Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: Հայաստանը 1993-ին միացել է ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոնվենցիային, իսկ ավելի ուշ` 2002-ին, Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված խոշտանգումների արգելքի կոնվեցիային: Չնայած սրան, Հայաստանում դեռ բավարար մակարդակով չեն պայքարում խոշտանգումների դեմ:
Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ վստահեցնում է` նախ, Հայաստանը թերանում է օրենսդրական առումով. ՙՀՀ Քրեական օրենսգրքում մինչ այժմ չի ամրագրվել հետեւյալ դրույթը` այն է` խոշտանգում նշանակում է անձին հասցված մտավոր եւ մարմնական ցավ պետության կողմից՚: Երկու ոլորտներում, ըստ Իշխանյանի, պատկերն առանձնապես տխուր է: Խոսքը վերաբերում է ոստիկանությանը եւ քրեակատարողական հիմնարկներին: ՙՄեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաքննության մեջ գտնվող 80 հոգու մեծ մասը, եթե` ոչ գրեթե բոլորը, ոստիկանության բաժանմունքներում ենթարկվել են ծեծ ու ջարդի: Որպես կանոն` խոշտանգվածների մեծ մասը փաստաբան չի ունեցել՚,- ասաց Իշխանյանը: Մյուս կարեւոր խնդիրը, որը շաղկապված է նախորդի հետ, այն է, որ խոշտանգող անձանց բացահայտելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում, մասնավորապես` եթե հարուցվում է քրեական գործ, ապա այն որոշ ժամանակ անց կարճվում է: ՙՄեր քաղաքացիները չեն հավատում, որ իրավական ճանապարհով կարելի է հասնել հաջողության եւ պատասխանատվության ենթարկել խոշտանգողներին: Այս պահին ընդամենը 10 գործ կա` խոշտանգումների գործով, որոնցով զբաղվում են մեր փաստաբանները: Ընդհանուր առմամբ, քաղաքացիներն իրավական ճանապարհով չեն փորձում հարցը լուծել՚,- մանրամասնեց Հելսինկյան կոմիտեի նախագահը: Իշխանյանը բարձրաձայնեց եւս մեկ կարեւոր հարց. եթե քաղաքացին հաղորդում է ներկայացնում` իրեն խոշտանգելու մասին, սակայն այն չի կարողանում ապացուցել, ապա տվյալ անձի դեմ հարուցվում է քրեական գործ` սուտ մատնության հոդվածով. ՙԵս դա վտանգավոր միտում եմ համարում՚: Քրեակատարողական հիմնարկներում եւս նույն վիճակն է` կա կոռուպցիա, ծեծ ու ջարդ, բայց բողոք չկա` պայմանավորված ՔԿՀ-ում տիրող ներքին վիճակով: