ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ` ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ` ԳԼԽԱՑԱՎԱՆՔ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Իսլամական ծայրահեղական կազմակերպությունը հունիսի 29-ին հայտարարել է իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը, որը ընդարձակ տարածքներ է վերահսկում Իրաքում և Սիրիայում, ըստ կառույցի մամուլի հետ կապերի պատասխանատու Աբու Մուհամադ ալ-Ադնանիի կողմից հունիսի 29-ին հրապարակված ձայնագրության, հայտարարել է «Իսլամական խալիֆայություն» հիմնելու մասին:
Հաղորդագրության համաձայն՝ ԻՇԻՊ-ը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը, նրա փոխարեն ստեղծվել է «Իսլամական Պետություն» (Խալիֆայություն), որի կազմում ներառվում են բացառապես բոլոր մուսուլմանական պետություններն, այդ թվում՝ «օկուպացված իսլամական տարածքները»՝ Իրանը և Իսրայելը:
Արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, խոսելով ծայրահեղական այս կառույցի մասին, ասաց, որ այն բավական կայացած է, ունի հզոր ֆինանսական ու ռազմական ներուժ. «2013-ից Սիրիայում արդեն որոշակի տարածքներ անցել էին այս կառույցի վերահսկողության ներքո, իսկ արդեն 2014-ին տեսնում ենք, որ կառույցը ընդլայնել է գործունեության իր սահմանները»:
Սակայն նորաստեղծ այս կառույցը մեծ գլխացավանք կարող է լինել Թուրքիայի համար, քանի որ կառույցի ղեկավարները բազմիցս հայտարարել են այն մասին, որ Անկարայի վարած քաղաքականությունը չի բխում իրենց շահերից:
Քանի որ կառույցը ծայրահեղական իսլամական կազմակերպություն է, այն ըստ բանախոսի, կարող է վտանգավոր լինել էթնոդավանական խմբերի համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

