«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԼԻՆԵԼ ՇԱՏ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԼԻՆԵԼ ՇԱՏ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ
ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Երեկ Ազգային ժողովում կայացավ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը, որ վարում էր ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի պատգամավորներ: Ոչ պաշտոնական հանդիպման թեման այս անգամ «Եվրասիական տնտեսական միության առավելություններն ու հեռանկարներն» էր: Ուշագրավ էր այն, որ ռուս պաշտոնյաները միայն ու միայն գովեստի խոսքեր հնչեցրին Հայաստանի, հայ ժողովրդի եւ մեր պատմության հասցեին` եւս մեկ անգամ ընդգծելով, որ Եվրասիական միությունում Հայաստանին տեսնում են ոչ թե որպես կրտսեր եղբայր, այլ որպես հավասար ռազմական, տնտեսական դաշնակից երկիր:
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ-ի Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ ՎԱՍԻԼԻ ԼԻԽԱՉՈՎԸ նիստի ժամանակ ներկայացրեց իր տեսակետը` Եվրասիական ինտեգրման մասին, ապա նիստից հետո պատասխանեց «Իրավունքի» հարցերին: Վ. Լիխաչովը մասնավորապես նշեց.
-Կարծում եմ` Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը իսկապես դրական է Միության անդամ բոլոր երկրների համար: Կա եւս մեկ հարց, որն ինձ իսկապես հուզում է. ոչ միայն Հայաստանի միջազգային դատական իրավունքի թեման, այլեւ այն փաստը, որ այսօր Հայաստանը չի հայտնվում օպտիմալ ինտեգրացիոն սխեմաների փնտրտուքների մեջ, որոնք տանում են դեպի Եվրամիություն եւ այլ նմանատիպ ատյաններ: Այս իրավիճակում, իհարկե, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը չի կարող մնալ այնպիսի քաղաքական խաղացողի դիրքում, որը հեռադիտակով ուղղակի կարող է հետեւել, թե աշխարհում ինչպես կզարգանան իրադարձությունները: Այնպես որ, Հայաստանը պատրաստ է ե՛ւ մասնակցել աշխարհում ձեւավորված ավանդույթներին, ե՛ւ լինել շատ ակտիվ մասնակից աշխարհի կառավարման գործում:
- Պարոն Լիխաչով, շարունակում է մտահոգիչ մնալ Ուկրաինայում տիրող քաոսային իրավիճակը: Ըստ Ձեզ, ինչի՞ կբերի այդ ամենը:
- Այն իրադարձությունները, որոնք այս օրերին ու հենց այս պահին կատարվում են Ուկրաինայում, գլոբալ աղետ է: Չի կարելի իրավիճակը հասցնել այն աստիճան լարվածության, որ մարդիկ առավել հակված լինեն նեոնացիստական գաղափարախոսության կամ նեոֆաշիզմի` մոռանալով, որ Ուկրաինան ՄԱԿ-ի անդամ է, ոչ վաղ անցյալում դարձավ նաեւ ԱՊՀ անդամ: Ընդհանրապես, ստեղծված այդ անկայուն վիճակը իրական սպառնալիք է ողջ Եվրոպայի համար:
- Իսկ ի՞նչ քայլեր է այս ուղղությամբ ձեռնարկում Ռուսաստանի Դաշնությունը:
- Ռուսաստանի Դաշնությունը ծանր է ընդունում այս փաստը: Մենք հավատարիմ ենք ժնեւյան համաձայնագրին, որը կնքվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, եւ դրանք թե՛ ՀԱՊԿ-ի, եւ թե՛ Եվրամիության շրջանակներում պետք է անպայման կատարվեն: Դրանով վերջ է տրվում ռազմական գործողություններին, ուժի կիրառմանը: Այնպես որ, այսօր Ուկրաինայում ուժի կիրառումը անօրինական է, այն հակասում է միջազգային իրավունքի բոլոր հաստատված նորմերին, ժնեւյան կոնցեպցիային: Ուկրաինական ներկայիս եւ նախորդ կառավարությունները եւ երկրի գործող նախագահ Պորոշենկոն, իհարկե, կորցրել են հնարավորությունը` Ռուսաստանի, ինչպես նաեւ Հարավ-արեւելյան Ուկրաինայի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու: Բայց եթե այսօր միջուկրաինական կոնֆլիկտի մասնակիցները որոշեն նստել կլոր սեղանի շուրջ ու ՄԱԿ-ի հռչակած համաձայնագրերի հիման վրա փորձեն աշխատել, ապա պետք է ասեմ, որ նույնպիսի ցանկություն Ռուսաստանը միշտ է հայտնել եւ կաշխատի բոլոր ուղղություններով ու բոլոր միջազգային հարթակներում:
- Ի դեպ, մեծ թվով ուկրաինացիներ այս դեպքերից փախչելով` ապաստան են գտնում հենց Ռուսաստանի Դաշնությունում...
- Ուկրաինական ժողովուրդը իրական քաղաքական աղետի է մատնված, այսօր փորձության մեջ է: Պաշտոնական տվյալներով` փախստականների թիվը այս պահի դրությամբ կազմում է 20 հազարից ավելի մարդ: Ռուսաստանը նրանց նյութական, քաղաքական, մարդասիրական օգնություն է ցուցաբերում:
- Ի վերջո, ո՞վ պետք է լուծի ստեղծված ուկրաինական բարդ խնդիրը:
- Մենք ենթադրում ենք, որ ՄԱԿ-ը, որը զբաղվում է այդ խնդիրներով, պետք է անպայման մասնակցություն ունենա այս միջազգային կոնֆլիկտի եւ միջազգային հարցի լուծման մեջ: Ռուսաստանը, ինչպես ասում են` իր պարտավորությունները կատարում է, բայց կոնֆլիկտը դարձել է միջազգային խնդիր: Կրկնում եմ` ե՛ւ ՄԱԿ-ը, ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ն, պետք է որոշակի պատասխանատվություն կրեն եվրոպական այս ռեգիոնի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

