ԻՆՉՈՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴԱՐՁՐԵՑ ՙՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ՚ ՓԱՅ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴԱՐՁՐԵՑ ՙՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ՚ ՓԱՅ

Անշուշտ, բացի ՙքառյակի՚ հերթապահ եւ ճղճիմության բոլոր ռեկորդները խփած ՙմանր կեղտոտություններից՚, քչից-շատից ուշագրավ իրադարձություն է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը: Հարցազրույցի տոնայնությունը բավականին ագրեսիվ է, դրանով ՀՀ երկրորդ նախագահը ընդհուպ մոտեցել է բոլոր կամուրջներն այրելու սահմանագծին: Բայց միաժամանակ նա ինքն իրեն դարձրել է բավականին խոցելի: Այն աստիճանի, որ մասնավորապես ճանապարհային խախտումների համար տուգանքների հարցում նրա ասածները հեշտությամբ հերքում է ՀՀ փոխոստիկանապետերից մեկը: 1999-ին Քոչարյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտելը ՙուչաստկովիի գործ է՚, եւ հիմա ճակատագրի հեգնանքով այնպես եղավ, որ հենց նրա պնդումները հերքողը ՙուչաստկովին՚ է:
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ՀԻՄԱ

Անշուշտ, այրվող կամուրջների հրդեհը պայծառ լուսավորություն է ապահովում առաջ շարժվող ցանկացած մեկին, սակայն այդ լուսավորության տեւողությունը, ավաղ, երկար չէ` ելնելով ֆիզիկայի, քիմիայի եւ այլ բնական գիտությունների օրենքներից: Ուստի, այդպիսի քայլ անողը պետք է առավել քան հիմնավոր դրդապատճառներ ունենա, քանզի հետեւանքները կարող են լինել բավականին անկանխատեսելի, ու ամենեւին էլ փաստ չէ, որ կլինեն դրական:
Բնականաբար, նույն ՙքեռի Սեմին՚ ձեռնտու է, որպեսզի բոլոր հնարավոր ու անհնարին ուժերն ու գործիչները դուրս գան ՙմարտի՚, որպեսզի Հայաստանի եվրասիական ինտեգրման փաստաթղթերի ստորագրման նախօրեին հնարավոր լինի մի կերպ դուրս քաշել երկրի ապակայունացման ՙշաղգամը՚: Բայց այդտեղ կա մի կարեւոր ՙբայց՚: Եթե ԼՏՊ-ի պարագայում այլեւս կորցնելու ոչինչ չկա, ինքնավարկաբեկման ռեսուրսներն օգտագործված է գրեթե մինչեւ վերջ եւ ՀՀ առաջին նախագահն իրեն կարող է թույլ տալ անգամ ՙքելեխային հանրահավաքները՚, ապա Ռոբերտ Սեդրակիչի պարագայում դա ամենեւին էլ այդպես չէ: ՀՀ երկրորդ նախագահը կորցնելու բան շատ ունի, առավել եւս, որ նրա հիմնական շանսը պետք է որ կապված լինի 2017-ի եւ 2018-ի ընտրությունների հետ: Նա այն ֆիգուրը չէ, որին ԱՄՆ դեսպանը կարող է զանգահարել, հրամայել ակտիվանալ, ինքն էլ պատվի առնի հեռախոսի լսափողին եւ անցնի կատարման: Պետք է չափազանց ծանրակշիռ կամ չափազանց անհաղթահարելի պատճառներ լինեն, որպեսզի Քոչարյանն սկսի գործել բավականին հանպատրաստից` ինքն իրեն դնելով խոցելի վիճակի մեջ:
Եվ ընդհանրապես, իր կենսագրությամբ ՀՀ երկրորդ նախագահը հայտնի է որպես քաղաքական պաուզայի վարպետ, ով կարող է համբերատար սպասել ամենահարմար պահին` ընթացքում կուլ գնալով նաեւ բազում անընդունելի եւ վիրավորական հանգամանքներին: Բայց տվյալ դեպքում ակնհայտ է սեփական գործելակերպին հակառակ գնալը:
Ուրեմն, ինչն է նրան ստիպում դուրս գալ ասպարեզ այդպիսի խոցելի վիճակում, երբ բնակչությունը, մեղմ ասած, դեռ չի մոռացել սեփական վատ վերաբերմունքը, իսկ քաղաքական ախոյանները դյուրությամբ քարը քարին չեն թողնի նրա վարկից: Էլ չենք խոսում խոհանոցային մանրամասներին տիրապետող պրոֆեսիոնալների մասին, ովքեր հրապարակային շրջանառության մեջ կարող են դնել կոմպրոմատների այնպիսի զանգված, որ ոչ ոք տակից դուրս չի գա: Մնում է գալ ենթադրության, որ Ռոբերտ Քոչարյանին այդպիսի քայլի դրդողները տիրապետում են այնպիսի գաղտնիքների, որոնց համեմատ ոչինչ են դառնում Հայաստանում բոլոր մակարդակներով հայտնի բոլոր վարկաբեկիչ տեղեկությունները` միասին վերցրած: Երկրորդ տարբերակը, որը քիչ հավանական է` որ ՀՀ երկրորդ նախագահը հաշվարկել է, որ ցանկացած դեպքում ժամանակն աշխատում է իր դեմ, ու հիմա գնում է ռիսկի` ՙայսօր կամ երբեք՚ տարբերակով:
Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ այսօր նրան հիմնավոր մեղադրանք ներկայացնողների պակաս չկա, կա նույնիսկ ավելցուկ: Եվ շատ ռիսկային է հույսը դնել իշխանության տարբեր մարմիններում առկա ՙյուրային՚ կադրերի, ինչպես նաեւ ՙյուրային՚ բիզնեսմենների վրա` այդ մարդկանց համար համապատասխանաբար շատ ավելի թանկ է սեփական կարիերան եւ բիզնեսը, քան ցանկացած թիմային կամ կլանային արժեք: Նաեւ արդեն իսկ ունեցած վիթխարի ֆինանսական ռեսուրսը կարող է եւ չօգնել` ունենալը քիչ է, պետք է կարողանալ նաեւ գործի դնել, ու ամենեւին էլ փաստ չէ, որ պետության պատժիչ եւ վերահսկող օղակները հակված կլինեն դրա վրա աչք փակելու:
Ու գումարած դրան, Ռոբերտ Քոչարյանի հայտնությունը արդեն իսկ բավականին կրավորական վիճակում գտնվող քաղաքական դաշտի լրացուցիչ պառակտման ազդակ է:

ԲՆԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆ

Հզոր ստվերային թիկունք ունենալը շահեկան է ցանկացած ոչ իշխանական ուժի համար, բայց այնքան ժամանակ, քանի դեռ այդ բավականին վարկաբեկված թիկունքը իրոք ստվերային է: Իսկ երբ դուրս է գալիս ստվերից, այդժամ արդեն վարկանիշային կորուստներն անխուսափելի են: Անխուսափելի են եւ պառակտումները:
Այսպես, ՙԺառանգության՚ պառակտումը ի հայտ եկավ նույն օրը, երբ կուսակցությունը բաժանվեց Քոչարյանի ակնհայտ հակառակորդների, ովքեր պատրաստ են ՙքառյակն՚ ուղարկել գրողի ծոցը, եթե սկսվի ՙքառյակի՚ եւ Քոչարյանի համագործակցությունը, եւ ՙքառյակը՚ պահպանելու կողմնակիցների, ովքեր հույս ունեն օգտվել քոչարյանական հովանու դրական կողմերից եւ խույս տալ բացասականից: Քոչարյանի գործոնը մեծ խնդիր է նաեւ ՀՅԴ-ի համար: Այդ կուսակցությունը արդեն իսկ հասցրել է ինքն իրեն նույնացնել սահմանադրական բարեփոխումների առաջնայնության հետ, եւ քոչարյանական թիմի տրամաբանությամբ նույն այդ բարեփոխումների հակառակորդ դառնալը քարը քարին չի թողնի դաշնակների առանց այդ էլ հազիվ 5 տոկոսի ձգող վարկանիշից:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա սույն քաղաքական ուժը այնքան երկար տարիներ հանդես է եկել հակաքոչարյանական դիրքերից, այնքան է արմատավորել այն կարծրատիպը, թե Քոչարյանն է մարտի 1-ին արյուն թափելու հրաման տվողը, որ Քոչարյանի հետ համագործակցելու ցանկացած ուղղակի կամ անուղղակի ձեւաչափ վատ կընկալվի ոչ միայն հանրության, այլ հենց ՀԱԿ-ի ակտիվիստների կողմից: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բավականին կտրուկ բանաձեւում է տվել. ՙԵթե գողերը գողությունից են խոսում, անբարոյականները` անբարոյականությունից, չի նշանակում` մաքրվել են՚: Եվ ավելին. ՙԱյդ թեմային չեմ անդրադառնալու, վերջ: Ինձ համար վաղուց այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի՚:
Ինչ վերաբերում է ՙքառյակին՚, ապա արտախորհրդարանական շատ ուժեր ամեն քայլափոխի շեշտելու են ՙքառյակի՚ կապը Ռոբերտ Քոչարյանի հետ, ու բաց չեն թողնելու շանսը` նույն ՙքառյակից՚ դաշտը մաքրելու: ՙՀերթական մոլորեցնող ծրագրերն են, հերթական լոլոներն են, որ այս 15-20 տարիների ընթացքում կարդացվել են՚,- անդրադառնալով քառյակի 12 կետանոց պահանջներին` այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՙՆախախորհրդարանի՚ քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Ավելին, նա պնդում է, որ ՙքառյակը՚ գտնվում է իշխանության ստվերային հսկողության տակ եւ ՙհիմա ընդամենը մի քանի նախաձեռնող խմբեր կան, որոնք քաղաքական դաշտից դուրս են: Մենք միշտ ասել ենք` քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության արդյունքում է, որ ձեւավորվելու է նոր քաղաքական դաշտը՚: Ի դեպ, քաղաքացիական տարատեսակ նախաձեռնությունների եւ ՙքառյակի՚ միջեւ հարաբերություններն էլ, մեղմ ասած, մեղրամիսային չեն: Եթե ամերիկյան գրանտային ծագում ունեցող քաղաքացիական նախաձեռնությունների հետ ՙքառյակը՚ նոմինալ առումով կարողանում է ժամանակ առ ժամանակ լեզու գտնել, ապա ինքնաբուխ նախաձեռնությունների հետ շփումները զրոյական են, եւ նույնիսկ` բացասական բնույթի: Այսպես, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին մոտիկ չէր եկել ՙքառյակից՚ որեւէ մեկը, եւ միայն ոստիկանության հետ բախումից եւ ցուցարարներին բերման ենթարկելուց հետո գնացին ոստիկանությունում ցուցարարների կապտուկները հաշվելու, որպեսզի հետո պաթետիկ հայտարարություններ անեն բռնությունների մասին: Իսկ բուն սակագնի վերաբերյալ միայն հաջորդ օրը ՙշըփ-թըփ՚ մի տեքստ թխեցին եւ հրապարակեցին, որպեսզի չստացվի, թե թքած ունեն այդ հարցի վրա: Ի դեպ, հետաքրքիր դիտարկում է արել տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` որ ոստիկանությունը անգամ ուժ կիրառելիս եւ ձերբակալելիս քաղաքակիրթ է վարվում ՙտիտղոսային՚` վաղուց արդեն դեմքով ծանոթ գրանտածիծային եւ ՙնարնջագույն՚ ակտիվիստների հետ, սակայն այդ կատեգորիայից դուրս գտնվողներին վերաբերվում է բավականին վայրագ: Դե, երկուշաբթվա եւ երեքշաբթվա ակցիաների պարագայում, երբ երկու դեպքում էլ ուժ կիրառվեց, տարբերությունն ակնհայտ էր` Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի մոտ բողոքողների հանդեպ ոստիկանությունը վարվեց ՙխուժան տուրուդմբոցի՚ տարբերակով (ինչը պրոֆեսիոնալիզմի տեսակետից, անշուշտ, անընդունելի է), իսկ Աֆրիկյանների ակումբի քանդման դեմ բողոքող ակտիվիստների հետ վարվեցին բարեկիրթ:
Միգուցե անծանոթ կոնտինգենտի հետ բիրտ վարվելն ունի անծանոթ լրացուցիչ գլխացավանքը թույլ չտալու տրամաբանություն, սակայն դա արդեն առիթ է տվել վաստակավոր հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանին, որպեսզի սպառնա ոստիկանությանը` Կիեւի օրինակով տեղի ունենալիք արյունալի բախումներով: Այդպիսի հանցավոր կոչեր, թերեւս, էլի կհնչեն, քանզի մի կողմից արեւմտյան տերերի համար Անդրեասի պես կադրերը դիտարկվում են որպես ՙծախսվելու ենթակա մատերիալ՚, իսկ այդ կադրերը հույսեր են տածում, որ ծայրահեղ դեպքում ժամանակին ՙկթռնեն՚ եւ գլուխները կազատեն քրեական պատասխանատվությունից:
Ինչեւէ, գործի են դրվում բոլոր հնարավոր ռեսուրսները: Եվ եթե գործադրվող թիմերից յուրաքանչյուրն անչափ հեռու է ապակայունացման խնդիր լուծելուց, ապա չի կարելի անտեսել դրանց գումարման գործընթացի փորձը: Չմոռանանք, թե ինչ էր տեղի ունեցել ըստ ՙՊապը եւ շաղգամը՚ հեքիաթի սյուժեի, այդպիսի սցենարներն անտեսելը անթույլատրելի շքեղություն կլինի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում