ՎԱՐՉԱՊԵՏԻ ՔԱՂՑՐ ԽՈՍՔԻՆ ԷԼ Ի՞ՆՉ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ «ՇԱՔԱՐ»
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏԻ ՔԱՂՑՐ ԽՈՍՔԻՆ ԷԼ Ի՞ՆՉ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ «ՇԱՔԱՐ»
Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ անդրադարձավ նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ակտիվիստները մանրադրամներ էին նետել Հանրապետական կուսակցության պատգամավորների եւ կառավարության անդամների ուղղությամբ: Հ. Աբրահամյանը մասնավորապես նշեց. «Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունը արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձեւերով, ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու, ճնշելու փորձերի ձեւով, ինչպես օրինակ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերեւս, ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները եւս ունեն մարդու բոլոր իրավունքները եւ ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ: Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն, ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին, ոչ միայն կողմ եմ, այլ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները»:
Թե տեղի ունեցածին, ինչպես է վերաբերվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վերջինս նշեց. «Կարծում եմ` վարչապետի ներկայացրածը շատ հստակ էր, եւ հարգանքը պետք է լինի փոխադարձաբար: Այդ առումով, կարծում եմ, որ իսկապես նաեւ արտահայտվելու ձեւերը պիտի լինեն առավել ընդունելի եւ հարիր` ժողովրդավարական պետություններին»: Իսկ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ պարզելով, որ լրագրողների հարցերը վերաբերում են պաշտոնյաների վրա մանրադրամներ նետելուն, նշեց, որ այդ մասին սպառիչ արդեն ասել է ՀՀ վարչապետը, եւ ավելացնելու ոչինչ չունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

