ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳԱՌՆՈՒԿԱՅԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՅԼԱՅԻՆ ԱԽՈՐԺԱԿԸ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳԱՌՆՈՒԿԱՅԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՅԼԱՅԻՆ ԱԽՈՐԺԱԿԸ
ԱԺ արտահերթ նստաշրջանում ՙքառյակի՚ ծայրահեղ ագրեսիվ եւ անհանդուրժող պահվածքին հետեւեց մեր ընդդիմադիրների լռությունը Ստրասբուրգում: Նրանք մոռացել էին լեզու ունենալու մասին, երբ մեր թշնամիները` Ադրբեջանի նախագահը եւ արտգործնախարարը եվրոպական այդ ամբիոնից կեղտոտ ռեխները բացել էին մեր երկրի դեմ: Դե, իհարկե, ինչու հակադարձեն, չէ որ դա մազաչափ իսկ չի մոտեցնի իշխանության գալու գերխնդրի լուծումը: Չնայած այդքան էլ լուռ չէին, օրինակ, Լյովիկ Զուրաբյանը եվրոպական իրավապաշտպանների մոտ լավ էլ լացուկոծ արեց, թե տեսեք մեր ՙքըխ՚ ոստիկանները բան են ասել մեր ցուցարարներին: Բնականաբար, ցույցի ժամանակ ընդդիմադիրները ցուցարարների կողքը կանգնողը չէին, նրանց պետք էր ընդամենը գնալ եվրոպաներում սեփական երկրից բամբասել, այլ ոչ թե երկրի ներսում որեւէ խնդիր լուծել:
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԵՐԱԶՈՒՄ ՄԵՐ ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԸ
Ինչ լավ է, որ գոյություն ունի Ուկրաինա: Այդ երկրի օրինակով բոլորը տեսնում են, թե ինչով են ավարտվում տարատեսակ մայդանները: Շատ վառ օրինակով ի ցույց դրվեց ե°ւ Կիեւի կենտրոնի ավերումը, ե°ւ տարածքային կորուստներ ունենալը, ե°ւ եղբայրասպան ներքին պատերազմի սարսափները: Հիմա էլ Կիեւում սպասվում է մի իրադարձություն, որը ցույց կտա եվրաինտեգրման իրական դեմքը: Մի ամբողջ շաբաթ` հունիսի 30-ից հուլիսի 6-ը, Ուկրաինայի մայրաքաղաքում գեյերն ու լեսբիները իրականացնելու են ՙմեգաշքերթ՚, որը նախատեսում է ոչ միայն փողոցային միջոցառումներ, այլեւ ֆիլմերի դիտումների կազմակերպում, դասախոսություններ, ցուցահանդեսներ ու ընդհանրապես այն ամենը, ինչի մասին կարող է երազել հանրության ամենաթափոնային մասը: Դե ինչ, ընդամենը քիչ անց այդ ամենը մեր քաղաքացիները կտեսնեն, ու կհասկանան, որ եվրամայդանի հետեւանքով անխուսափելի են ոչ միայն վերը հիշատակված արհավիրքները, այլեւ երկրի կատարյալ պղծումը եւ բարոյականության իսպառ ոչնչացումը:
Հա, ի դեպ, քանի որ հիշատակեցինք այդ եղկելի կատեգորիան, նշենք, որ համասեռամոլության շահերի պաշտպանությամբ զբաղվողները` թվով 16 հատ, միասնական դատական հայց են ներկայացրել մեր դեմ, թե ինչու ենք քողազերծել նրանց իսկական նպատակները, եւ խոսակցություններ կան, որ եւս երկու դատական հայց սպասվում է այդ նույն կոնտինգենտից:
Դե, վաղուց գիտենք, թե ովքեր են մեզ դատի տվողները` աղանդավորները, մասոնների կամակատարները, ավանդական բարոյականությունը քանդող ֆեմինիստուհիները, տարբեր սորտի ՀՀՇ-ները, հիմա էլ ավելացան սրանք: Դե, պարզ է, առավել եւս հիմա այդ բոլոր կատեգորիաների համար ակնհայտ է, որ Հայաստանի եվրասիական ինտեգրումից հետո իրենցից եւ ոչ ոք երկրում տեղ չի ունենալու, եւ այդ պատճառով այժմ խուճապահար փորձում են մի բան անել:
Իսկ ինչու են նաեւ բավականին կենտրոնացել ոստիկանության գործողությունների վրա` իրենք եւ իրենց տերերը տպավորություն են ստացել, որ ոստիկանության ընդհանուր գործելակերպն է կոշտացել, ինչը կդժվարացնի փողոցում մայդանային բաղադրիչներ հանդիսացող գործողություններ կազմակերպելը: Ի դեպ, մի փոքրիկ դետալ` բավարար եղավ, որ վարչապետը հայտարարի, որ անարխիայի դրսեւորումները չի հանդուրժի, միանգամից Աֆրիկյանների շենքի մոտ պաստառի վրա սեւ ներկով նկարեցին անարխիստների հսկայական խորհրդանիշը:
Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա հիմա էլ ցանկացած ռուս կամ հայ պաշտոնյայի խոսքը մեր երկրի կողմից փաստաթղթերի ստորագրման այս կամ այն տեխնիկական դետալի վերաբերյալ միանգամից փորձում են ներկայացնել այնպես, իբր Հայաստանի մուտքը Մաքսային միություն տապալվում է, Հայաստանին չեն ուզում այդտեղ ընդունել եւ այլն, եւ այլն... Դա նմանվում է արդեն լրիվ շամանական գործողությունների, երբ ծիսական ձեւով` որպես իրողություն, հնչեցնում են այն, ինչն իրականում չկա, բայց ինչը տենչում են: Բոլոր դեպքերում, թեեւ սրանք լավ հասկանում են, որ մեր երկրի եվրասիական ինտեգրումը անշրջելի եւ անխուսափելի իրողություն է, սակայն գործընթացի հետաձգման կամ ձգձգման ամեն մի օրը այդ կոնտինգենտի կողմից ընկալվում է որպես արքայական պատվեր: Դե, կա բավականին ցինիկ ռուսական ասացվածքը, որ հատկապես մահից առաջ է գալիս շնչելու ամենամեծ ցանկությունը...
ՙՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁ՚ ՕՊԵՐԱՑԻԱՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
2007-ին, երբ ԼՏՊ-ն վերադարձավ մեծ քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանն արձանագրեց, որ նա առաջին նախագահի կարգավիճակի բարձունքը փոխեց սովորական ընդդիմադիրի կարգավիճակի հետ: Հիմա էլ ինքը` Քոչարյանը, մտավ այդ ընդդիմադիրի կերպարի մեջ: Այսպես, նրա բուն հարցազրույցը, որպես այդպիսին, ընդդիմադիր ելույթ էր: Ու նաեւ նրա գրասենյակը պատասխանեց Երեւանի քաղաքապետի ու ՀՀ փոխոստիկանապետի պատասխաններին:
Նշենք, որ ՙքառյակի՚ ներսում Քոչարյանի հետ համագործակցել-չհամագործակցելու խնդիրը միանգամից պրոբլեմներ առաջացրեց: Վիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հնարավոր համարեց համագործակցությունը` ՀՀ երկրորդ նախագահի հետ, դրական համարեց նրա ելույթը, իսկ նրա անցյալի քննադատությունները որակեց անհիմն: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը միանգամից բավականին կոպիտ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի մասին` հիշատակելով ՙգող՚ եւ ՙանբարոյական՚ մակդիրները, իսկ ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացառեց կուսակցության համագործակցությունը ՀՀ երկրորդ նախագահի հետ:
Ի դեպ, բավականին հետաքրքիր ակնարկներ էր արել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նշելով, որ Մարտի 1-ի գործի քննությունն ապահովված չէ երեք կարեւոր սկզբունքների` լրիվության բազմակողմանիության եւ օբյեկտիվության միաժամանակյա առկայությունը, ինչի պատճառով էլ նախաքննությունն առ այսօր շարունակվում է: Նա ակնարկեց նաեւ, որ գործը կարող է ունենալ անակնկալ արդյունք: Այսինքն, դա բավականին նման էր նույն Ռոբերտ Քոչարյանին ՙդեղին քարտ՚ ցույց տալուն:
Փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահի բավականին կտրուկ ելույթը ՙքառյակի՚ հետ բացահայտ համագործակցության չվերածվեց, քանի որ նախ դա ՙքառյակի՚ ներսում առաջացրեց պրոբլեմներ եւ պառակտման վտանգ, եւ երկրորդը` պարզ դարձավ, որ կարող են ի հայտ գալ կոմպրոմատային անակնկալներ:
Այդ պայմաններում միանգամայն բնական էր, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շտապեց հերքել ՙքառյակի՚ եւ երկրորդ նախագահի համագործակցությունը. ՙՆախագահ Քոչարյանի պարբերական անդրադարձները մեր իրականության առավել ցավոտ խնդիրներին, հասկանալի պատճառներով, կարող էր քառյակի հետ կազմակերպված համագործակցության տպավորություն ստեղծել: Թերեւս, դա է պատճառը, որ այս թեման մամուլի եւ փորձագիտական հանրույթի շրջանում բուռն քննարկման առարկա դարձավ: Այնուամենայնիվ, մեր եւ քառյակի միջեւ համագործակցություն չկա, եթե այդպիսին չհամարենք քննադատական վերաբերմունքը` իշխանության կողմից վարվող քաղաքականությանը` տարբեր ուղղություններով: Հնարավո±ր է արդյոք համագործակցությունը ընդդիմության հետ ինչ-որ ձեւաչափով ապագայում, ասել չեմ կարող, որովհետեւ չգիտեմ՚:
Թե որ ապագայի մասին է խոսքը, բնականաբար, այս պահին դժվար է ասել: Համենայնդեպս, բավականին շատ փորձագետներ կարծիք էին հնչեցրել, որ ստվերային համագործակցությունը միշտ էլ եղել է: Իսկ, թե բացահայտ տարբերակը երբ է հնարավոր, ու դրա դրսեւորումն արդեն կստանա Քոչարյան-Տեր-Պետրոսյան բացահայտ գործակցություն, բնականաբար, իրավիճակից կախված խնդիր է:
Ինչեւէ, նույն ՙքառյակը՚ քանիցս հիշատակել է աշունը, երբ մտադիր է հանրահավաքներ սկսել, ու նման է, որ աշնանը չպետք է բացառել նաեւ ՀՀ նախագահի իմպիչմենտի պահանջի հնչեցումը: Բայց հետաքրքիր է մեկ ուրիշ պահ` ընդդիմադիրները սկսել են որպես ժամկետ հիշատակել սեպտեմբերի 11-ը: Թե ինչու շրջանառության մեջ է դրվել այդ չարագուշակ ամսաթիվը, արդյո±ք դա պատահականության բերումով է, թե բանը հասել է ինչ-ինչ միստիկ հաշվարկների... Բայց միստիկան երբեք էլ չի կարող հրաշագործ փոփոխությունների հանգեցնել, դա ընդամենը դառնում է հավելում` ռեալ ուժերի ու ռեալ գործընթացների: Իսկ ռեալ նախադրյալներ` երկրում ներքաղաքական վիճակը կտրուկ փոխելու, որպես այդպիսիք, չեն երեւում: Իսկ եվրասիական ինտեգրման գործընթացները, հակառակը, երեւում են առավել քան հստակ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

