ՙԿԱՇԱՌՔ ՉԵՄ ՎԵՐՑՐԵԼª ԽԱԲԵԼ ԵՄ՚
Արխիվ 12-16ՙԿԱՇԱՌՔ ՉԵՄ ՎԵՐՑՐԵԼª ԽԱԲԵԼ ԵՄ՚
Այսօր մենք համոզվելու ենք, որ հանցագործ ոստիկանը ոչնչով չի տարբերվում ՙշարքային՚ հանցագործներից եւ կորցնելով իր մասնագիտական ձեռքբերումները` ոչ մեծ հաջողությամբ փորձում է շշկռացնել իր նախկին կոլեգաներին ու խուսափել առավել խիստ պատժից... ՙԲՆՈՒԹԱԳՐՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ՚
Քրեական օրենսգիրքը, ինչպես եւ Աստվածաշունչը, սահմանում կամ խոստանում է, որ ապաշխարողը կարող է ներվել: Սակայն աստվածային օրենքում գրված չէ, որ գիտակցաբար ՙքըխ՚ արած անձը կարող է բնութագրվել դրական: Իսկ հայրենական քրեական պրակտիկայում այդպիսի դեպքեր հանդիպում են աջուձախ, մանավանդ, եթե բնութագրվում է հանցավոր արարք կատարած ոստիկանը: Թարմ օրինակ էª ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի նախկին ավագ քննիչ Էդգար Ալբերտի Պետրոսյանը: Այդ անձը մեղադրվում է շորթմամբ` խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Առաջին ատյանի դատարանը արդեն հաստատել է մեղադրանքը եւ Է. Պետրոսյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Հաջորդ խոսքը Վերաքննիչ քրեական դատարանինն է, որը եւ հավանաբար կպարզի. կաշառք շորթած ոստիկանին դրական են բնութագրել նրա նախկին գործընկերնե±րը, թե± հարեւանություն- բարեկամությունը...
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԷՐ ՔՆՆՈՒՄ
Էդգար Պետրոսյանը ինքը հարուցել, ինքն էլ վարում էր խարդախության մի գործ: Այդ գործով վարույթը կարճելու համար քննիչ Պետրոսյանը մեղադրյալ Արթուր Հովհաննիսյանին սկզբից վախեցրել էր, հետո մխիթարելª խոստանալով իր ու օրենքի աչքերը փակել 1000 դոլարի դիմաց: Էդգար Պետրոսյանի քրեական գործը քննող քննիչը այսպես է գնահատել իր նախկին կոլեգայի գործողությունները. ՙՎերոհիշյալ գործողություններով Էդգար Պետրոսյանն Արթուր Հովհաննիսյանին դրել է այնպիսի իրավիճակի մեջ, որ վերջինս հարկադրված լինի կաշառք տալ` իր օրինական շահերը պաշտպանելու համար: Արթուր Հովհաննիսյանը մտածելով, որ իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգ կա, դրանից խուսափելու համար...՚: Ով չկռահեցª գրեմ. Ա. Հովհաննիսյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Կաշառք տալու-վերցնելու եւ այն բացահայտելու դեպքի վայր էր հանդիսացել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատասենյակը: Հասկանալի է, որ ԱԱԾ-ն լուրջ կառույց է, եւ կատարված հանցագործությունը հաստատող տեսաձայնագրությունների եւ հատուկ մշակման ենթարկված թղթադրամների պակաս` գործում լինել չէր կարող: Այնպես որ, քննիչ Պետրոսյանը կարող էր արդարանալ միայն այն վարկածով, թե կաշառք ստանալու դեպք չէր եղել, իսկ եղել էր...
ՙԵս անձամբ գումար չեմ պահանջել, վարձահատույց լինելու առաջարկ արել է Արթուր Հովհաննիսյանը, ես էլ չեմ հրաժարվել: Հասկանալով, որ քրեական գործով վարույթը ենթակա է կարճման` տուժողի բողոքի բացակայության պատճառով, որոշել եմ օգտվել այդ առաջարկից եւ Արթուր Հովհաննիսյանից խաբեությամբ գումար հափշտակել...՚,- դատարանում ասել էր մեղադրյալ
Հովհաննիսյանըª պատրաստակամություն հայտնելով ընդունել խարդախության մեղադրանքը:
Հավանաբար, այդ դիրքորոշումը առաջ տանելու համար էր, որ պաշտպանության կողմի միջնորդությամբ` որպես վկա, հարցաքննվել էր Նունե Շահրամանյանը, որը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էր գտնվել Արթուր Հովհաննիսյանի հետ: Ըստ այդ վկայի ցուցմունքիª դատարանը պետք է համոզվեր, որ Արթուր Հովհաննիսյանը թեեւ մեկ այլ դրվագով, բայց խարդախություն անելու հակումներ ունեցել էր:
ՙԱրթուրի հետ միասին 2012 թվականի մարտից մինչեւ 2013 մայիսը վարձակալությամբ աշխատեցրել էինք ՙԵլով սթրիթ՚ սրճարանը: Այնտեղ ցուցադրելու եւ վաճառելու համար տարբեր նկարիչներից Արթուրը կտավներ էր բերել: Արթուրի հետ ամուսնական հարաբերությունները դադարեցնելուց հետո ես շարունակել եմ աշխատանքը սրճարանում, իսկ Արթուրը դադարեցրել էր եւ կտավները տարել սրճարանից: Մի օր սրճարան էր այցելել Սեդա անունով մի աղջիկ եւ փորձել էր տեղեկություններ ստանալ Արթուրի մասին: Սեդան պատմել էր, որ Արթուրն իրենից վերցրել էր երկու նկար` վաճառելու համար, սակայն դրանք կամ դրանց վաճառքից ստացված գումարները իրեն չի վերադարձրել՚, - ասել էր այդ վկան:
Նունե Շահրամանյանի այդ ցուցմունքը մեր ուշադրությանն արժանացավ բացառապես այն պատճառով, որ Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր ոմն Սեդա Առաքելյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա:
Լրագրողին արվեստագետ չես համարի, սակայն դրանից չի հետեւում, որ սույն հոդվածի հեղինակին չի հետաքրքրում ՙոմն Սեդա Առաքելյանի՚ նկարների ճակատագիրը...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

