ԸՍՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ` ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՌԴ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Ամփոփելով ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը` ՙԵվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները՚ թեմայով, ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ մասնավորապես նկատեց. -Կարծում ենք, որ մեկ միության մեջ գտնվելով` մեր վիճակն էլ ավելի կբարելավվի: Ինչ վերաբերում է տրանսպորտային կապին, ապա պետք է աշխատենք, որպեսզի աբխազական երկաթուղին բացվի: Առանց դրա բավականին դժվար է, իսկ Լարսի ճանապարհի հույսին մնալը շատ դժվարությունների առջեւ է կանգնեցնում: Մենք` որպես քաղաքական գործիչներ, պետք է այս հարցի վրա ուշադրություն դարձնենք:
Ինչ վերաբերում է մեր տնտեսության զարգացմանը, ապա շուրջ 22 տարի է, ինչ Հայաստանը բլոկադայի մեջ է` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, փակ են սահմանները, որի արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք: Պետք է նաեւ նշեմ, որ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հրադադարի խախտում է իրականացնում, եւ զինվորներ են մահանում, իսկ վերջերս էլ Նախիջեւանի տարածքում կան անհանգստություններ: Ըստ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրի` Նախիջեւանը գտնվում է ՌԴ-ի եւ Թուրքիայի վերահսկողության տակ: Ինչ խոսք, մեզ համար թիվ մեկ թեման Ղարաբաղն է, եւ ամեն դրվագում այն ներկա է: Արդեն 200 տարի է, ինչ կա Գյուլիստանի պայմանագիրը, եւ Արցախը որեւէ առնչություն չուներ Ադրբեջանի հետ, բացառությամբ այն շրջանի, երբ խորհրդային կարգեր հաստատվեցին, եւ Ստալինի հրամանով այն անցավ Ադրբեջանական ԽՍՀ կազմ` որպես ինքնավար մարզ: Մեր երկրների ընդհանրությունը նաեւ այն է, որ պետք է պայքարենք ֆաշիզմի դեմ: Ես վերջերս գտնվում էի Լատվիայում, որտեղ զարմանք ապրեցի, երբ իմացա, որ մարդկանց քաղաքացիություն չեն տալիս, քանի որ նրանք լավ չեն տիրապետում լեզվին, կամ` թե որտեղ են ծնվել: Անմասն չի մնում Ադրբեջանը, ուր վերջերս բելառուսական մի սպորտային խմբի թույլ չեն տվել ելույթ ունենալ, քանի որ նրանք պետք է իրենց ելույթը ներկայացնեին Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո: Իսկ ուկրաինական իրադարձություններն արդեն իսկ շատ բանի մասին են խոսում: Մենք ՌԴ-ի հետ միասին պետք է շարունակենք պայքարը ֆաշիզմի դեմ, ինչպես պայքարել են մեր պապերը 1941-45թթ.: Պարոն Դեմիդենկոն իր խոսքում նշեց, որ չկա ալտերնատիվ, պետք է նշեմ, որ չկան ճիշտ եւ լավ ալտերնատիվներ, բայց այն միշտ կա: Մենք կարող ենք, իհարկե, առանց մեկս մյուսի ապրել, բայց դա ապրելակերպ չի կարելի համարել, այլ` գոյատեւում: Օրինակ, թե° մեր եւ թե° ձեր նարնջագույն ընդդիմությունը, ովքեր, ի դեպ, սնվում են նույն կերակրատաշտից, առաջարկում են ալտերնատիվներ, բայց նրանց առաջարկները կտանեն միայն կործանման: