«ԱԼԻԵՎԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ԱՆՁԱՄԲ ՆԱ ԵՎ ԻՐ ԵՐԿԻՐԸ ՇԱՏ ՀԵՌՈՒ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՅԼՆԵՐԻՑ»
Արխիվ 12-16«ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ԱՆՁԱՄԲ ՆԱ ԵՎ ԻՐ ԵՐԿԻՐԸ ՇԱՏ ՀԵՌՈՒ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՅԼՆԵԻՑ»
Այս օրերին ԵԽԽՎ-ում է գտնվում հայաստանյան պատվիրակությունը, ով ցանկացած հնարավորություն բաց չի թողնում ադրբեջանցիներին իրենց տեղը դնելու եւ ճշմարտությունը եվրոպացի գործընկերներին լսելի դարձնելու համար: Ի դեպ, երեկ ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւ Կրտսերը, ում ելույթը ուղեկցվել է երիտասարդների բերանները փակ ակցիայով` ցույց տալով, որ այդ երկրում ազատ խոսք չկա: Սակայն Ալիեւը չընկճվելով դեռ մի բան էլ մատ է թափ տվել հարցեր հնչեցնողների վրա: «Իրավունքը» կապ հաստատեց եւ ԵԽԽՎ-յան վերջին իրադարձությունների մասին զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
- Ալիեւի վարքագիծը ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Ալիեւ Կրտսերն այսօր Եվրոպային ապացուցեց, որ անձամբ նա եւ իր երկիրը շատ հեռու են ժողովրդավարության նշույլնեից: Այս ելույթը եւ հաջորդած հարց ու պատասխանը, որ լի էին սպառնալիքներով, անպարկեշտությամբ ու խեղաթյուրված իրականությամբ, հաստատեցին միայն այն իրողությունը, որ նա անկարող է դիվանագիտական գործիքների կիրառման հարցում:
- Ի պատասխան Ձեր բավական կոշտ ելույթից հետո, ինչպիսի՞ն եղավ ադրբեջանական կողմի եւ եվրոպական գործընկերների արձագանքը:
- Իմ եւ գործընկերներիս ելույթները, բնականաբար, առաջացրեցին ադրբեջանցի եւ ադրբեջանական տաշտակից սնվող եվրոպացիների լուռ եւ խորը դժգոհությունը, սակայն, ինչպես նշել եմ, ԵԽԽՎ-ում կան նաեւ նորմալ, ադեկվատ, պրոֆեսիոնալ պատգամավորներ, ովքեր սթափ են գնահատում իրավիճակը:
- Այն բանից հետո, որ ԵԽԽՎ նախագահը անվերապահորեն ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք անիմաստ չի դարձել այդ կառույցում Հայաստանի մասնակցությունը:
- ԵԽԽՎ նախագահ Ան Բրասորի խոսքում` Հայաստանի համար ոչ ընդունելի հայտարարությունների կողքին, կային նաեւ այլ շեշտադրումներ, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության միայն խաղաղ եւ միայն ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում լուծման վերաբերյալ, Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդրի ու տնտեսական աճի միջեւ կապի բացակայության եւ այլ խնդիրների վերաբերյալ: Իմ կարծիքով, մենք ունենք բավարար հմտություններ ի շահ մեր պետության օգտագործելու ցանկացած խորհրդարանական հարթակ` այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ն:
- Հետաքրքիր է, իսկ մեր պատվիրակությունը արդյո՞ք բավարար միասնական է այս օրերին:
- Մեր պատվիրակությունը բավականին միասնական է, սա անգամ քննարկման ենթակա հարց չէ:
Նշենք, որ Ն. Կարապետյանը անդրադառնալով Ալիեւի ելույթին` ԵԽԽՎ նիստի ժամանակ մասնավորապես նշել է. «Մի քանի ժամ առաջ մենք այստեղ լսեցիք ելույթ, որտեղ ճշմարտությունը խեղաթյուրված էր. Ադրբեջանի նախագահը խոսում էր երկրում իրականացվող բարեփոխումներից, նշում էր, որ կոռուպցիան նվազել է երկրում, ազատ խոսք կա: Սակայն միեւնույն ժամանակ մենք տեսանք, թե ինչպես երիտասարդները բերանները փակ ակցիա իրականացրին` ցույց տալով, որ երկրում ազատ խոսք չկա»: Ապա հավելել է, որ Ադրբեջանում քսենոֆոբիան ու ատելությունը դարձել է պետական քաղաքականության մաս. «Ադրբեջանի հասարակությունը այդ պատճառով ատում է այն ամենը, ինչ կապված է Հայաստանի ու հայկական մշակույթի հետ: Բոլորս ենք հիշում Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով քնած էր եղել: Նման դաժան սպանություններ կարող են պատահել ամեն օր, ցանկացած վայրում, որովհետեւ ադրբեջանական հասարակության անընդհատ սնել են ու դաստիարակել հայերի նկատմամբ ատելության զգացումով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

