Ա. ԻՇԽԱՆՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
Արխիվ 12-16Ա. ԻՇԽԱՆՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: Հայաստանը 1993-ին միացել է ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոնվենցիային, իսկ ավելի ուշ`2002-ին, Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված խոշտանգումների արգելքի կոնվեցիային: Չնայած սրան, Հայաստանում դեռ բավարար մակարդակով չեն պայքարում խոշտանգումների դեմ: Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ վստահեցնում է` նախ Հայաստանը թերանում է օրենսդրական առումով. «ՀՀ Քրեական օրենսգրքում մինչ այժմ չի ամրագրվել հետևյալ դրույթը` այն է`խոշտանգում նշանակում է անձին հասցված մտավոր և մարմնական ցավ պետության կողմից»:
Երկու ոլորտներում, ըստ Իշխանյանի, պատկերն առանձնապես տխուր է: Խոսքը վերաբերում է ոստիկանությանը և քրեակատարողական հիմնարկներին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաքննության մեջ գտնվող 80 հոգու մեծ մասը, եթե ոչ գրեթե բոլորը ոստիկանության բաժանմունքներում ենթարկվել են ծեծ ու ջարդի: Որպես կանոն խոշտանգվածների մեծ մասը փաստաբան չի ունեցել»,- ասաց ԻՇԽԱՆՅԱՆԸ:
Մյուս կարևոր խնդիրը, որը շաղկապված է նախորդի հետ, այն է, որ խոշտանգող անձանց բացահայտելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում, մասնավորապես`եթե հարուցվում է քրեական գործ, ապա այն որոշ ժամանակ անց կարճվում է: «Մեր քաղաքացիները չեն հավատում, որ իրավական ճանապարհով կարելի է հասնել հաջողության և պատասխանատվության ենթարկել խոշտանգողներին: Այս պահին ընդամենը 10 գործ կա խոշտանգումների գործով, որոնցով զբաղվում են մեր փաստաբանները: Ընդհանուր առմամբ քաղաքացիներն իրավական ճանապարհով չեն փորձում հարցը լուծել»,- մանրամասնեց Հելսինկյան կոմիտեի նախագահը:
Իշխանյանը բարձրաձայնեց ևս մեկ կարևոր հարց, եթե քաղաքացին հաղորդում է ներկայացնում իրեն խոշտանգելու մասին, սակայն այն չի կարողանում ապացուցել, ապա տվյալ անձի դեմ հարուցվում է քրեական գործ` սուտ մատնության հոդվածով. «Ես դա վտանգավոր միտում եմ համարում»:
Քրեակատարողական հիմնարկներում ևս նույն վիճակն է` կա կոռուպցիա, ծեծ ու ջարդ, բայց բողոք չկա` պայմանավորված ՔԿՀ-ում տիրող ներքին վիճակով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

