«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԻ ԹԵ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԴԵՍՊԱՆՆ ԻՆՁՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ»
Արխիվ 12-16«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԻ ԹԵ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ,
ՈՐ ԻՐԵՆՑ ԴԵՍՊԱՆՆ ԻՆՁՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ»
Գրեթե մեկ շաբաթ է համացանցը ողողված է մի տեսանյութով, որտեղ ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան ու երաժիշտ Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը ներկայացվում է պորտապարով: Այդ դառը իրականությունը բարկացրել է բոլորին, սական երգահանին բարկացնում է ոչ թե իր գործը պորտապարի վերածելու երեւույթը, այլ այն, որ Ադրբեջանում հնչում է այդ նույն ստեղծագործությունն ու համարվում ադրբեջանական:
-Ես ի՞նչ նախաձեռնություն պիտի անեմ` գնամ մարդկանց արգելե՞մ, պարզապես անճաշակ են օգտագործում ստեղծագործությունը: Ես մեծ պայքար եմ ուզում սկսել իմ երաժշտությունն օգտագործող պետության` Ադրբեջանի դեմ, որն այսօր իրենց պետական միջոցառումներում հնչեցնում է իմ ստեղծագործությունը:
Սա ավելի կարեւոր է, քան ինչ-որ մի պորտապարը:
««ԱՐՑԱԽԸ» ՀՆՉՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»
- Այն կարծեմ ունի իր նախապատմությունը:
- Այո, 2002 թվականին իմ երաժշտությունը` «Արցախը», հնչեց Օլիմպիական խաղերում, եւ պարեց ռուս մարզիկ, հետո 4 տարի
անց, հաջորդ Օլիմպիական խաղերում` 2006 թվականին, Թուրինի Օլիմպիական խաղերում պարեց վրացուհի Ելենա Գեդեվանիշվիլին: Երկու դեպքում էլ, մեկնաբանները հայտարարեցին, որ հայ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի ստեղծագործությունն է: Շատ լավ է, ուրախ եմ դրա համար, բայց դրա համար ամբողջ երկրագնդից ես որեւէ արձագանք չստացա: 2007 թվականից սկսվեց այս երաժշտության «պատմությունը»: Ռուսական Առաջին ալիքի «Սառցե շրջան» հաղորդման ժամանակ օգտագործվեց իմ նույն «Արցախը», եւ հայտարարվեց, որ գեղասահորդները ներկայացնում են հայկական պար, բայց, չգիտես ինչու, այն սկսվեց ադրբեջանական դուդուկով, որի պոչից կպցրել էին իմ «Արցախը»: Գիտեն, որ դուդուկը հայկական ազգային գործիք է, եւ օգտագործել էին որպես դանդաղ մաս, իսկ «Արցախը»` օգտագործել արագ մաս, բայց չէին իմացել, որ նվագում է ադրբեջանցի եւ նվագում է ադրբեջանական շատ հայտնի «Սենե դե գալմազ» երգը: Այդ եթերից հետո բոլոր ադրբեջանցիները` Մոսկվայում ապրող, զանգահարում են իրենց դեսպանին` Փոլադ Բուլբուլօղլուն, նա էլ` զանգահարում է ռուսական Առաջին ալիք, թե այս ինչ է կատարվում, մեր ադրբեջանական երաժշտությունը միացրել եք ու հայկական պար հայտարարել: Նրան էլ ասում են` մենք սա վերցրել ենք Արա Գեւորգյանի «Անի» ձայնասկավառակից` «Արցախ» երգն է: Այսինքն` դեսպանին կիսատ են պատմում պատմությունը: Դեսպանն էլ, փոխանակ իմ ձայնասկավառակը մի անգամ լսի կամ այդ հաղորդումը մի անգամ դիտի, հաջորդ օրը հայտարարում է, որ Արա Գեւորգյանը գողացել է մեր «Սենե դե գալմազ» երգն ու անունն էլ դրել «Արցախ»: Դրանից հետո ես դիմեցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ այն տարիներին Մոսկվայում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին եւ նրանց համառության ու իմ բոլոր փաստարկները ներկայացնելու շնորհիվ Ադրբեջանի դեսպանը` Փոլադ Բուլբուլօղլին, որը նախկինում եղել է Ադրբեջանի մշակույթի նախարարը եւ երգիչ է, ներողություն խնդրեց: Հիմա այդ ներողության մասին 7 տարի է խոսում ենք, հայերեն ենք խոսում, բոլոր հայերն իմանում են այդ մասին, բայց ադրբեջանցիները երեւի թե տեղյակ չեն, որ իրենց դեսպանն ինձնից պաշտոնապես ներողություն է խնդրել: Իմ այդ երաժշտությունը, որտեղ ձայնագրության մեջ նվագում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, դուդուկը` Ջիվան Գասպարյանը, դաշնամուրային մասը` նվագում եմ ես: Հիմա «Արցախը» հնչում է ադրբեջանական պաշտոնական միջոցառումների ժամանակ: Ալիեւը նստած է, իրենց ՈՒՀԱ-ն է խաղում ու օգտագործում իմ «Արցախ» երաժշտությունը:
«ՍԱ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆ ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՍԱՆԻՔՈՒՄ ՊՈՐՏԱՊԱՐ ՊԱՐՈՂ ՄԵԿԸ»
- Բայց նշվո՞ւմ է, որ այն Ձեր ստեղծագործությունն է:
- Ոչ, իհարկե չի նշվի այդ մասին: Բրյուսելում ադրբեջանաբրյուսելյան համերգի ժամանակ հաղորդավարը պատմում է, թե ինչ համերգ է սպասվում իրենց, ու այդ խոսակցության տակ հնչում է իմ «Արցախ» ստեղծագործությունը: Նախիջեւանի գովքն են անում` զբոսաշրջիկների համար, նորից հնչում է իմ «Արցախը»:
- Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել:
- Դիմել եմ բոլոր մարդկանց, ովքեր շահգրգռված են ու կարող են ինձ օգնել: Եկե'ք մի նամակ պատրաստենք, որի մեջ կդնենք բոլոր փաստերը, որ այդ երաժշտությունը պատկանում է միայն եւ միայն Արա Գեւորգյանին: Ես ունեմ դրա հեղինակային իրավունքները` ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում, «Հայհեղինակում», ռուսական, ֆրանսական, ամերիկյան եւ ճապոնական հեղինակային իրավունքների կենտրոններում: Բոլոր տեղերում գրանցված է, որ դա իմ սեփական երաժշտությունն է: Ես այս նամակն ուզում եմ ուղարկել Ադրբեջանի հեղինակային իրավունքների կենտրոնին, Կոմպոզիտորների միությանը, նախագահին, Մշակույթի նախարարությանը եւ իրենց ՈՒՀԱ-ի լիգային: Սա ավելի կարեւոր է ինձ համար, քան ինչ-որ հարսանիքում մի պորտապար պարող մեկը: Դրա մեղավորը նա է, ով «Յութուբում» տեղադրել է այդ տեսանյութը: Այլապես, քանի՞ հարսանիքներում է հնչել ու հնչում այն, ու ինչ այլանդակ ձեւով ասես նվագում են «Արցախը» կամ պարում դրա տակ: Բայց ես ո՞ր մեկի հետեւից ընկնեմ, ի՞նչ անեմ, նստեմ մեքենաս` գնամ դրանց գտնե՞մ... Ի՞նչ կարող եմ անել: Դրա համար եկեք կարեւորի մասին հոգանք, քանի որ ավելի պատվաբեր է, որ Ադրբեջանի դեսպանը ժամանակին ներողություն է խնդրել ինձանից, իսկ ադրբեջանցիները դրա մասին տեղյակ չեն եւ այդ երաժշտությունն օգտագործում են` կարծես իրենցն է: Ես մենակ այս հարցը չեմ կարող լուծել, բոլոր նյութերն ու փաստերն ունեմ, իրենց կանչենք դատարան, ասենք` դուք իմ երաժշտությունն ինչո՞ւ եք ձեր միջոցառումներում օգտագործում, վճարեք բարոյական վնասը: Թող իրենք մի դոլար վճարեն այդ բարոյական վնասի համար, որ չթվա, թե գումարի համար ենք անում: Դրանից հետո ադրբեջանցին կյանքում չի համարձակվի մեզ գող անվանել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

