ՀՐԱԺԱՐՎԵՔ ՍՈՒՐՃԻՑ, ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԵՐԵՔ...
Արխիվ 12-16ՀՐԱԺԱՐՎԵՔ ՍՈՒՐՃԻՑ, ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԵՐԵՔ...
- Խնդրում եմ` ասեք, ի՞նչ է պետք անել արեւահարության ժամանակ. խորհուրդ են տվել շատ հեղուկ օգտագործել, ճի՞շտ է: Նաեւ ասացեք` ի՞նչ սնունդ է պետք օգտագործել ամռան ամիսներին:
Հարցին պատասխանում է ՀՀ ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գաստրոէնտերոլոգ, սննդաբան ԱՆՆԱ ՉԵՐՉԻՆՅԱՆԸ.
- Ամռան ամիսներին հարկ է ճիշտ սննդակարգ պահպանել: Սնվել որոշակի ժամերի: Ստորեւ ներկայացված բոլոր խորհուրդները ցուցված են միայն առողջ մարդկանց համար: Այլ տեսակի հիվանդությունների առկայության դեպքում հարկ է խորհրդակցել բուժող բժշկի հետ: Շոգին խորհուրդ է տրվում սահմանափակել ընդունած սննդի չափաբաժինը: Նախաճաշը պետք է լինի կալորիաներով հարուստ, իսկ ընթրիքը պետք է հնարավորինս քիչ կալորիաներ պարունակի: Ամռանը պետք է հրաժարվել կալորիաներով հարուստ սննդամթերքից, քանի որ բարձր ջերմության դեպքում մեզ քիչ էներգիա է հարկավոր: Սնունդն ընդունեք գոլ վիճակում: Միայն այս դեպքում այն կարող է արագ յուրացվել եւ էներգիա փոխանցել օրգանիզմին: Հրաժարվեք նաեւ սառը սննդամթերքից: Ցանկալի է նախաճաշել մինչեւ առավոտյան 8-ն ընկած ժամանակահատվածում: Ճաշեք մինչեւ կեսօր, իսկ ընթրել պետք է 18.00-19.00 ընկած ժամանակահատվածում: Առավոտյան նախաճաշ կարող են հանդիսանալ տարբեր տեսակի շիլաները, ի դեպ, ինչպես քաղցր` չորացրած մրգերով, մեղրով, այնպես էլ աղի` ընկույզով եւ պանրով: Ընթրիքին կարելի է օգտագործել կաթնաթթվային սննդամթերք: Օրինակ` կեֆիր կամ յոգուրտ` թարմ մրգերով եւ հատապտուղներով: Այն պետք է լինի ոչ յուղոտ:Ուշադրություն դարձրեք սննդամթերքի վրա առկա պահպանման ժամկետին: Կաթնաթթվային սննդամթերքն ունի կարճատեւ պահպանման ժամկետ: Իսկ կաթնամթերքի հանդեպ պետք է հատկապես զգույշ լինել ամռան ամիսներին: Ցանկալի չէ կաթնամթերքը համադրել բանջարեղենի կամ մրգեղենի հետ: Բարձր են այս պարագայում սննդային թունավորման ռիսկերը: Թարմ կանաչեղեն եւ համեմունքներ օգտագործեք: Հրաժարվեք կարմիր պղպեղից եւ իմբիրից: Սեւ պղպեղ կարելի է: Պանրի ոչ յուղոտ տեսակները նույնպես ցանկալի է սննդակարգում ներառել: Մի մոռացեք բանջարեղենի մասին: Ի դեպ, բանջարեղենը կարող եք համտեսել ոչ միայն թարմ, այլեւ եփած, շոգեխաշած եւ խորոված: Խորհուրդ չի տրվում բանջարեղենը համադրել մայոնեզի կամ յուղոտ թթվասերի հետ: Ամառային աղցանները կարող եք համեմել կիտրոնի մզվածքով, ձիթապտղի յուղով, անյուղ յոգուրտով: Բնականաբար, ամռան ամիսներին պետք է օգտագործել սեզոնային մրգեր: Աշխատեք, որ ձեր սեղանին լինեն տվյալ սեզոնին հատուկ բոլոր տեսակի մրգերը.
- հունիս` բալ, ելակ, կեռաս
- հուլիս` մորի, կարմիր կամ սեւ հաղարջ, ազնվամորի, ծիրան
- օգոստոս` խնձոր, դեղձ, սեխ, ձմերուկ:
Մրգերը պետք է օգտագործել օրվա առաջին հատվածում, քանի որ նրանք արագ են յուրացվում: Կարող եք մրգային աղցաններ պատրաստել. սմուզի, նախուտեստներ, սառն ապուրներ…Ամռանը պետք է ուշադրություն դարձնել հացի որակին: Այն պետք է լինի կոպիտ աղացած ալյուրից: Հրաժարվեք սպիտակ հացից:Սպիտակուցը մեր օրգանիզմի համար շինանյութ է համարվում: Այն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակահատվածում: Սակայն ամռանը խորհուրդ է տրվում քչացնել մսի ընդունման քանակը: Շաբաթական երկու անգամից ոչ ավելի է պետք օգտագործել այն: Ի դեպ, ձկնեղենում առկա սպիտակուցն ավելի արագ է յուրացվում օրգանիզմում, քան մսամթերքինը: Ուստի` պետք է մասնակի հրաժարվել մսամթերքից, փոխարինելով այն ձկնեղենի տեսակներով եւ ծովամթերքով: Վերոնշյալ սննդամթերքը կարելի է համադրել բանջարեղենով: Իսկ հում ձկնեղենից հարկ է հրաժարվել տարվա այս եղանակին: Նույնպես բարձր են թունավորման ռիսկերը: Ամառային սննդակարգից բացառեք տորթերն ու այլ տեսակի կալորիաներով հարուստ սննդամթերքը, քանի որ աղեստամոքսային տրակտի համար այն համարվում է դյուրամարս սնունդ: Վերջինս կարող է սննդային թունավորման պատճառ հանդիսանալ:Տորթերը կարող եք փոխարինել մրգային աղանդերով. դոնդող, մուս եւ այլն: Ամռանը շատանում է քրտնարտադրությունը, քանի որ շատ ջուր ենք կորցնում, ինչի արդյունքում օրգանիզմը ջրազրկվում է: Ջրային պահոցներն օրգանիզմում հարկ է լրացնել: Շատ սառեցված ըմպելիքը` 20 աստիճանից ցածր, չի հագեցնում ծարավը: Ուստի մի շտապեք սառույցով ջրեղեն օգտագործել: Շոգին հրաժարվեք սուրճից: Այն ավելորդ լարվածություն է առաջացնում սրտի աշխատանքին եւ չի հագեցնում ծարավը: Հրաժարվեք նաեւ ալկոհոլային բոլոր տեսակի խմիչքներից, ինչպես նաեւ գազավորված քաղցր ջրեղենից: Սահմանափակեք կերակրի աղը: Շատ քանակությամբ աղը վնասակար է օրգանիզմի համար: Այն օրգանիզմում հեղուկի կանգ է առաջացնում: Խորհուրդ է տրվում խմել հանքային (սեղանի) կամ սովորական ջուր, ցանկալի է` առանց գազի. կոմպոտ, կիսել` թարմ մրգերից, մզվածքներ` մրգերից եւ բանջարեղենից: Օգտագործեք խոտաբույսերով թեյեր, կարելի է թեյ պատրաստել չորացրած մրգերով, մասուրով: Թարմ մզված մրգերի հանդեպ, ի դեպ, ուշադիր եղեք: Հիշեք, որ այն իրենից ֆրուկտոզա է ներկայացնում, որը անմիջապես ներծծվում է արյան մեջ: Շոգին մարդիկ հակված են արագ, կանգնած վիճակում ընդունել սնունդը, ինչը վնաս է ստամոքսի համար: Խոսքը ոչ միայն համբուրգերների եւ չիփսերի մասին է: Ամռանն ընդունված է նաեւ շատ քանակությամբ պաղպաղակ օգտագործելը: Վերջինս պարունակում է բազմաթիվ ճարպեր եւ շաքար: Շոգին ընդունած պաղպաղակը շատ արագ կարող է մրսածություն առաջացնել:
Հանգստի վայր մեկնելուց առաջ մի մոռացեք հաճախակի լվանալ ձեռքերը: Հրաժարվեք հյութը ապակյա տարայով կամ շշից խմելու վնասակար սովորությունից, քանի որ տարան, շշերը փոշի են պարունակում, իսկ փոշին` մանրէներ, որից կցանկանայիք պաշտպանված լինել: Ամռանը մոռացեք թարմ մսեղենի եւ ձկնեղենի մասին, որը երկար ժամանակ տաք միջավայրում է գտնվել: Մի մոռացեք բոլոր կերակրատեսակները սառնարանում պահել: Ոչ պիտանի սննդամթերքը կարող է լուրջ ստամոքսի խանգարման պատճառ դառնալ:
Ամառային արձակուրդի ժամանակ երբեմն մարդիկ ցանկություն են ունենում էկզոտիկ ճաշատեսակներ համտեսել: Սակայն նման փորձություններ ձեր ստամոքսը չի սիրում: Այդ իսկ պատճառով մինչ ճաշատեսակի համտեսումը ծանոթացեք բաղադրության հետ:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

