ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՙԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹՈՒՄ՚ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ
Արխիվ 12-16
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՙԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹՈՒՄ՚ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ
Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ ֆոտոլրագրող Սոնա Ադամյանի "Երկխոսություն Կապույտ մզկիթում" անհատական ֆոտոցուցահանդեսի բացումը, որին ներկա էին հայ և իրանցի մտավորականներ, արվեստասերներ, նաև պաշտոնատար անձիք` Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսին և Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Մաջիթե Մեշկին: Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսին բարձր գնահատեց ֆոտոլրագրողի կատարված աշխատանքը եւ առաջարկեց մի քանի լուսանկար վերցնել` Կապույտ մզկիթում մշտական ցուցադրության: Հեղինակն իր ցուցահանդեսն անվանել է "Երկխոսություն Կապույտ մզկիթում", քանի որ ըստ նրա, Երեւանի մահմեդական միակ աղոթատունը` Կապույտ մզկիթը, հայ եւ իրանական մշակույթների երկխոսության խորհրդանիշն է,
դա նաեւ այն վայրն է, որտեղ Իրանի ժողովուրդը երկխոսում է իր աստծո` Ալլահի հետ, իսկ ցուցահանդեսն էլ իր հերթին երկխոսության ձև էր մեր և իրանական մշակույթի միջև: Երկու շաբաթ տևած աշխատանքների արդյունքում ստեղծված հազարավոր լուսանկարներից ցուցահանդեսում ներկայացված են 30-ը: Իմամ Հաջի աղա Շաջաանիի ընտանիքի օրինակով երկխոսության դրսեւորումները ներկայացվում են ոչ միայն կրոնական համատեքստում, այլ նաեւ ազգային, մշակութային առանձնահատկությունների դիտանկյունից: Նախագիծն իրականացվել է "Քաղաքացիական ֆորում" ՀԿ-ի, Եվրախորհրդի աջակցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 4-ը (Երևան, Մաշտոցի 12, Կապույտ մզկիթ): Մուտքն ազատ է:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

