ՙՙԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԲԱՆԿՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԲԱՆԿՈՒՄ՚
Ինչպես հայտնի է` օրերս ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը, ով մեղադրվում է հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ ու հայտնի ՙօֆշորային գործի՚ հիմնական դերակատարն է, Թբիլիսիից Հայաստան է տեղափոխվել: Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սուքիասյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, նախնական կալանք սահմանելով երկու ամիս: Սակայն վերջինիս կալանավորումը նրա պաշտպան ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ անհիմն է որակում, հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
ՙԱՅՍ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇՈՏՆ ԻՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ
ԵՂԵԼ Է ԱՖՐԻԿԱՅՈՒՄ՚
-Պաշտպանյալս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դա դիտում է որպես սովորական քաղաքացիաիրավական հարաբերություններ: Ամեն բիզնես կարող է ռիսկայնություն ունենալ: Մեղադրողի կողմից հիմնավոր կասկած առաջացնող փաստաթղթեր ես չտեսա: Բնականաբար, առանց հիմնավոր կասկածի, դատարանը չպետք է նրա կալանավորումը, իբրեւ խափանման միջոց, բավարարեր: Կալանավորում են, հետո են ցանկանում ապացույցներ ձեռք բերել, որն օրենքի, սահմանված կարգի խախտում է:
Ես հանդիպել եւ զրուցել եմ իմ պաշտպանյալի հետ: Աշոտը պնդում է, որ իրեն մեղսագրվող երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ խարդախության, դիտավորության նպատակ չի ունեցել: Ժամանակին ինչ-ինչ հանգամանքներ ճիշտ չեն ընթացել, բայց ինքը երբեք դիտավորությամբ նման խարդախություններ չէր անի, ինքը Հայ առաքելական եկեղեցուն նվիրված մարդ է, եւ ընդունակ չէ խարդախությունների, կեղտոտ խաղերի: Իսկ թե տեղի ունեցած գործարքներին որքանով է Աշոտն առնչվում, կպարզվի նախաքննությամբ: Այս պահին կարող ենք միայն հստակ ասել, որ ինքը նպատակ, դիտավորություն չի հետապնդել: Իրեն էլ են խաբել, ինքն էլ սխալվել, բայց նախապես վերցնել եւ անձին հայտարարել, որ ինքը մեղավոր է, եւ իր արարքները համընկնում են քրեական հոդվածների պահանջներին, ոչ-ոք իրավունք չունի: Աշոտը եկել է Հայաստան, որ ինքն անձամբ շատ հարցերի պատասխանը տա, որպեսզի ոչինչ միակողմանի չլինի:
Փաստաբան Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ իր պաշտպանյալի հետ խոսել է նաեւ նրա եւ Փայլակ Հայրապետյանի հարաբերությունների մասին.
- Աշոտն ասաց, որ բավականին ժամանակ գործի բերումով առնչվել է Փայլակ Հայրապետյանի հետ: Սրանից ավելին, այս պահի դրությամբ, նրա եւ Փայլակ Հայրապետյանի գործարքների մասին, ասել չեմ կարող. շուտով Աշոտը ցուցմունք կտա եւ կպատմի ամեն ինչ: Սա իր բնույթով տնտեսական գործ է, որը կհիմնավորենք նաեւ մի շարք փաստաթղթերով:
Ուրեմն, եթե Աշոտն իրեն մեղավոր չի համարում, այդ դեպքում ո±ւր էր այսքան ժամանակ: Առավել եւս, որ ուր էլ լիներ, հազիվ թե լսած չլիներ, թե իրեն ինչերի մեջ են մեղադրում: Փաստաբանն ասում է, թե Աշոտ Սուքիասյանը այս ողջ ընթացքում եղել է Աֆրիկայում, ապա նաեւ Կիպրոսում, որտեղ իր բիզնեսի հարցերն էր կարգավորում.
- Այս ընթացքում Աշոտը եղել է Աֆրիկայում ոսկու հանքի հարցերով, որտեղ դատական գործ է հարուցված եղել իրենց հանքի դեմ, եւ ինքը շահել է այդ դատական գործը: Աֆրիկայում այլ քաղաքացիներ փորձել են հանքի բիզնեսի մեջ ներգրավվել խարդախ ճանապարհով: Այդ բոլոր դատական ակտերը, ինչպես նաեւ Աֆրիկայում Աշոտի զբաղմունքի մասին բոլոր փաստաթղթերը ինձ մոտ առկա են, շուտով այն կներկայացնենք նախաքննական մարմնին: Աշոտն ասում է, որ իրեն խաբել է օտարերկրացի մի գործարար, սակայն այժմ քննություն է գնում, եւ քննիչը, իհարկե, համապատասխան հարցումներ կանի` դա պարզելու համար: Բայց այն, որ Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայում արդեն երկու դատական հայց է շահել, փաստ է: Դրանով էլ ապացուցվել է, որ նա իրականում հանք ունեցել է, եւ այնտեղ բազմաթիվ աշխատողներ են եղել, չնայած մամուլը գրել էր, որ հանք չի եղել: Կան փաստացի ապացույցներ, որ ինքն այս ողջ ընթացքում իր բիզնեսի հարցերով եղել է Աֆրիկայում, հետո գնացել է Կիպրոս, ապա Վրաստան, որտեղից էլ մտադրություն է ունեցել գալ Հայաստան: Պարզապես վրացիները շտապել են:
Ի դեպ, ինչպես եւ Փայլակ Հայրապետյանը, պարզվում է` Աշոտ Սուքիասյանը եւս այս ողջ պատմության միակ մեղավոր համարում է ՙԱմերիաբանկին՚: Համենայնդեպսª ըստ Յու. Խաչատրյանի.
- ՙԱմերիաբանկը՚ բավականին ուշացումներ, անհամապատասխանություններ է կատարել վարկերի տրամադրման, հետագայում նաեւ տոկոսների հարցում, որի հետեւանքով Աշոտ Սուքիասյանն ընկել է բավականին ծանր կացության մեջ, այդ ողջ գործընթացների քաղվածքները, շարժերը մենք ունենք, կներկայացնենք նաեւ քննիչին: Ինչ խոսք, Աշոտը եւս բանկի մեղավորությունը տեսնում է:
ՙԱՅ ԽՈՒԼԻԳԱՆ, ԷՍ ԻՆՉ ՔՅԱԼԱԳ ԽԱՂԱՑԻՐ ԳԼԽԻՍ՚
Իհարկե այն, որ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չէր համարելու ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ կապիտալը իրենով անելու հարցում, սպասելի էր: Ավելին, ինչպես մեզ հետ զրույցում ասաց պարոն Հայրապետյանը.
- Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ինձ առանձնապես չի ոգեւորել: Նա այս գործով միայն կարող է վկայություն տալ: Եվ, ընդհանրապես, ըստ իս, Սուքիասյանի արտահանձնելու հետ կապված երկարաձգումն արվում էր այն բանի համար, որ հնարավորինս ՙմաքրեն հետքերը՚: Իմ ունեցվածքը ինձ պետք է բանկը վերադարձնի, ոչ թե Աշոտը: Ես համոզված էի, որ ինքն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունի: Որ հանցագործն է ասում` ես հանցագործ եմ: Իմ ողջ ունեցվածքը` ամբողջ երեսուներեք միլիոնի ապրուստը տվեց շան-գելի ձեռք, այսպես ասած նվիրաբերեց բանկին, ու դեռ հիմա ասում է, որ մեղավոր չէ: Չնայած էլի եմ ասում, որ ամենամեծ հանցագործությունը կատարվել է բանկում: Եթե բանկը նորմալ բիզնես ծրագիր գրեր, հետեւեր տրամադրված վարկի ընթացքին, գործողություններին, նման փաստի առաջ ոչ մեկս էլ չէինք կանգնի: Ես սպասում եմ այն պահին, որ ինձ կանչեն առերեսման, որ էդ հավատացյալի քողի տակ ծածկվող ստախոսի աչքերի մեջ նայեմ ու մենակ երկու բան ասեմ. ՙԱյ խուլիգան, էս ի±նչ քյալագ խաղացիր գլխիս, որ մի արածս վատության համար՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

