ՉԻՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԳԱԼՒՍ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ» ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Արխիվ 12-16ՉԻՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԳԱԼՒՍ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ» ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Ամռանը յուրաքանչյուրն իր հանգիստը յուրովի է անցկացնում: Ոմանք նախընտրում են հանգիստն անցկացնել ծովափնյա վայրերում, ոմանք էլ հաճելին համատեղել օգտակարի հետ և հանգստին զուգահեռ ծանոթանալ նաև հյուրընկալող երկրի ավանդույթներին, պատմությանն ու հնադարյան մշակույթին: Հայաստանն այս առումով մեր երկիր այցելող զբոսաշրջիկների համար բավականաչափ հետաքրքիր է և պատահական չէ, որ ինչպես տեղեկացնում է «Արմենիան թրավել» տուրիստական ընկերության նախագահ ՄԱՐԻՆԱ ԿՊՐՅԱՆԸ, մոտավորապես ամեն տարի Հայաստան է այցելում մոտ 800.000 զբոսաշրջիկ: Հայաստան այցելում են աշխարհի տարբեր երկրներից` Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Իսպանիայից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից. «Ռուսաստանից Հայաստան այցելողները եւ մեր երկրով հետաքրքրվողները հիմնականում զարգացնում են կորպորատիվ տուրիզմը, այսինքն` գալիս են Հայաստան, կազմակերպում գիտաժողովներ և ծանոթանում մեր երկրի տեսարժան վայրերին, մեր մշակույթին և պատմությանը»:
Զբոսաշրջիկները առանձնահատուկ հետաքրքրված են Արցախի գեղատեսիլ վայրերով ու Արցախ աշխարհով ընդհանրապես. «Հիշում եմ` մի անգամ Իսրայելից մեծ թվով զբոսաշրջիկներ էին եկել Արցախ, որն առաջացրել էր հարևան Ադրբեջանին զայրույթը»:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Հայաստանում յոթօրյա հանգիստը մեկ հոգու համար առանց ավիատոմսի արժեքը ներառելու արժե միջինը 1000 եվրո:
Ի դեպ, ինչպես նշեց Մարինա Կպրյանը, այս պահին ընթացքի մեջ է Չինաստանի հետ ստորագրվելիք պայմանագիրը: Այն հնարավորություն կտա չինացի զբոսաշրջիկներին հանգստանալ Հայաստանում: «Պարզապես կա մի խնդիր` չպետք է զբոսաշրջության զարգացումն առաջին հերթին պայմանավորել շատ մարդկանց հոսքով: Չինացիների պարագայում կոնկրետ վտանգն այն է, որ նրանք երբեմն այցելելով որևէ երկիր հանգստանալու նպաակով ընդմիշտ հաստատվում են այդտեղ, ընտանիք ստեղծում: Վրաստանն օրինակ արդեն փակել է մուտքը չինացի զբոսաշրջիկների առաջ»,-եզրափակեց Մարինա Կպրյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

