ՈՉ ԹԵ ՓՈՂՈՑՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՀՅՈՒԹԵՐ, ԱՅԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՋՈՒՐ ԿԱՄ ԹԵՅ ԽՄԵՔ
Արխիվ 12-16ՈՉ ԹԵ ՓՈՂՈՑՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՀՅՈՒԹԵՐ, ԱՅԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՋՈՒՐ ԿԱՄ ԹԵՅ ԽՄԵՔ
Նախորդ տարի Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ փողոցում վաճառվող զովացուցիչ ըմպելիքների որակի հետ կապված` հատկապես ՙկվաս՚ կոչվող հյութի, որը մարդկանց հրամցվում էր ոչ մեկանգամյա օգտագործման բաժակներով, խմելուց հետո տվյալ բաժակը կամ լվացվում էր, կամ չէր լվացվում, որից հետո էլ նույն բաժակը օգտագործում էր մեկ այլ անձ, եւ այսպես տասնյակ մարդիկ օգտվում էին նույն բաժակից: Սա հիգիենայի կանոններից դուրս է, քանի որ օրենքով նախատեսված է, որ փողոցում վաճառվող լցնովի հյութերը պետք է մատուցվի մեկանգամյա օգտագործման բաժակներով:Իսկ առհասարակ, քիչ չեն դեպքերը, երբ փողոցում հյութեր վաճառողները, օգտվելով այն հանգամանքից, որ ամառվա ընթացքում մարդիկ զովանալու համար շատ են օգտագործում ըմպելիքներ, հյութերի մեջ օգտագործում են տարբեր գունանյութեր միայն ՙհամ ու հոտ՚ տալու համար:
Այս տարի պատկերը համեմատաբար կարծես փոխվել է: Համենայնդեպսª դա է պնդում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ ԱԼՖՐԵԴ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ` ընդգծելով, որ փողոցներում ՙկվաս՚ այլեւս չի վաճառվում, քանի որ ձեռնարկված միջոցների շնորհիվ դրանք վաճառքից հանվել են: ՙՓողոցում վաճառվող զովացուցիչ ըմպելիքների առումով` վիճակը բավականին բարելավվել է: ՀՀ օրենքը թույլ է տալիս դրսում վաճառել գործարանային փաթեթավորմամբ ըմպելիքներ, սակայն այս դեպքում էլ պետք է պահպանվի անվտանգության բոլոր կանոնները: Գործարանային փաթեթավորմամբ հյութերն անվտանգ են, քանզի դրանց արտադրությունը կարգելվի, եթե դրանք անվտանգ չլինեն՚,- փաստեց Ա. Հունանյանը:
Իսկ որքանով են անվտանգ ոչ գործարանային արտադրության ըմպելիքները, այս առումով իհարկե ոչ ոք չունի ամբողջական տվյալներ: ՙՍպառողների խորհրդատվություն կենտրոն՚ հկ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում հավաստիացրեց, որ փողոցում վաճառվող ըմպելիքներից վերջին շրջանում չեն եղել թունավորումներ, քանի որ այսօրվա խիստ մրցակցությունը պարտադրում է, որ վաճառողը պահպանի սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը: Սակայն նա նկատեց, որ լցնովի հյութերի պարագայում, այնուամենայնիվ, եղել են խախտումներ: ՙ2014 թվականի ընթացքում նման խախտումներ դեռ չեն հայտնաբերվել, հուսով եմ, որ սննդի անվտանգության ծառայության կողմից վերահսկողությունը խիստ է: Մեկ կարեւոր հանգամանք եւս ասեմ, որ այսօր գրեթե բոլոր վայրերում շատացել են ավտոմատ սարքավորումները, որոնցից էլ օգտվում են մարդիկ: Դրանց առակայությունն է նաեւ, որ ստիպել է լցնովի հյութերի քանակի նվազմանը՚,- մեկնաբանեց Կարեն Չիլինգարյանը:
Մնում է միայն սպառողն ինքը պաշտպանի իր շահերը եւ փողոցից չգնի կասկածելի արտադրության ըմպելիքներ եւ դրանով չհարստացնի անբարեխիղճ տնտեսվարողների բյուջեն, մանավանդ այն դեպքում, երբ ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը մարդկանց հորդորում է ամառվա ընթացքում շատ օգտագործել հեղուկ` 2,5-3 լիտր օրական, սակայն խոսքը ոչ թե փողոցում վաճառվող հյութերի եւ այլ զովացուցիչ ըմպելիքների մասին է, այլ` սովորական ջրի կամ բուսական թեյի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

