«ԹՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՊԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՏՔԵՐՈՎ ՄԵԶ ՉՓՈՐՁԻ ՇԵՂԵԼ»
Արխիվ 12-16«ԹՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՊԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՏՔԵՐՈՎ ՄԵԶ ՉՓՈՐՁԻ ՇԵՂԵԼ»
Նախորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստով ավարտվեց խորհրդարանական գարնանային նստաշրջանը, եւ այդ ընթացքում ընդդիմությունը փորձեց անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաթարվի ԱԺ բնականոն աշխատանքը. մեկ` բոյկոտում էին, մեկ` 20 րոպե ընդմիջում պահանջում, մեկ` տեղի-անտեղի ժխտում ու հակասում իրենք իրենց: Ընդդիմության վարքագծի եւ իշխանության վերաբերմունքի շուրջ էլ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ հետ:
«20 ՐՈՊԵՆԵՐ ԽՆԴՐԵԼՈՎ` ԽԱԹԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, ՉԻ ԿԱՐԵԼԻ»
-Պարոն Աղաբաբյան, ամփոփելով ԱԺ նստաշրջանը` արտահերթ նիստը խափանելու ընդդիմության ձգտումը, ինչպե՞ս կգնահատեք:
- Մեր ժողովրդի որոշակի հատվածը, որը շատ քիչ մաս է կազմում, կաշառված են Արեւմուտքի կողմից` արեւմտյան մտքերով, արեւմտյան ծրագրերով ու գրանտներով: Եվ նրանք փորձում են ինչ-որ գնով, թեկուզ իրենց անպատվեն կամ ոչ լավ եւ ճիշտ մտածեն իրենց մասին, ընդամենը խանգարեն մեր պետության համակարգված ու համաչափ աշխատանքը: Կարելի է լինել կողմ կամ չլինել կողմ, բայց 20 րոպեներ խնդրելով` խաթարել Հայաստանի առաջընթացը, չի կարելի: Ընդդիմությունը մտածում է, որ իրենք գան իշխանության, կարող են ինչ-որ բան անել, ու եթե կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե իրենք խոստանում են, որ գան իշխանության, ամեն ինչ կանեն, ապա դրանք ամենամթագնած հայերն են, որոնք այդպես են մտածում: Մենք մտածում ենք, որ մենք մեր ուժերով պիտի անենք, մեր կարողություններով, մեր հնարավորություններով եւ դիվանագիտությամբ: Մեզ պետք չի ունենանք որեւիցե օտարազգի մայր, որը մեզ կուրծք կտա: Մեզ կերակրողը հայոց աշխարհի ընդերքն է: Մենք փորձում ենք մեր ազգային արժանապատվությամբ, հայոց արժեքներով առաջնորդվել, դրա համար էլ, ընդդիմությունը` ուրիշի փողերով, թող երբեք չգա ու խանգարի Հանրապետականների ուղղամիտ, ճշմարիտ քայլերը:
«ՄԵԶ ՎՐԱ ԵՆՔ ՎԵՐՑՐԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` 20-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՑ
ՄԻՆՉԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՎԱՐՏԸ»
-Մեղադրանքներ էին հնչում օպոզիցիայից, որ արտահերթ նիստով շուտափույթ օրենքներ ընդունելը ճիշտ չէ, եւ քաղաքական մեծամասնությունը դրանց «մատների արանքով է նայում»:
- Ուրեմն` ընդդիմությունն ամեն ինչ օգտագործում է` ժողովրդին տարակուսանքի մեջ դնելու համար` այն մտածողությամբ, թե օրենքները այսպես են, այնպես են: Ընդունված օրենքները միշտ լինում են հանուն հայոց աշխարհի, եւ դրանք հայկական օրենքներ են: Եթե իրենց մտքով անցնում է, որ այդ օրենքները ավելին պիտի լինեն` անգլիական, ամերիկյան կամ գերմանական, շատ սխալվում են: Մեր օրենքները բխում են մեր հայրենիքի շահերից եւ մեր հայոց հմայիչ բնավորության հետեւանքների արդյունքն են: Մենք օրենքներ չենք ստեղծում այլ երկրի չափանիշներով, այլ օրենքներ ենք ընդունում մեր ազգի, պատկանելության, համաչափության համարժեք բնույթով եւ ձեւով: Այնպես որ, թող ընդդիմությունը պոտենցիալ ապազգային եւ ապահայկական մտքերով մեզ չփորձի շեղել:
- Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մամուլում եւ պաշտապնել ոչ իշխանական քառյակի 12 կետից բաղկացած «պահանջագիրը»: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
- Քառյակը քանի՞ հոգի են, քանի՞ տոկոս են... Քանի՞ տոկոսն են իրենք մեր հայրենիքում, մեր ժողովրդի մեջ: Այնպես որ, կասեմ հետեւյալը` մենք շատ ամուր ենք, շատ պինդ ենք, իրար հետ շատ կապված ենք, մենք ամբողջ հանրապետականներով մի ընտանիք ենք: Եվ մեզ վրա ենք վերցրել մեր երկրի պատասխանատվությունը` 20-րդ դարի վերջից մինչեւ 21-րդ դարի ավարտը, առավել եւս, որ գիտենք մեր երկիրը կառավարելու ձեւը: Իրենք ուզում են օտար ձեւերով պաշտպանել հայոց աշխարհին, մենք հայկական ձեւով ենք պաշտպանելու:
- Եվ որպես վերջաբան` ըստ Ձեզ, ինչպիսի՞ քաղաքական ամառ է սպասվում:
- Մենք հանդարտ քաղաքականություն ենք վարում, մյուսները թող մտածեն իրենց համար ակտիվ կլինի, թե` պասիվ: Մենք ոչ մի խոցելիությունից չենք վախենում եւ ունենք Ա-ից Բ կետը գնալու ճանապարհ: Ու այդ ճանապարհը անցնելուց չենք վախենում: Ովքեր մեզ հետ են գալիս, մենք տեր ենք կանգնում, ովքեր հարվածում են, մենք հակահարվածի բոլոր հնարավոր պայմաններն ունենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

