Աչքներս լույս, ՀՀ վաստակավոր հացադուլավոր ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ...
Արխիվ 12-16
Աչքներս լույս, ՀՀ վաստակավոր հացադուլավոր ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ զարմանալիորեն որոշել է, որ եղած կուսակցությունները մեր երկրի համար քիչ են, եւ այժմ երիտասարդների ուղեղներն է լվանում` նպատակ ունենալով ստեղծել նոր կուսակցություն. ՙԴեռ վաղաժամ է այդ ուժի մասին հստակ խոսել, թե ինչ անուն է կրելու, կամ ովքեր են լինելու եւ կոնկրետ ինչպիսի քայլեր են անելու: Ենթադրում եմ, որ այսօր Հայաստանում անհրաժեշտություն կա մի այնպիսի կուսակցության, որը հանդես գա աշխատավոր զանգվածի իրավունքները պաշտպանելու դիրքերից՚: Երեւի թե, Ղուկասյանը զարմանալիորեն պատրանքներ ունի, որ կկարողանա աշխատավորության պաշտպանության կարգախոսների ներքո խլել դաշնակների եւ կոմունիստների հացը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա կստանա ընդամենը հերթական կուսակցական կնիքը:
Ինչեւէ, այնուամենայնիվ, օգնենք պարոնին` գոնե անվան հարցում, եւ որպեսզի ուշադրություն գրավող եւ ինքնատիպ անուն լինի, առաջարկում ենք այդ կուսակցությունն անվանել ՙԿամավոր սովյալների կուսակցություն՚: Մեզ բավականին զարմացրեց ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ` կամա թե ակամա մատնելով, թե կոնկրետ որ օրը ՙքառյակը՚ մտադիր է հանրահավաքային սեզոնը բացել. ՙՀիմա ասել, թե ինչ ենք անելու սեպտեմբերի 11-ին` ճիշտ չի լինի, որովհետեւ դինամիկ զարգացումների շրջան է սկսվելու աշնանը, եւ հիմա կանխորոշել, թե ինչ ենք անելու այն ժամանակ, կարծում եմ, անշնորհակալ գործ է՚: Զարմանալի է, բայց ինչո±ւ, գրողը տանի, հենց սեպտեմբերի 11-ը` նյույորքյան սահմռկելի ահաբեկչության տարելիցին: Չլինի թե, ՙքառյակը՚ մտադիր է ինչ-որ գաղտնագրված ՙթուղթուգիր՚ նախապատրաստել ճիշտ այնպես, ինչպես նախապատրաստել էին ահաբեկիչների իրական տերերը` նյույորքյան ողբերգության նախօրեին: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, հուսանք, որ ՙքառյակը՚ մտադիր չէ այդ օրը օդանավեր փախցնել եւ դրանք ինչ-որ շենքի վրա քշել:
Իսկ աղանդների հայտնի գրանտածիծ պաշտպան ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ այնպիսի զարմանալի եւ անբարո հայտարարություն է տարածել, որ մարդ պարզապես ապշում է: Դա չենք վերլուծի, չենք վերհանի դրա գարշելի ենթատեքստը, այլ պարզապես կմեջբերենք, որպես օրինակ, թե ինչպես չի կարող մտածել հայ մարդը: Այո, խոսքը հենց հայ մարդու մասին է, այլ ոչ թե հայկական անուն-ազգանուն ունեցող եսիմ ինչ երեւույթի. ՙՄի 10 տարի առաջ Բաքվում էի, ԵԱՀԿ կոնֆերանսին էի մասնակցում: Հենց օդանավակայանում ինձ Ալիեւի անձնական թիկնապահները դիմավորեցին ու ամբողջ ընթացքում իմ հետ էին: Իրենցից մեկը լավ կրթված էր, շատ լավ պատմություն գիտեր, այն պատմությունը, որը իրենց սովորեցնում են: Լուրջ դիրք ուներ թիկնապահների շրջանում: Երկար զրուցել ենք: Ինքն անկեղծ համոզված էր, որ Հայաստանն իրենց հողն է, իսկ մենք կարող ենք Ադրբեջանում ապրել: Ասում էր, որ լավ պայմաններ կստեղծեն, եկեղեցիներ կսարքեն մեզ համար: Հայերն էլ, որպես լավ արհեստավորներ, լավ աշխատանք կունենան: Վերջերս եմ սկսել հասկանալ, որ ինքն ինձանից ավելի լավ պատմություն գիտի ու ավելի լավ է հասկանում հայկական հոգեբանությունը: Մեզ եկեղեցի է պետք, այլ ոչ թե պետություն: Մենք մեր հոգեբանությամբ կրոնական համայնք ենք ու կարիք ունենք հովանավորի: Ու դեռ փաստ չէ, որ անգամ Ադրբեջանի հովանավորությունը չենք ընդունի, որքան էլ դա այսօր անհավանական չհնչի: Ու ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Սերժ Սագսյանն էլ կարող է սահմանադրությունը փոխել ու ցմահ կաթողիկոս ընտրվել: Լավ խնդրագրեր կգրի` տարբեր երկրների նախագահներին: Իլհամն էլ աղանդների դեմ ավելի արդյունավետ կպայքարի: Մեզ ուրիշ էլ ինչ է պետք՚:
Իսկ հունիսի 18-ին ԵԽԽՎ 58 պատգամավոր ստորագրել են մի հակահայկական փաստաթղթի տակ, որը կոչ է անում Հայաստանի դեմ կիրառել պատժամիջոցներ` Լեռնային Ղարաբաղը ՙօկուպացնելու՚ համար: Եվ այդ 58-ը բաղկացած են հիմնականում Թուրքիայի, Ադրբեջանի, Իսպանիայի եւ Լեհաստանի պատգամավորներից, գումարած նաեւ բելգիացիները: Օսմանյան եւ կովկասյան թուրքերի պարագայում ամեն ինչ պարզ է, իսկ թե ինչու են այդպես վարվել եվրոպացիները, բավականին զարմանալի է, բայց ճշգրիտ դիտարկումներ է արել երիտասարդ բանկային ծառայող ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Այսպես, ըստ այդ դիտարկումների` իսպանացիները բնաջնջել են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի բնակչության զգալի մասը, Գերմանիան սանձազերծել է երկու համաշխարհային պատերազմ, ստեղծել է նացիզմի պես մարդատյաց երեւույթ, ու նաեւ մեծ դեր է խաղացել 1915-ի Հայոց ցեղասպանությունում: Ինչ վերաբերում է Բելգիային, ապա այդ երկրի Լեոպոլդ թագավորը ցեղասպանության է ենթարկել Կոնգոյի բնակչությանը` սպանելով ավելի քան 10 միլիոն մարդ: Ինչեւէ, դժվար է չհամաձայնել դիտարկման հեղինակի եզրակացությանը. ՙԱհա այս կեղծ ժպիտներով մարդիկ իրենց վերապահում են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ` միայն այն բանի համար, որ մենք դեմ ենք եղել ցեղասպանության ենթարկվելուն՚:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

