Ոստիկանները խփում են, քաշքշում, ոլորում ակցիայի մասնակիցների ձեռքերը
Արխիվ 12-16Ոստիկանները խփում են, քաշքշում, ոլորում ակցիայի մասնակիցների ձեռքերը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան: Այն բանից հետո, երբ ակտիվիստների պահանջը չկատարեցին եւ թույլ չտվեցին մասնակցել հանրային հանձնաժողովի նիստի քննարկումներին 10 հոգանոց խմբով (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխարենը առաջարկում են մասնակցել միայն 2 հոգով), ի նշան բողոքի` ակտիվիստները փակեցին Սարյան փողոցը: Ոստիկանները անցել են իրենց ծանոթ հին մեթոդներին և բռնի ուժ են գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ոստիկաններին օգնության են եկել նաև կարմիր բերետավորները: Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ սկսվել է քաշքշոց, կարմիր բերետավորները օղակի մեջ են առել ակցիայի մասնակիցներին: Լարված իրավիճակը փորձում են մեղմել քաղաքական գործիչները: Սարյան փողոցը փակ է: Ակցիայի մասնակիցները նստել են ասֆալտին և չեն հեռանում: Ոստիկանները խփում են, քաշքշում, ոլորում ակցիայի մասնակիցների ձեռքերը, փորձում են տեղափոխել բաժին` չնայած փոխոստիկանապետ Վարդան Օսիպյանի` ավելի վաղ արված կոչին` «Այսօր բաժին մարդ չտարվի»:
Նշենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ եթե հանրությունը դեմ է, ապա պետք է կանգ առնել և քննարկումները շարունակել: Նա նշեց, որ քննարկումները կարող են շարունակվել, քանի որ մինչ օգոստոսի 1-ը ժամանակ կա: Սակայն, թանկացման մասին որոշումն ընդունվեց միաձայն: Նախնական գինը՝ 41.85 դրամ 1 կվտ-ի դիմաց, հաստատվեց: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

