ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՍԹԵՐԻԱՆ ՙԿԱՊՎԱԾ Է ՏԽՐԱՀՌՉԱԿ ԱԼԻԵՎԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԵԼՈՒՅԹԻ ՀԵՏ՚
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՍԹԵՐԻԱՆ
ՙԿԱՊՎԱԾ Է ՏԽՐԱՀՌՉԱԿ ԱԼԻԵՎԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԵԼՈՒՅԹԻ ՀԵՏ՚
Ստեփանակերտի օդանավակայանից փոքր, երկտեղանոց օդանավերի տուրիստական թռիչքների մասին տեղեկությունները Ադրբեջանում հերթական հիսթերիայի առիթ են դարձել: Ադրբեջանական լրատվամիջոցներում շատ ակտիվ քննարկվում է համացանցում տեղ գտած տեսանյութը, որի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում, որտեղ ասվում է, թե իբր ՙթռիչքներն ապօրինի են իրականացվում, այն էլ` Ադրբեջանի տարածքով՚:
Վերոնշյալի հետ կապված` Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց, որ Ադրբեջանը հիմա է նման վայնասուն բարձրացնում, քանի որ դա ունի հատուկ նպատակ. ՙԱյնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Ադրբեջանը նոր է հայտնաբերում կամ բացահայտում, որ Ստեփանակերտի օդանավակայանը ծառայում է փոքր ավիացիային: Սրանից կարելի է երկու բան ենթադրել` կամ Ադրբեջանի տեխնիկական միջոցներն այնքան են հնացել, որ ի վիճակի չեն ֆիքսել, որ երբեք այդպիսի թռիչքները չեն դադարել, կամ էլ այս ամենը պարզապես քաղաքական ենթատեքստ ունի: Շատ տարօրինակ է, թե ինչու է Ադրբեջանը նման հիսթերիկ պահվածք ցուցաբերում, ինչը նրա մոտ կարծես սովորույթ է դառնում: Ստեփանակերտի օդանավակայանը չի աշխատել ընդամենը մի քանի ամիս` 1992 թվականին, այն էլ` չի ընդունել միայն ինքնաթիռներ: Իր գոյության ամբողջ շրջանում, արդեն 60 տարի է, ինչ օդանավակայանը աշխատում է անդադար: Այսօր էլ` մենք պարբերաբար ընդունում ենք ուղղաթիռներ: Մենք ունենք փոքր ավիացիա, որը փոքր թռիչքներ է իրականացնում` տարբեր նպատակներով` գյուղատնտեսական, կադաստրային նկարահանումների ու քարտեզագրման համար՚:
Բաբայանի խոսքով` Ադրբեջանի հիսթերիան ՙԿապված է տխրահռչակ Ալիեւի` Ստրասբուրգում հնչեցված խայտառակ, գռեհիկ հայտարարությունների հետ, որը հարված հասցրեց Ադրբեջանի իմիջին: Եվ որպեսզի ներքին եւ արտաքին հանրության ուշադրությունը շեղի, փորձում են մի նոր թեմա շրջանառության մեջ դնել եւ դրանով իսկ փորձի մեղմացնել կամ մոռացության մատնել իրենց երկրի ղեկավարի կողմից արված այդ խայտառակ հայտարարությունը՚:
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը` պարոն Բաբայանը հավելեց. ՙԱլիեւն անընդհատ նույն բանն է ասում: Ուրիշ ոչ մի նոր բան, քանի որ ասելիք էլ չունի: Այդ հայտարարությամբ` նա ցույց է տալիս իր իրական պետության պատկերը: Իմաստ էլ չկա, այդ քաղաքական մուղամին անդրադառնալ՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

