ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԿԿԱՏԱՐԻ Ի. ՍՏՐԱՎԻՆՍԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԿԿԱՏԱՐԻ Ի. ՍՏՐԱՎԻՆՍԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Համերգ ճեմասրահում» նախագիծը (երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան, նախագծի հեղինակ՝ Շմավոն Գրիգորյան) ս.թ. հունիսի 25-ին ներկայացնում է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի բացառիկ մենահամերգը՝ նվիրված 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկուն: Համերգի անվանումը՝ «ՍՏՐԱՎԻՆՍԿԻ. ԲԱԼԵՏԱՅԻՆ ՍԵԿՎԵՆՑԻԱՆԵՐ», արդեն հուշում է երեկոյի հիմնական բովանդակությունը. դաշնակահարը կկատարի կոմպոզիտորի երեք ճանաչված բալետների դաշնամուրային փոխադրումներ՝ «Պետրուշկա», «Սրբազան Գարուն» և «Հրեղեն Հավք», ինչպես նաև կհնչեցնի Ստրավինսկու օրիգինալ դաշնամուրային ստեղծագործություններ՝ պիեսներ «Serenada in A» և «Հինգ մատի համար» շարքերից:
«Որպես կանոն, Հայկ Մելիքյանի մենահամերգները միշտ առանձնանում են իրենց ոճական և գաղափարային բովանդակությամբ, բայց այս անգամ հայ ունկնդրին սպասում է դաշնամուրային երաժշտության գերվիրտուզ համերգ, որտեղ Հայկ Մելիքյանը հունիսի 25-ին այս ձևաչափով առաջին անգամ կներկայացնի նախորդ դարի համաշխարհային հանճարներից մեկի՝ Ստրավիսնկու երաժշտությունը: Համոզված եմ, որ այն մեծ արձագանք կգտնի հայ երաժշտասեր հասարակության շրջանում: Այս նախագիծը ներառված է Հայկ Մելիքյանի 2015-2016թթ. համերգային շրջագայության ծրագրում և հնչեցվելու է աշխարհի տարբեր անկյուններում», - «Իրավունքին» հայտնել է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

