ԻՐԱԿԱՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
Որպես կանոն, գողը միշտ առաջինն է գոռում` «բռնեք գողին»: Քաղաքականության մեջ էլ նույն կերպ է. եթե մի քաղաքական ուժը մեկ այլ քաղաքական ուժին մշտապես մեղադրում է նույն բաներում` օգտագործելով նույն տերմինաբանությունը, նշանակում է մեղադրողն իր անցյալում պետք է անպայման իր իսկ նշած երևույթների մասնակիցը, եթե ոչ հիմնադիրը լինի:
Իրեն ընդդիմություն համարող նախկին իշխանության՝ ՀՀՇ-ՀԱԿ-ի ղեկավար ԼՏՊ-ի բառապաշարում ամենահաճախ օգտագործվող բառերից են «ավազակապետությունը», «ավազակապետերը» և «ավազակները»: Թե ինչու է 7 լեզվի տիրապետող «գիտնականն» իր բառապաշարը սահմանափակում նույնանման մի քանի արտահայտություններով, այդ մասին թող մտահոգվեն լեզվաբանները: Մենք պարզապես փորձենք փաստարկված օրինակով ներկայացնել, թե իրականում ինչ է «ավազակապետություն» ասվածը: Թալան, քաղաքական սպանություններ, բռնություններ, կեղծիքներ, ամենաթողություն. այս ամենը խիստ բնորոշ էր ՀՀՇ-ի իշխանության շրջանին, իսկ այս ամենի գլուխ կանգնած ԼՏՊ-ն, իհարկե, կարող է հարմար դիրք գրավել և բոլոր հանցանքները բարդել իր շրջապատի որոշ մարդկանց վրա: Բայց մի՞թե նա չգիտեր, թե ովքեր են իրեն շրջապատում: Բնականաբար, գիտեր, ավելին՝ ինքն էր նրանց ընտրում, ինչի բազմաթիվ ապացույցներից մեկը ներկայացնենք ստորև:
Վանո Սիրադեղյանի «քիլլեր» Արմեն Տեր-Սահակյանի և նրա բանդայի հանցավոր գործունեության, նրանց կողմից իրականացված քաղաքական սպանությունների, մահափորձերի և այլ հանցավոր գործողությունների մասին արդեն իսկ տեղյակ ենք (դրանց առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում): Տեղյակ ենք նաև, որ հանցավոր բանդայի անդամները Վանո Սիրադեղյանի կողմից 1992թ. աշխատանքի էին ընդունվել ՆԳՆ համակարգ: Իսկ նման քայլերը բացառվում է, որ կատարվեն առանց գլխավոր ավազակապետի իմացության և համաձայնության: Այստեղ առավել ուշագրավն այն է, որ մինչև ԼՏՊ-ի և Վանոյի կողմից «ընտրվելը», ՆԳ համակարգ ընդունվելը և հանցավոր բանդա կազմավորելը Արմեն Տեր-Սահակյանը արդեն իսկ եղել է դատապարտված՝ իր կողմից կատարված հանցագործության համար, ինչի վերաբերյալ կա համապատասխան փաստաթուղթ: Ներկայացնում ենք 1990թ. տեղի ունեցած դատական նիստի վերաբերյալ փաստաթղթից մի քանի հատված, որտեղ ամբաստանյալը հենց Արմեն Տեր-Սահակյանն է.
«1990թ. հոկտեմբերի 9-ին ժողդատարանում դռնբաց նիստում քննեց գործն ըստ մեղադրանքի Արմեն Սահակի Տեր-Սահակյանի, (ծնվ.1964թ. Երևան քաղաքում, ազգությամբ հայ, հայկական հանրապետության քաղաքացի, ութամյա կրթությամբ, ֆիզիկապես առողջ, չի աշխատել) մեղադրվում է Հանրապետության Քր.օր.-ի 146հ 2մ, 147հ 3մ, 232հ 3մ և 232հ 1մ, մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն»:
Սույն քր.գործի դատավճռի համաձայն, ավազակային հարձակման և շորթման նպատակով Արմեն Տեր-Սահակյանը կազմավորել է հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է մի քանի քրեական հանցագործների, այդ թվում նախկինում 8 անգամ դատված, առանձնապես վտանգավոր կրկնահանցագործ Ռուբիկ Բարսեղյանին: Գալով հանցավոր համաձայնության, բանդայի անդամները Ա.Տեր-Սահակյանի գլխավորությամբ առևանգել են մի ոսկերիչի, նրան տարել «Կորեայի ձոր» և զենքի սպառնալիքով պահանջել 100.000 գումար, իսկ առավել համոզիչ լինելու համար Ա.Տեր-Սահակյանը մի քանի անգամ կրակել է առևանգվածի ոտքերի տակ: Վերջինս նշել է, թե ներկա պահին այդքան գումար չունի և իրեն ազատ արձակելու դիմաց խոստացել է հաջորդ օրը փոխանցել նշված գումարը: Բանդայի ձեռքից ազատվելուց անմիջապես հետո ոսկերիչը դիմել է իրավապահ մարմիններին և պատմել իր հետ կատարվածը, ինչից հետո ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ միջոցառումներ: Գումարը հանձնելու պատրվակով կազմակերպված հանդիպման ընթացքում բանդայի անդամները զինված դիմադրություն են ցույց տվել իրավապահներին, Ա.Տեր-Սահակյանը դեպքի վայրից մեքենայով դիմել է փախուստի, կրակել է իրավապահների ուղղությամբ, ինչից հետո ձերբակալվել է: Ա.Տեր-Սահակյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ անօրինական զենք-զինամթերք:
1990թ. դատարանը Արմեն Տեր-Սահակյանին դատապարտում է 8 տարվա ազատազրկման, սակայն այդ ժամանակվա ՀՀՇ-ի կարկառուն դեմքերի միջնորդությամբ (սպառնացել են դատավորին) նրա նկատմամբ կիրառվում է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի պայմանական ազատազրկում: Դատավճռից անմիջապես հետո գործով տուժող ոսկերիչը, ականատես լինելով այդ անարդարությանն ու անպատժելիությանը, ընտանիքի հետ միասին լքում է Հայաստանը` վախենալով ազատության մեջ հայտնված հանցագործ Ա.Տեր-Սահակյանի վրեժխնդրությունից:
Ավելի ուշ` 1992թ., գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարված ամնիստիայի շրջանակներում Արմեն Տեր-Սահակյանի դատվածությունն ընդհանրապես հանվում է նրա վրայից, նա այսպես ասած «մաքրվում» է երկրի բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ: Դրանից անմիջապես հետո Վանո Սիրադեղյանը, հաշվի առնելով Ա.Տեր-Սահակյանի քրեական անցյալը, նրան ընդունում է ՆԳ համակարգ: Սա արդեն ոչ այլ ինչ է, քան վառ ապացույց այն բանի, որ ՀՀՇ-ական իշխանությունները Արմեն Տեր-Սահակյանին նախապես էին ընտրել, պատրաստել, որից հետո միայն նրա գլխավորությամբ կազմավորել են բանդա ու սկսել սպանությունների հանձնարարություններ տալ: Այսինքն, ամենաթողությունը, «բեսպրեդելը» կազմակերպվում և խրախուսվում էր հենց իշխանությունների` տվյալ դեպքում անմիջականորեն Տեր-Պետրոսյանի ու Սիրադեղյանի կողմից, ինչն էլ իրական ավազակապետության ամենաբնորոշ գծերից է:
Այս կարգի ամենաթողությունների արդյունքում էր, որ երկրում ուժեղ թափ առավ արտագաղթը, որը շարունակվում է մինչ օրս: Իսկ գլխավոր ավազակապետը շարունակում է մնալ իր սև տանը և երբեմն-երբեմն այնտեղից տարբեր մեղադրանքներ է հնչեցնում: Մեղադրանքներ, որոնց հեղինակը և հիմնադիրը հենց ինքն է:

