվեք էդ գումարը երեխային, իսկ նա (նկատի ունի Արտավազդին-խմբ.)երեխայի գումարը վերցնում է»: Լավ կազմակերպել ես համերգը, լավ ես արել, բայց էդ գումարը ինչի՞ ես վերցնում»:
«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել նաև Ռուսաստանում գտնվող դերասան Արտավազդ Հովհաննիսյանի հետ: Վերջինս, ասաց, որ Հայաստան գալուն պես շատ բաներ է հանելու ջրի երես:
Ինչ վերաբերում է նրա և Կարենի ապագա հանդիպմանը, Արտավազդ Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ես ոչ մեկից ոչ մի տեղ չեմ փախչում: Այդ խոսակցությունը պետք է լինի, որ Կարենի համար ամեն ինչ պարզ լինի: Այս ամենն ուղղակի թյուրիմացություն է եղել: Կարծում եմ` ժամանակն է, որ այս պատմությունը փակվի»:
Արտավազդ Հովհաննիսյանը պնդում է` այդ գումարն իրեն պետք չէր. «Ես Կարենի համար էնքան բան եմ արել ու անշահախնդիր. տեսահոլովակ եմ նկարահանել, թատրոնի միջազգային օրը միջոցառում եմ կազմակերպել, որին անմիջական կապ են ունեցե՛լ Կարենի գրեթե բոլոր ընկերները Կարենի հետ: Բոլորը շատ գոհ են եղել: Էլի շատ բան եմ արել, պարզապես չեմ ուզում այդ ամենի մասին բարձրաձայնել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

