ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉՀԵՐԻՔԵՑ
Արխիվ 12-16ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉՀԵՐԻՔԵՑ
Լեհական Կատովիցեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է 3 մեդալ. ոսկե մեդալակիր է դարձել Հրանտ Կալաչյանը, ով պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից եւ, հասնելով եզրափակիչ, 4:1 հաշվով հաղթել էր ռուս Ալեքսեյ Տադուկին: Առաջնության առաջին օրը Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել նաեւ Գեւորգ Ղարիբյանը, ով ոսկե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային կարգում: Եվ 96 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Կարեն Աբգարյանը: ՙԱռաջնության արդյունքները գնահատում եմ նորմալ՚,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց Հայաստանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԼԱՐՅԱՆԸ:
-Ինչ կասեք Եվրոպայի առաջնության չեմպիոնների` Հրանտ Կալաչյանի եւ Գեւորգ Ղարիբյանի ելույթների մասին:
- Դե, հաղթողներին չեն քննադատում…
- Այսինքն` կային թերություններ:
- Այո` կային. դե, թերություններ միշտ էլ լինում են:
- Կարեն Աբգարյանը նվաճեց բրոնզե մեդալ, հավաքականի մյուս հինգ մարզիկները վերադարձան` առանց մրցանակային տեղերի: Նրանց մեջ կայի՞ն մարզիկներ, որոնք իրենց ուժերից ցածր ներկայացան:
- Այո, կային: Կնշեմ 55 կգ քաշային Արթուր Սիմոնյանին, 84 կգ քաշային կարգում հանդես եկող Վարուժան Գրիգորյանին եւ Արմեն Հակոբյանին:
- Իսկ ի՞նչը խանգարեց մարզիկներին:
- Գիտեք, ճիշտն ասած, չգիտեմ, ինչ-որ բան չհերիքեց, չկարողացան… Իրենց մեղավորությունն էր:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի երիտասարդական հավաքականը:
- Հավաքականը կանցկացնի երկու ուսումնամարզական հավաք եւ կմասնակցի մեկ միջազգային մրցաշարի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

