«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԵՍՊԱՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԵԼ»
Արխիվ 12-16«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԵՍՊԱՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԵԼ»
Օրերս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, վաստակաշատ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվեց: Այս առթիվ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Թորոսյան, ըստ Ձեզ, արդյո՞ք Յու. Վարդանյանը լավագույնս տիրապետում է հայ-վրացական հարաբերություններին:
- Գիտեք, Յուրի Վարդանյանը սպորտի աշխարհի անձնավորություն է, եւ, իմ կարծիքով, նա պետք է դեռ ծանոթանա եւ ուսումնասիրի հայ-վրացական հարաբերությունների ասպեկտները, որպեսզի իր աշխատանքը արդյունավետ լինի:
- Իսկ հայ-վրացական հարաբերությունների նրբություններին տիրապետելու համար որքա՞ն ժամանակ է հարկավոր:
- Դեսպանը անհատ է, բայց դեսպանությունն ունի կազմ, որը զբաղվում է հիմնախնդիրներով, եւ նաեւ կա Արտաքին գործերի նախարարություն, որը խորհուրդներ է տալիս դեսպանին
- Այնուամենայնիվ, այս նշանակումով հայ-վրացական հարաբերությունները կտուժե՞ն, թե՞ կշահեն:
- Կարող եմ ասել, որ ընդհանրապես Վրաստանում ոչ մի անգամ պրոֆեսիոնալ դեսպան չի նշանակվել` սկսած Հայաստանի անկախության հռչակումից մինչեւ այսօր: Նշանակվել են տարբեր ոլորտներում կայացած անձնավորություններ, բայց ոչ թե դիվանագետներ. սա մի տեսակ ավանդույթ է դարձել: Իսկ հայ-վրացական հարաբերությունները, կարծում եմ, դեսպանի աշխատանքով չէ պայմանավորված, այլ պարզապես դեսպանն իր պոտենցիալը պետք է օգտագործի` այդ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

