ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՅՔԱՐԻ
Արխիվ 12-16ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՅՔԱՐԻ
ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան ու երաժիշտ ԱՐԱ ԳՈՎՈՐԳՅԱՆԻՆ այսօր անհանգստացնում է ոչ թե համացանցը ողողած իր «Արցախ» ստեղծագործությաւն տակ պարող պորտապարուհին, այլ այն, որ «Արցախը» հնչում է Ադրբեջանի կառավարական միջոցառումների ժամանակ ու ներկայացվում իբրեւ ադրբեջաբնական ստեղծագործություն. «Ես մեծ պայքար եմ ուզում սկսել իմ երաժշտությունն օգտագործող պետության` Ադրբեջանի դեմ, որն այսօր իրենց պետական միջոցառումներում հնչեցնում է իմ ստեղծագործությունը: Սա ավելի կարեւոր է, քան ինչ-որ մի պորտապարը»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստն ու պատմում դրա նախապատմությունը,- «2002 թվականին իմ երաժշտությունը` «Արցախը», հնչեց Օլիմպիական խաղերում, եւ պարեց ռուս մարզիկ, հետո 4 տարի
անց, հաջորդ Օլիմպիական խաղերում` 2006 թվականին, Թուրինի Օլիմպիական խաղերում պարեց վրացուհի Ելենա Գեդեվանիշվիլին: Երկու դեպքում էլ, մեկնաբանները հայտարարեցին, որ հայ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի ստեղծագործությունն է: Շատ լավ է, ուրախ եմ դրա համար, բայց դրա համար ամբողջ երկրագնդից ես որեւէ արձագանք չստացա: 2007 թվականից սկսվեց այս երաժշտության «պատմությունը»: Ռուսական Առաջին ալիքի «Սառցե շրջան» հաղորդման ժամանակ օգտագործվեց իմ նույն «Արցախը», եւ հայտարարվեց, որ գեղասահորդները ներկայացնում են հայկական պար, բայց, չգիտես ինչու, այն սկսվեց ադրբեջանական դուդուկով, որի պոչից կպցրել էին իմ «Արցախը»: Գիտեն, որ դուդուկը հայկական ազգային գործիք է, եւ օգտագործել էին որպես դանդաղ մաս, իսկ «Արցախը»` օգտագործել արագ մաս, բայց չէին իմացել, որ նվագում է ադրբեջանցի եւ նվագում է ադրբեջանական շատ հայտնի «Սենե դե գալմազ» երգը: Այդ եթերից հետո բոլոր ադրբեջանցիները` Մոսկվայում ապրող, զանգահարում են իրենց դեսպանին` Փոլադ Բուլբուլօղլուն, նա էլ` զանգահարում է ռուսական Առաջին ալիք, թե այս ինչ է կատարվում, մեր ադրբեջանական երաժշտությունը միացրել եք ու հայկական պար հայտարարել: Նրան էլ ասում են` մենք սա վերցրել ենք Արա Գեւորգյանի «Անի» ձայնասկավառակից` «Արցախ» երգն է: Այսինքն` դեսպանին կիսատ են պատմում պատմությունը: Դեսպանն էլ, փոխանակ իմ ձայնասկավառակը մի անգամ լսի կամ այդ հաղորդումը մի անգամ դիտի, հաջորդ օրը հայտարարում է, որ Արա Գեւորգյանը գողացել է մեր «Սենե դե գալմազ» երգն ու անունն էլ դրել «Արցախ»: Դրանից հետո ես դիմեցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ այն տարիներին Մոսկվայում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին եւ նրանց համառության ու իմ բոլոր փաստարկները ներկայացնելու շնորհիվ Ադրբեջանի դեսպանը` Փոլադ Բուլբուլօղլին, որը նախկինում եղել է Ադրբեջանի մշակույթի նախարարը եւ երգիչ է, ներողություն խնդրեց: Հիմա այդ ներողության մասին 7 տարի է խոսում ենք, հայերեն ենք խոսում, բոլոր հայերն իմանում են այդ մասին, բայց ադրբեջանցիները երեւի թե տեղյակ չեն, որ իրենց դեսպանն ինձնից պաշտոնապես ներողություն է խնդրել: Իմ այդ երաժշտությունը, որտեղ ձայնագրության մեջ նվագում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, դուդուկը` Ջիվան Գասպարյանը, դաշնամուրային մասը` նվագում եմ ես: Հիմա «Արցախը» հնչում է ադրբեջանական պաշտոնական միջոցառումների ժամանակ: Ալիեւը նստած է, իրենց ՈՒՀԱ-ն է խաղում ու օգտագործում իմ «Արցախ» երաժշտությունը»:
«Իրավունքի» հետ զրույցում Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ մտադիր է բոլոր փաստերով ու նյութերով, որ այդ երաժշտությունը պատկանում է միայն Արա Գեւորգյանին, նամակ ուղարկել Ադրբեջանի հեղինակային իրավունքների կենտրոնին, Կոմպոզիտորների միությանը, նախագահին, Մշակույթի նախարարությանը եւ իրենց ՈՒՀԱ-ի լիգային. «Սա ավելի կարեւոր է ինձ համար, քան ինչ-որ հարսանիքում մի պորտապար պարող մեկը»,- եզրափակեց Ա. Գեւորգյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

