ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԴԻՍԵՐՏԱՑԻԱՆ» ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԴԻՍԵՐՏԱՑԻԱՆ» ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանում գրանցված կրոնական կառույցների քայքայիչ գործունեության մասին «Իրավունքը» բազմիցս է խոսել: Ավելին` խնդրով մտահոգ անհատները, մասնավորապես` «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ-ն ամիսներ առաջ հայտարարել էր, որ շատ աղանդավորներ աշխատում են արդարադատության նախարարությունում ու քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունում:
Զարմանալի է, սակայն արդարադատության արդեն նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը ի պատասխան լրատվամիջոցներից մեկի այն հարցադրմանը, թե փոխնախարարը արդյոք պարզելո՞ւ է` որքանով է հայտարարությունը համապատասխանում իրականությանը, անմիջապես հիշել էր կրոնի ազատության մասին դրույթը և ասել, որ չի պատրաստվում պարզել իր աշխատակիցների կրոնական պատկանելիությունը:
Արամ Օրբելյանն այլևս արդարադատության փոխնախարար չէ, սակայն քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցների խնդիրը շարունակում է արդիական մնալ: «Իրավունքի» թղթակիցը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից փորձեց պարզել` մինչ կրոնական կառույցներին գրանցելը հնարավոր չէ՞ պարզել` ինչ գործունեություն են ծավալում նրանք: Նախարարն ասաց, որ դա մի ամբողջ դիսերտացիայի հարց է, որին ինքը մի նախադասությամբ չի կարող ասել:
«Դե մի քանի նախադասությամբ ասեք»,- հակադարձեց «Իրավունքի» թղթակիցը:
«Չէ, հետո»,- պատասխանեց Մանուկյանն ու արագ հեռացավ մեկ այլ պաշտոնական հանդիպման:
Ի դեպ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սպորտի և երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի` Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու փաստին`արտառոց ոչինչ չտեսնելով դրա մեջ: «Սպորտսմենն էլ կարող է դիվանագետ լինել, գրողն էլ, տնտեսագետն էլ»,-վստահ է նախարարը, ով ժամանակին զբաղեցնում էր Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը և երևի թե կարոտախտով է հիշում այդ տարիները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

