ԵՐԲ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՙՇԱՊՈԿԼՅԱԿԻ՚ ՄԱՆՐ ԿԵՂՏՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Արխիվ 12-16ԵՐԲ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՙՇԱՊՈԿԼՅԱԿԻ՚ ՄԱՆՐ ԿԵՂՏՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Տեղի ունեցավ այն, ինչը անպատկերացնելի էր: ԼՏՊ-ն ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի հոգեհացին ներկայացավ նկարահանող խմբով, որպեսզի արձանագրեն իր ՙդարակազմիկ՚ քաղաքական մտքերը: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ ԼՏՊ-ն հոգեհացի սեղանն է վերածում քաղաքական ելույթների ամբիոնի: Դրանով նա ոչ միայն հողին հավասարեցրեց առաջին նախագահի կարգավիճակը (դա վաղուց է արել), այլ արդեն այն հասցրեց, բառիս բուն իմաստով, աղբանոցային մակարդակի:
ՀԱՄԱՏԱՐԱԾ ԺԽՏՄԱՆ ՙՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚
ԱԺ վերջին արտահերթին ՙքառյակը՚ որդեգրեց բավականին տարօրինակ գործելակերպ: Ամեն ինչում հույսները դնում էին բոյկոտելու եւ քվեարկությունները տապալելու այնպիսի հեղհեղուկ շանսի վրա, ինչպիսին է ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների բացակայությունը: Այսինքն` դրսեւորում էին ոչ թե այս կամ այն հարցին լուծում տալու կամ առնվազն այն հնչեցնելու տրամաբանություն, այլ բացառապես մեկ մղում` ցանկացած գնով կազմալուծել օրենսդիր մարմնի աշխատանքը:
Խմբակցությունների կողմից անվերջ 20 րոպեանոց ընդմիջումներ վերցնելը, ՙՎարման կարգի վերաբերյալ՚ ձայն խնդրելով` Սադախլոյի շուկայի մակարդակի խոսակցություններ ծավալելը... Եվ այդ ամենը` անկախ նրանից, թե ինչ է քննարկվում կամ քվեարկվում: Օրինակ, հարկային բեռը թեթեւացնող օրինագծի հետ վարվեցին այդպես, թեեւ դա մանր ու միջին բազում գործարարների վիճակն է բարելավում, ու նաեւ ՙքառյակի՚ 12 կետերից մեկն էր: Նույնը արեցին եւ ճանապարհային խախտումների տույժերն ու տուգանքները վերանայող օրինագծի հետ, թեեւ դա վարորդների ջախջախիչ մեծամասնության շահերից է բխում եւ նույնպես նույն ՙքառյակի՚ պահանջների բաղկացուցիչ մասն էր: Նույնը` կուտակայինի մասին օրենքի փոփոխությունների պարագայում, թեեւ մասամբ վերացվում է պարտադիր բաղադրիչը, ու մասամբ բավարարվում է ե°ւ ՙքառյակի՚, ե°ւ ՙԴեմ եմ՚ նախաձեռնության պահանջը... Ու այդպես շարունակ, թեեւ նորմալ ընդդիմությունը պետք է որ չփորձեր տապալել այն օրինագծերը, որոնք իրենց իսկ պահանջները մասնակիորեն բավարարում են:
Տպավորությունն այնպիսին է, որ եթե ձեռքները ճար լիներ` աքցանով կկտրեին էլեկտրալարերը, որպեսզի դահլիճում լույս չլինի, ու խորհրդարանը չաշխատի: Խոշոր հաշվով, Գալուստ Սահակյանի դիտարկումը, որ այդպիսի գործելակերպի պատճառով կասկածում է այդպիսի ընդդիմադիրների հայ լինելը, իրականությունից հեռու չէ, քանզի հայ մարդկանց պարագայում չարացածության եւ ժխտողականության այդպիսի մակարդակը անպատկերացնելի է:
Իսկ թե ո±րն է այդ ժխտողականության տրամաբանությունը, թերեւս կարելի է հասկանալ` ելնելով այն հանգամանքից, որ հաշվված օրեր անց մեր երկիրը ստորագրելու է Մաքսային միություն մտնելու վերաբերյալ համաձայնագիրը, ինչին կտրականապես դեմ է եւ ամեն կերպ խոչընդոտում է ՙքեռի Սեմը՚, եւ այդ ՙմանր կեղտոտությունների՚ շարանը, որը շատ է նման խորհրդային ժամանակվա մուլտերի ՙՇապոկլյակի՚ վարքագծին, ընդամենը գլխավոր փորձն էր` ԱԺ-ում Հայաստանի եվրասիական ինտեգրման փաստաթղթերի վավերացման նիստին ընդառաջ: Այս արտահերթին փորձարկվեցին բոլոր հնարավոր հնարքները, թե ինչպես տապալել խորհրդարանի աշխատանքները:
Եվ փույթ չէ, որ ՙքառյակի՚ գործողություններին դրսում աջակցում էին ընդամենը մի քանի տասնյակ ակտիվիստներ, ովքեր իրենց փոքրաքանակությունը փորձում էին փոխհատուցել ագրեսիայի շատ բարձր մակարդակով: Ու այդտեղ էլ երեւաց մեր ոստիկանության ցածր պրոֆեսիոնալիզմը` նմուշի համար նույնիսկ մի քանի ոստիկան չէր ուղարկվել ԱԺ-ի մոտ, որպեսզի պատգամավորներին զերծ պահեն ակտիվիստների ագրեսիայի դրսեւորումներից: Ցածր պրոֆեսիոնալիզմը երեւաց եւ երեկ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ հավաքվել էին շուրջ 100-ի չափ քաղաքացիներ` պահանջելով չթանկացնել էլեկտրաէներգիայի սակագները: Ցուցարարներին ցրելու ժամանած ոստիկանների գործելակերպը ավելի շուտ նման էր քուչի կռվի, քան չարտոնված զանգվածային միջոցառման դադարեցմանն ուղղված ոստիկանական գործողության, եւ տպավորություն էր ստեղծվում, որ ինչ-որ տեղից հավաքել են քուչի պպզողների եւ հագցնելով ոստիկանի համազգեստ` ուղարկել են ցույցի վայր: Համ էլ, նույն ոստիկանության գործողությունների տրամաբանությունն էր անհասկանալի` հայտարարվեց, որ բողոքի ակցիան անօրինական է, սակայն 27 ցուցարարների բերման ենթարկելուց հետո ցույցը շարունակվեց: Հիմա, եթե ապօրինի էր, ինչո±ւ չէր դադարեցվել ամբողջովին, իսկ եթե այնուամենայնիվ, օրինական էր, ապա էլ ում էին պետք ոստիկանների բավականին անվարժ գործողությունները: Եվ հարց է ծագում, արդյո±ք այդպիսի որակի ոստիկանական կադրերով հնարավոր կլինի առավել մասշտաբային կոնֆլիկտային իրավիճակներում ապահովել կարգուկանոնը եւ կայունությունը մայրաքաղաքում:
Ի դեպ, նաեւ այդ միջադեպի կապակցությամբ ՙքառյակի՚ վարքը անհասկանալի էր եւ չէր համապատասխանում խելքը գլխին ընդդիմության չափանիշներին: Ի վերջո, նույն ՙքառյակը՚ իր պահանջների մեջ է մտցրել եւ էլեկտրաէներգիան չթանկացնելը, մի բան էլ դա համարել է հրատապ պահանջ, սակայն ցույցի ժամանակ նմուշի համար ՙքառյակը՚ ներկայացնող գոնե մեկ պատգամավոր չկար: Նրանք հետո եկան` Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Էլինար Վարդանյանը: Եկան, որպեսզի ոստիկանատանը հաշվեն բերման ենթարկվածների կապտուկների քանակը: Այսինքն` ՙքառյակ՚ կոչեցյալին հետաքրքրում էր ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի աճի դեմ արդյունավետ բողոք կազմակերպելը, այլ ընդամենը պետք էր, որպեսզի լինի միջադեպ ու հետո այդ միջադեպի վերաբերյալ գոռգոռան աշխարհով մեկ: Գործելակերպ, որը շատ բնորոշ էր օրինակ, ԼՏՊ-ին 2008-ի մարտի 1-ին, երբ ՙառաջնորդը՚ բախտի քմահաճույքին էր թողել գազազած ցուցարարներին եւ իր սեւ դղյակում հանգիստ սպասում էր արյունալի հանգուցալուծմանը: Երեւում է ծերուկ Լեւոնը բավականին լավ աշակերտներ ունի:
ԿՐԿԻՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
ՙՔառյակի՚ պահանջները, որպես այդպիսին, կարելի է ասել, որ մերժվել են իշխանության կողմից: Նախարար Դավիթ Հարությունյանը այդ մերժումը ձեւակերպել է բավականին չոր, իսկ ՀՀ նախագահը` ավելի մեղմ ձեւակերպումներով: Եվ ահա, նույն ՙքառյակի՚ 12 պահանջների թեմայով հրապարակավ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը: Հիմա ստույգ դժվար է ասել` դա ՙքառյակի՚ կողմից ՙտղա կանչելու՚, թե ՙպապա կանչելու՚ դրսեւորումն էր, միգուցեեւ գլխանց այդ կետերի առաջ քաշման նախաձեռնությունը գալիս էր նախկին նախագահներից:
Ինչեւէ, առաջին թիրախը Ռոբերտ Քոչարյանի կողմից Որոտանի հէկ-ի վաճառքի պայմանագիրն էր, եւ նախկին նախագահը պաթոսով բացահայտում է. ՙԱկնհայտ է նաեւ, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների (կամ անկշտության) դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը՚: Դեռ մի բան էլ, Քոչարյանը բարբառում է գործարքի հետ կապ ունեցող անձանց ՙպատասխանատվության ենթարկելու՚ մասին, մոռանալով, որ հենց իր նախագահության օրոք եղան բազում, մեղմ ասած, կասկածահարույց սեփականաշնորհումներ, այդ թվում եւ բաշխիչ ցանցերի` գնորդի համար գերշահույթի միջավայր ապահովող պայմաններով սեփականաշնորհումը... Այնպես որ, ով-ով, բայց Ռոբերտ Քոչարյանը պետք է լռեր էլեկտրաէներգիայի թանկացման մասին, քանզի հենց ինքն է դրել պարբերական անխուսափելի թանկացումների հիմքը:
Նախկին նախագահը անդրադարձ կատարեց նաեւ ճանապարհային խախտումների տուգանքներին (թեեւ խորհրդարանն արդեն վերանայել է դրանք) եւ մայրաքաղաքի կայանատեղիներին` ամեն քայլափոխի քարոզ կարդալով, թե ինչպես է այս կամ այն հարցը լուծվում ՙքաղաքակիրթ Եվրոպայում՚: Ռոբերտ Սեդրակիչը հիշատակեց գերշահույթների ցինիզմն ու անբարոյականությունը, մենաշնորհների գոյությունը եւ այլն, մոռանալով, թե ինչպես էր հենց ինքը արմատավորել եւ ավարտուն տեսքի հասցրել օլիգարխիկ մենաշնորհները եւ դարձել օլիգարխիկ մի ամբողջ ՙկայսրության՚ տնօրինող:
Բայց ոչ պակաս զավեշտալի էր, որ Ռոբերտ Քոչարյանն արտահայտվեց ՙքառյակի՚` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու պահանջի օգտին: Նախ, իր պաշտոնավարման 10 տարիներին նա ուներ բոլոր հնարավորությունները կատարելու այդ անցումը, առավել եւս, որ Սահմանադրության փոփոխություններ էր նախաձեռնել եւ անցկացրել: Իսկ ՙքառյակի՚ պահանջը` ընդդիմության օժտելու վերահսկողական լծակներով ողջունելի համարելը գոնե Ռոբերտ Քոչարյանի պարագայում առավել քան ծիծաղաշարժ է հնչում, եթե հիշենք, թե ինչպես էր նա վարվում ընդդիմության հետ եւ հոխորտում ՙՈվ է այն տղամարդը՚ բանաձեւով:
Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ 2007-ի սեպտեմբերին, երբ ԼՏՊ-ն վերադառնում էր ակտիվ քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նորմալ է վերաբերվում վերադարձին, բայց դրանով առաջին նախագահը խորհրդարանական բարձունքից իջնում է եւ դառնում ՙշարքային ընդդիմադիր` դրանից բխող հետեւանքներով՚: Ըստ էության, արդյո±ք հիմա ՀՀ երկրորդ նախագահը չի մոտեցել ՙշարքային ընդդիմադիր` դրանից բխող հետեւանքներով՚ դառնալուն: Կարծես թե, դրան շատ նման է, քանի որ ՀՀԿ ներկայացուցիչները մասնավորապես ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռոբերտ Քոչարյանին պատասխանում են այնպես, ինչպես ընդունված է պատասխանել շարքային ընդդիմադիրին: Այսպես, Երեւանի քաղաքապետը փաստացի առաջարկում է Քոչարյանին, որ եթե կայանատեղիների սպասարկումը համարում է գերեկամտաբեր, ամբողջովին դրա գնումը կատարի. ՙՉփորձելով հաշվապահական հաշվառման մակարդակում ներկայացնել օպերատորի շահութաբերության հարցը, կառաջարկենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ այս ծառայությունը ներկայումս ապահովում է բավարար շահութաբերություն, օգտվել օպերատորի հայտարարությունից եւ կատարված ներդրումների արժեքով ձեռք բերել կազմակերպության բաժնետոմսերն ամբողջությամբ եւ ստանալ ենթադրյալ գերշահույթները՚: Իսկ Կարեն Ավագյանը բավականին կոշտ է հակադարձում Ռոբերտ Քոչարյանին` կետ առ կետ, ու հատկապես հակադարձումը շատ կոշտ է երրորդ կետի առնչությամբ. ՙԻ±նչ է նշանակում ընդդիմությանն օժտել վերահսկողական լծակներով: Ընդդիմության գործը, եթե չենք սխալվում, պետք է լինի պայքարը` իշխանական համակարգի դոմինանտ ռեսուրսները ձեռք բերելու համար: Եթե ընդդիմությունը իշխանական համակարգում ստանում է լծակներ, ապա էլ ի±նչ ընդդիմություն: Եվս մեկ նկատառում` Ռոբերտ Քոչարյանի շարադրանքը սկսել է համընկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերին: Ձեռագիրը կարծես թե նույնն է: Ով ում պլագիատն է, ժամանակը ցույց կտա՚:
Այո, ճիշտ է նկատված, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների ձեռագրերը նման են, ինչ վերաբերում է ՙպլագիատի՚ հանգամանքին, ապա մնում է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության օրոք պարծենում էր գիրք չկարդալով, իսկ Տեր-Պետրոսյանը մեռած լեզուների մասնագետ է եւ գիտությունների դոկտոր: Թե ինչպիսի անփառունակ վախճանի է մոտենում ԼՏՊ-ի քաղաքական կարիերան, բոլորիս աչքի առաջ է: Իսկ մեռած լեզուների մեթոդաբանությամբ կազմված ՙձեռագիրը՚ երկրորդ նախագահին փոխանցելը նույնպես ենթադրելի է դարձնում ապագա մեռելածին արդյունքը:
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչու զգուշավոր եւ շրջահայաց Ռոբերտ Քոչարյանը այս պահին բավականին կտրուկ միջամտություն է կատարում, չէ± որ համապետական ընտրությունները 2017-2018 թվականներին են, երբ հանգիստ կարելի է փորձել սեփական ուժերը: Թերեւս, նա մեծագույն մտավախություններ ունի հատկապես Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներից, որոնց դեմ պայքարը դարձել է ՙքառյակի՚ բոլոր ուժերի, բացառությամբ ՀՅԴ-ի, առանցքային կետը: Միգուցե, նա մտավախություն ունի, որ երկու ժամկետից ավել պետության ղեկը չստանձնելու` Սերժ Սարգսյանի հնչեցրած գաղափարը իմպերատիվ ձեւով ամրագրվի Սահմանադրությունում, դրանով իսկ անխուսափելի դարձնելով ՀՀ երեք նախագահների ՙեռանկյունուց՚ քաղաքական դաշտը հանելը: Իսկ այս պահին միջամտելը նշանակում է, որ նախկին նախագահները խաղում են ամերիկյան գործողություններին համահունչ: Եվ այդպիսի խաղը, ժամանակային առումով, ունի շատ նեղ պատուհան, աշնանից հետո այն դառնալու է արդեն լրիվ իմաստազրկված:
Իսկ հիմա մոբիլիզացվում են բոլորն անխտիր: Ե°վ իրավիճակից սեփական շահ քաղել ձգտողները, ե°ւ բացահայտ 5-րդ շարասյուները, ե°ւ ծպտյալ գործակալները, այդ թվում եւ չինովնիկության շրջանում: Ու դեռ հնարավոր է, որ որոշ պաշտոնատար անձանց կողմից կտեսնենք բացահայտ վնասարարությունից չտարբերվող, պետական տրամաբանությունից դուրս գործողություններ: Դե, իսկ ագրեսիվ, ստի եւ կեղծիքի վրա կառուցված քարոզչության մասին չենք էլ խոսում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

