ԻՐԱԿԱՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16Որպես կանոն, գողը միշտ առաջինն է գոռում` ՙբռնեք գողին՚: Քաղաքականության մեջ էլ նույն կերպ է. եթե մի քաղաքական ուժը մեկ այլ քաղաքական ուժին մշտապես մեղադրում է նույն բաներում` օգտագործելով նույն տերմինաբանությունը, նշանակում է մեղադրողն իր անցյալում պետք է անպայման իր իսկ նշած երեւույթների մասնակիցը, եթե ոչ հիմնադիրը լինի:
Իրեն ընդդիմություն համարող նախկին իշխանության` ՀՀՇ-ՀԱԿ-ի ղեկավար ԼՏՊ-ի բառապաշարում ամենահաճախ օգտագործվող բառերից են ՙավազակապետությունը՚, ՙավազակապետերը՚ եւ ՙավազակները՚: Թե ինչու է 7 լեզվի տիրապետող ՙգիտնականն՚ իր բառապաշարը սահմանափակում նույնանման մի քանի արտահայտություններով, այդ մասին թող մտահոգվեն լեզվաբանները: Մենք պարզապես փորձենք փաստարկված օրինակով ներկայացնել, թե իրականում ինչ է ՙավազակապետություն՚ ասվածը: Թալան, քաղաքական սպանություններ, բռնություններ, կեղծիքներ, ամենաթողություն. այս ամենը խիստ բնորոշ էր ՀՀՇ-ի իշխանության շրջանին, իսկ այս ամենի գլուխ կանգնած ԼՏՊ-ն, իհարկե, կարող է հարմար դիրք գրավել եւ բոլոր հանցանքները բարդել իր շրջապատի որոշ մարդկանց վրա: Բայց մի±թե նա չգիտեր, թե ովքեր են իրեն շրջապատում: Բնականաբար, գիտեր, ավելին` ինքն էր նրանց ընտրում, ինչի բազմաթիվ ապացույցներից մեկը ներկայացնենք ստորեւ:
Վանո Սիրադեղյանի ՙքիլլեր՚ Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա բանդայի հանցավոր գործունեության, նրանց կողմից իրականացված քաղաքական սպանությունների, մահափորձերի եւ այլ հանցավոր գործողությունների մասին արդեն իսկ տեղյակ ենք (դրանց առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում): Տեղյակ ենք նաեւ, որ հանցավոր բանդայի անդամները Վանո Սիրադեղյանի կողմից 1992թ. աշխատանքի էին ընդունվել ՆԳՆ համակարգ: Իսկ նման քայլերը բացառվում է, որ կատարվեն առանց գլխավոր ավազակապետի իմացության եւ համաձայնության: Այստեղ առավել ուշագրավն այն է, որ մինչեւ ԼՏՊ-ի եւ Վանոյի կողմից ՙընտրվելը՚, ՆԳ համակարգ ընդունվելը եւ հանցավոր բանդա կազմավորելը Արմեն Տեր-Սահակյանը արդեն իսկ եղել է դատապարտված` իր կողմից կատարված հանցագործության համար, ինչի վերաբերյալ կա համապատասխան փաստաթուղթ: Ներկայացնում ենք 1990թ. տեղի ունեցած դատական նիստի վերաբերյալ փաստաթղթից մի քանի հատված, որտեղ ամբաստանյալը հենց Արմեն Տեր-Սահակյանն է. ՙ1990թ. հոկտեմբերի 9-ին ժողդատարանում դռնբաց նիստում քննեց գործն ըստ մեղադրանքի Արմեն Սահակի Տեր-Սահակյանի, (ծնվ.1964թ. Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, հայկական հանրապետության քաղաքացի, ութամյա կրթությամբ, ֆիզիկապես առողջ, չի աշխատել) մեղադրվում է Հանրապետության Քր.օր.-ի 146հ 2մ, 147հ 3մ, 232հ 3մ եւ 232հ 1մ, մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն՚:
Սույն քր.գործի դատավճռի համաձայն` ավազակային հարձակման եւ շորթման նպատակով Արմեն Տեր-Սահակյանը կազմավորել է հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է մի քանի քրեական հանցագործների, այդ թվում նախկինում 8 անգամ դատված, առանձնապես վտանգավոր կրկնահանցագործ Ռուբիկ Բարսեղյանին: Գալով հանցավոր համաձայնության` բանդայի անդամները` Ա.Տեր-Սահակյանի գլխավորությամբ, առեւանգել են մի ոսկերիչի, նրան տարել ՙԿորեայի ձոր՚ եւ զենքի սպառնալիքով պահանջել 100.000 գումար, իսկ առավել համոզիչ լինելու համար Ա.Տեր-Սահակյանը մի քանի անգամ կրակել է առեւանգվածի ոտքերի տակ: Վերջինս նշել է, թե ներկա պահին այդքան գումար չունի եւ իրեն ազատ արձակելու դիմաց խոստացել է հաջորդ օրը փոխանցել նշված գումարը: Բանդայի ձեռքից ազատվելուց անմիջապես հետո ոսկերիչը դիմել է իրավապահ մարմիններին եւ պատմել իր հետ կատարվածը, ինչից հետո ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ միջոցառումներ: Գումարը հանձնելու պատրվակով կազմակերպված հանդիպման ընթացքում բանդայի անդամները զինված դիմադրություն են ցույց տվել իրավապահներին, Ա.Տեր-Սահակյանը դեպքի վայրից մեքենայով դիմել է փախուստի, կրակել է իրավապահների ուղղությամբ, ինչից հետո ձերբակալվել է: Ա. Տեր-Սահակյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ անօրինական զենք-զինամթերք:
1990թ. դատարանը Արմեն Տեր-Սահակյանին դատապարտում է 8 տարվա ազատազրկման, սակայն այդ ժամանակվա ՀՀՇ-ի կարկառուն դեմքերի միջնորդությամբ (սպառնացել են դատավորին) նրա նկատմամբ կիրառվում է ավելի մեղմ պատիժ` 2 տարի պայմանական ազատազրկում: Դատավճռից անմիջապես հետո գործով տուժող ոսկերիչը, ականատես լինելով այդ անարդարությանն ու անպատժելիությանը, ընտանիքի հետ լքում է Հայաստանը` վախենալով ազատության մեջ հայտնված հանցագործ Ա. Տեր-Սահակյանի վրեժխնդրությունից:
Ավելի ուշ` 1992թ., գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարված ամնիստիայի շրջանակներում Արմեն Տեր-Սահակյանի դատվածությունն ընդհանրապես հանվում է նրա վրայից, նա, այսպես ասած, ՙմաքրվում՚ է երկրի բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ: Դրանից անմիջապես հետո Վանո Սիրադեղյանը, հաշվի առնելով Ա. Տեր-Սահակյանի քրեական անցյալը, նրան ընդունում է ՆԳ համակարգ: Սա արդեն ոչ այլ ինչ է, քան վառ ապացույց այն բանի, որ ՀՀՇ-ական իշխանությունները Արմեն Տեր-Սահակյանին նախապես էին ընտրել, պատրաստել, որից հետո միայն նրա գլխավորությամբ կազմավորել են բանդա ու սկսել սպանությունների հանձնարարություններ տալ: Այսինքն, ամենաթողությունը, ՙբեսպրեդելը՚ կազմակերպվում եւ խրախուսվում էր հենց իշխանությունների` տվյալ դեպքում անմիջականորեն Տեր-Պետրոսյանի ու Սիրադեղյանի կողմից, ինչն էլ իրական ավազակապետության ամենաբնորոշ գծերից է:
Այս կարգի ամենաթողությունների արդյունքում էր, որ երկրում ուժեղ թափ առավ արտագաղթը, որը շարունակվում է մինչ օրս: Իսկ գլխավոր ավազակապետը շարունակում է մնալ իր սեւ տանը եւ երբեմն-երբեմն այնտեղից տարբեր մեղադրանքներ է հնչեցնում: Մեղադրանքներ, որոնց հեղինակը եւ հիմնադիրը հենց ինքն է:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

