ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ. «ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆՍՊԱՆ ԼԻՆԵԼ ՉԷՐ ԿԱՐՈՂ…»
Արխիվ 12-16ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ. «ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆՍՊԱՆ ԼԻՆԵԼ ՉԷՐ ԿԱՐՈՂ…»
«Բռնությունը ոգու դեմ անզոր է,
Քանի դեռ ոգին կա, անապատում պիտի լինի, թե փրփրաշատ գետերի մեջ՝
Միշտ էլ մի գանգրահեր տղա ավազի կամ ալիքների միջից
Կպարզի գլուխը և մեզ ցույց կտա հուսո ճանապարհը»,- ասում է ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ու շարունակում ապրել, ապրում է մտերիմների, ընկերների ու ընթերցողների հուշերում, իր գրքի ու տողի ամեն տառում ու հանգում…
Հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, բանակի գնդապետ, ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի գրական աշխատող, «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչ, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, ՊՆ լրատվության և քարոզչության պետ, Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարների հեղինակ, Նաիրի հրատարակչության տնօրեն Վրեժ Իսրայելյանը հեղինակ է «Մեկին գումարած մեկ», «Չնվաճված աշխարհամաս», «Կարճ-երկար ճանապարհ», «Տոնապետ» և մի շարք այլ գրքերի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով:
Անցած տարի 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել է Վաղարշյան փողոցում գտնվող բնակարանում, իսկ գրասեղանի վրա՝ մի նամակ. «Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռներ, եղբայր ու ընկերներ: Ամենքից ներողություն եմ խնդրում: Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ. մնաք բարով…»:
Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ երջանկահիշատակ գրողին նվիրված հուշ-երեկոն և 500 օրինակով տպագրված, 464 էջից բաղակացած «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսը:
«Այդ կրակոցը մահվանն էր ուղղված, նա երբեք կյանքի վրա չէր կրակի, որովհետև անմահությունն ինքնասպան լինել չէր կարող. անմահությունն անընդհատականություն է: Վրեժի կյանքը շարունակվում է, նա ապրում և ապրեցնում է. մարդու, գրողի այն տեսակն է, որի շուրջ լինելը ժամանավոր բնույթ չի կրում, նրա կյանքն անընդհատական է, ինչպես սերը, լույսը, ինչպես մարդկությունը և, կարծում եմ, նրա խոսքը դեռ սերունդների համար լինելու է լույսի աղբյուր, որը ձեռք է մեկնելու ամենադժվար պահին: Ես Վրեժի կյանքը համարում եմ հաղթական կյանք…»,- կարծում է բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ և շարունակելով հիշել ընկերոջը՝ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ կիսում նրա հիշատակին գրված իր բանաստեղծությունը.
Մոլորակն իմ թինկունքում մնաց,
Նայեցի՝ խաղաղ պտտվում էր,
Հեռվից թվում էր դեմքը սթրփնած,
Այդպես երևի միայն թվում էր,
Իսկ իրականում՝ սերն էր թևածում
Ու բերնեբերան կյանքը ծփում էր,
Բայց այդ երևի միայն թվում էր,
Ես շտապեցի մեռնելու հարցում՝
Ինչ-որ բան իմ մեջ դեռևս հում է:
Վերադարձիս մեջ Աստծո մատը կա,
Թեև իմ հայրը հաստատ ինքը չէ,
Մի քիչ շունչ առնեմ ու ձեզ մոտ կգամ՝
Հոգնել եմ, նոր եմ երկնքից իջել:
«Վրեժի հետ միասին սովորել ենք մեր ծննդավայր Աշնակ գյուղում գտնվող դպրոցում՝ մինչև 3-րդ դասարան: Շատ խելացի, զարգացած տղա էր, սիրում էր ինքնակրթությամբ զբաղվել, մեծատառով մարդ էր համադասարանցիների համար: Դառը ու շատ դժվար մանկություն է ունեցել… Մենք նաև հարևանությամբ էինք ապրում, մեր երկուսի մայրերն էլ մանկավարժներ էին ու ընկերուհիներ: Հետո իրենց ընտանիքը տեղափոխվեց Երևան…»,- հիշում է գրողի համադասարանցի ՕԼՅԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
«Հայ ծնվելուս համար Աստծուն շնորհակալություն չեմ հայտնել, ոչ էլ փնովել եմ իմ ճակատագիրը, ապրել եմ ինձ տրվածով՝ ուժերիս ներածին չափով փախչելով թե՛ ազգային սնապարծությունից, թե՛ ազգային խեղճություից: Նարեկացին ու Սասունցի Դավիթ էպոսը աշխարհի աչքը խոթելուց առաջ փորձել եմ ինքս լցվել նրանցով. երևի ուժս չի պատել: Չէ՛ դա անզորություն չէ, ուրիշ բան է… Ո՞րն է ուժը, այն որ գործադրվում է, թե այն, որ զսպվում է: Կարծում եմ գրականությունը բառերի մեջ զսպված ուժն է, հակառակը՝ աղետն է…»- ասում է ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ գրքի ներածական մասում՝ խոսք ընթերցողին հատվածում:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

