ՙՈՉ ՄԻ ՏԵՍԱԿԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ, ՃՆՇՈՒՄ ՉԿԱ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚
ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ պատասխանելով ՙԻրավունքի՚ հարցին, թե շատ ընդդիմադիրներ եւ Եվրասիական տնտեսական միավորման դեմ արտահայտվողներ նշում են, եւ, ինչու չէ, նաեւ հեգնանքով ասում, որ ՄՄ-ին անդամագրվելը նույնն է, ինչ վերադառնալ խորհրդային տարիներին, ասաց. ՙՆախ, բնականաբար, դրանք նույն բաները չեն, չնայած ձգտումը` միասնական լինելու, գործելու ոչ միայն տնտեսական ոլորտներում, այլ նաեւ չորս ուղղություններով, դա այն ձգտումն է` միասին լուծելու այն խնդիրները, որոնք առաջանում են տնտեսական ուղղություններում` բոլոր այն երկրներում, ովքեր անդամագրված են Եվրասիական տնտեսական միությանը:
Ինչ վերաբերում է Խորհրդային Միությանը, ապա այն գործում էր այլ գաղափարախոսությամբ, այլ տնտեսական ու քաղաքական սկզբունքներ ուներ: Իսկ ահա Եվրասիական միություն կարող են մտնել եւ մտնում են անկախ, սուվերեն պետությունները, որոնք ունեն իրենց սեփական ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ իրենց հարաբերությունները: Որեւէ տեսակի բռնություն, ճնշում, պարտադրում, որպեսզի դառնան Եվրասիական միության անդամ` չկա: Եթե ամեն ինչ հաշվարկվում է, եւ տվյալ պետությունը հարմար է գտնում մտնել այդ միություն, ապա, խնդրեմ, մտեք, մենք առաջարկում ենք: Եվ եթե այդ ընթացքում Ռուսաստանը եւս տեսնում է իր շահը, ինչը որ կա այս պահին երեք պետությունների համագործակցության արդյունքում, ուրեմն` մտածելու խնդիր չկա: Մենք ընդունում ենք այն երկրների ներկայացված հայտերը, որոշումները, ով կդիմի, եւ որը ներկայացրել է նաեւ Հայաստանը՚: Վ. Կովալենկոյից նաեւ հետաքրքրվեցինք, թե որքանով էր պարտադիր` Աստանայում չորս պետությունների առջեւ կարդալ Ադրբեջանի նախագահ Ալիեւի այն նամակը, որն ուղղված էր Հայաստանին ու Արցախին, դեսպանը փորձեց ձեռնպահ մնալ հարեւան պետության նախագահի գործողությունից` նշելով. ՙԵս չեմ պատրաստվում նախագահ Ալիեւի փոխարեն պատասխանել, եւ եթե նա այդ բանն արել է, ուրեմն` նպատակահարմար է գտել: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Հայաստանի անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը տեղի կունենա, կա արդեն քաղաքական որոշում, եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է: Իսկ անհատական կարծիքները, որոնք երբեմն ասվում են, թող մնան անհատական՚: