ՈՐՔԱՆ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՊԵՏՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` ՀՈՒԼԻՍԻ ՄԵԿԻՑ
Արխիվ 12-16ՈՐՔԱՆ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՊԵՏՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` ՀՈՒԼԻՍԻ ՄԵԿԻՑ
Այս տարվա հուլիսի 1-ից Հայաստոնւմ պետական ոլորտում աշխատավարձի նոր համակարգ է ներդրվելու, ըստ որի՝ աշխատավարձի բարձրացում տեղի կունենա: Բարձրանալու է ինչպես բարձրաստիճան, այնպես էլ մանր ու միջին օղակի աշխատակիցների աշխատավարձը: Այս համակարգում հուլիսի 1-ից ներառվելու է նաև նպատակային սոցիալական վճարը:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որն ընդունվեց նախորդ տարեվերջին և բազմաթիվ քննադատությունների արժանացավ, աշխատավարձի բարձրացման տարբեր գործակիցներ են սահմանված: Եթե սովորական քաղծառայողների դեպքում աշխատավարձի բարձրացումը մոտ 40% է կազմելու, ապա բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրանալու է մի քանի անգամ:
Կրթական ոլորտում աշխատավարձի բարձրացումը չնչին է լինելու: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրերս տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14%: Այդ թվում՝ դպրոցներում և ուսումնարաններում աշխատող մանկավարժների հաշվարկային աշխատավարձը բարձրանալու է 9%:
Աճելու է նաեւ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: Հուլիսի 1-ից Սերժ Սարգսյանի աշխատավարձը կկազմի մոտ 1 մլն 300 հազար դրամ՝ այսօրվա 440 հազար դրամի փոխարեն: Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը բարձրացման արդյունքում կստանան 1 մլն 190 հազար դրամ աշխատավարձ՝ ներկայիս մոտ 400 հազարի փոխարեն: Նախարարների աշխատավարձը կհասնի մոտ 800 հազար դրամի՝ նեկայիս մոտ 300 հազար դրամի փոխարեն:
Պատգամավորների աշխատավարձը հուլիսի 1-ից կկրկնապատկվի՝ դառնալով 660 հազար դրամ՝ ներկայիս 330 հազարի փոխարեն:Մոտ 1 մլն դրամի կհասնի փոխվարչապետի, Գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վերահսկիչ պալատի նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձի չափը:

