ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶԸ
Արխիվ 12-16ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶԸ
Երաժշտության միջազգային օրը` հունիսի 21-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակը` Ազատության հրապարակը, սովորականից ավելի մարդաշատ էր, այս անգամ ոչ թե բազմաբնույթ ցույցերի, այլ` իմպրովիզ համերգի պատճառով: «Պիկ» նախագիծը`
Պայմանական իրականության կենտրոնը, «Ինքնասպանի գրառումներ» բալետային ներկայացման մեծ պրեմիերային ընդառաջ կրկին հանդես եկավ անակնկալներով, այս անգամ` դաշնամուրային: Օպերայի բակում տեղադրված դաշնամուրն առիթ հանդիսացավ, որպեսզի միավորի անցորդներին:
Երեկոն սկսվեց կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի կատարումներով, ում երաժշտական պոեմի հիման վրա էլ բեմադրվել է «Ինքնասպանի գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրաման: Այնուհետեւ նրան միացան դաշնակահարներ, սակայն երեկոյի պիկը հանդիսացավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի քայլը` ով դուրս գալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում տեղի ունեցող
համերգից, գայթակղվելով` միացավ բացօթյա միջոցառմանը, ինչն ավելի ոգեւորեց ու բազմապատկեց Ազատության հրապարակի պատահական անցորդների թիվը, ովքեր ինքնըստինքյան դարձան հանդիսատես: Գրեթե մեկ ժամ Ռ. Ամիրխանյանի հետ միասին հանդիսատես-անցորդները կոմպոզիտորի նվագակցությամբ ձայնակցում էին` կատարելով «Երազ իմ երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի» եւ այլ երգերը, նույնիսկ մի պահ ընկան մանկության գիրկը` երգելով «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես» երգը: «Ես երիտասարդների կողքին եմ. տեսնո՞ւմ եք` ինչպիսի լավ նախաձեռնությամբ են նրանք հանդես եկել, այ, այսպես պետք է բարձրակարգ մշակույթը տարածում գտնի մեզանում»,- ասաց Ռ. Ամիրխանյանն ու հույս հայտնեց, որ այսուհետ Աստված տա, որ այս հրապարակը ծառայի նման համերգների, այլ ոչ թե բողոքական ցույցերի:
«Իրավունքի» հետ զրույցում նախաձեռնության պրոդյուսեր ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ հավաստիացրեց, որ մինչեւ հուլիսի 3-ը` «Ինքնասպանի գրառումներ» բալետային ներկայացման մեծ պրեմիերային ընդառաջ անակնկալները
կշարունակվեն. «Հենց առաջին իսկ օրվանից մենք սկզբունք ունենք մինչեւ միջոցառումը չբացել փակագծերը, ոչ թե որ մեզ համար կարեւոր է մարկետինգը, այլ` մարդկանց անակնկալային դրության մեջ դնելը, անկախ նրանից, թե դա լավ կամ վատ կընդունվի մարդկանց մոտ, այլ, որ մարդկանց անակնկալի` մշակութային շոկի մեջ գցել, դա է մեր սկզբունքը: Այդպես էլ արդեն 5 ամիս է` առաջնորդվում ենք եւ դեռ ոչ մի խոտան այդ սկզբունքների մեջ չենք ունեցել: Մեր ֆլեշ մոբը ցույց տվեց, որ մարդիկ հիանում են, հետաքրքիր է: Եվ Օպերայի տարածքում աֆիշների մոտ տեղադրված բաները, որի վրա ոչ մի ինֆորմացիա չկա, ուղղակի գրված է պրեմիերա, նույնպես հետաքրքրեց մարդկանց, եւ արդեն դաշնամուրային իմպրովիզ համերգը` Օպերայի բակում, նույնպես: Չնայած սա իրադարձություններից միակն էր, որ մեկ օր շուտ բացվեց, բայց դեռ անակնկալ ունենք: Այնպես որ` մեր իրադարձություններն այսքանով չեն ավարտվելու»:
Ըստ Ա. Քոչարյանի` այն, ինչ որ կատարվում է այս օրերին ՊԻԿ նախագծի շրջանակներում, անմիջապես կապ ունի միմյանց հետ. «Շատ պայմանական է ընտրված` ձեւի, մատուցման եւ ժամանակի մեջ, մի բան հստակ է, հուլիսի 3-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս ամբողջի միքսն է լինելու: Չեմ վախենում ասել, որ այն Հայաստանում առաջին անգամ է լինելու, որովհետեւ առաջին անգամ հանդիսատեսը տեսնելու է մի բան, որտեղ կան թատրոնի, կինոյի, երաժշտության, ներկայացման եւ խորեոգրաֆիայի տարրերը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

