ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՙԵՏԻՆ ԽԵԼՔԸ՚
Արխիվ 12-16
Քոչարյանատերպետրոսյանական քառյակը, որն այսօր հայտնի է որպես ոչ իշխանական ՙհրաշալի՚ քառյակ անունով, իշխանություններին ներկայացրած իր 12 կետանոց պահանջագրի վերաբերյալ ստացավ նաեւ իր կնքահոր` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՙդաբրոն՚: Վերջինս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է վերոնշյալ 12 կետերում արծարծված հարցերին ու, ըստ էության, տվել նույն ձեւակերպումներն, ինչ որ ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ պարագլուխ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հենց Ռ. Քոչարյան-Լ. Տեր-Պետրոսյան ՙձեն ձենի՚ տալու մասին էլ ՙԻրավունքը՚ զրուցեց ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին դաշինքի անդամ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ հետ.
-Այդ մասին ես վաղուց եմ ասել, ուղղակի, հիմա դա դառնում է ինքնախոստովանում` երկուսի կողմից: Շատ վաղուց ասում էի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը համագործակցում են, որովհետեւ եթե ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն համագործակցում են, դա նշանակում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն անուղղակի համագործակցություն ունի Ռոբերտ Քոչարյանի հետ:
- Պարոն Մակեյան, եղած ընտրակարգով 10 տարի կառավարելուց հետո, այսօր Ռ. Քոչարյանը հայտարարում է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը նպաստավոր է: Ըստ Ձեզ, ինչո±ւ ժամանակին այդ կարծիքին չէր:
- Մի ասացվածք կա` ՙհայի ետին խելքը՚: Հիմա դա Ռոբերտ Քոչարյանի համար է ասված, խելոքացել է, ինչ ասեմ: Շահերի խնդիր կա: Այն ժամանակ մեծամասնական ընտրատարածքների օլիգարխներն իրեն էին սպասարկում, այսինքն` 41 մանդատ իր գրպանում էր: Մինչդեռ, հիմա արդեն ընդդիմություն է խաղում, բայց, միեւնույն է, դա էլ է առեւերույթ: Մտածում են օլիգարխների ընտրատարածքների 41 մանդատը վերաբաժանել համամասնական ցուցակներով: Բայց, միեւնույն է, վերաբաշխումը պետք է լինի, ըստ իրենց, այսպես ասած, սցենարի, այսինքն` հիմնականում ԲՀԿ-ի եւ Հանրապետականի միջեւ: Այնպես որ, ըստ իրենց սցենարի` գումարելիների տեղերը փոխելիս` գումարը չի փոխվում:
- Ընդհանրապես, ինչպե±ս կգնահատեք ոչ իշխանական քառյակի հրապարակած 12 կետերը:
- Դա, կարծում եմ, այդ ՙհզոր՚, ՙամպագոռգոռ՚ ՙհրաշալի՚ քառյակի համար ինչ-որ մի փոքրիկ նախաձեռնություն է: Իրենց բոլոր ասածները հետեւանք են այն քաղաքական իրավիճակի, որ ստեղծվել է վերջին 16-20 տարվա ընթացքում: Իրենք պետք է քաղաքական իրավիճակի գնահատականը տային եւ ելքեր առաջարկեին: Մինչդեռ, իրավիճակային բաներ են ասում, որ, ճիշտն ասած, հասարակական կազմակերպություններն ամեն օր ամեն մի ոլորտում իրենց պայքարով` առանց քառյակի էլ, ի ցույց են դնում:
- Ի դեպ, օրերս տեղի ունեցած ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը եկել էր տեսախցիկների ուղեկցությամբ: Ինչպե±ս եք վերաբերում նման երեւույթին:
- Ճիշտն ասած, ես էլ էի մասնակցում հոգեհանգստի արարողությանը եւ տեսա, որ տեսախցիկներ մոտեցան: Մի քիչ ես ինքս էլ կաշկանդված էի: Չեմ էլ իմացել, թե ովքեր էին ինձ մոտեցողները, ու ում տեսախցիկներն էին: Այնպես որ, չեմ կարող գնահատական տալ, թող հանրությունը գնահատի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

