ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶԸ
Արխիվ 12-16ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ
ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶԸ
Երաժշտության միջազգային օրը` հունիսի 21-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակը` Ազատության հրապարակը, սովորականից ավելի մարդաշատ էր, այս անգամ ոչ թե բազմաբնույթ ցույցերի, այլ` իմպրովիզ համերգի պատճառով: «ՊԻԿ» նախագիծը` Պայմանական իրականության կենտրոնը, «Ինքնասպանի գրառումներ» բալետային ներկայացման մեծ պրեմիերային ընդառաջ կրկին հանդես եկավ անակնկալներով, այս անգամ` դաշնամուրային: Օպերայի բակում տեղադրված դաշնամուրն առիթ հանդիսացավ, որպեսզի միավորի անցորդներին:
Երեկոն սկսվեց կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի կատարումներով, ում երաժշտական պոեմի հիման վրա էլ բեմադրվել է «Ինքնասպանի գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրաման: Այնուհետեւ նրան միացան դաշնակահարներ, սակայն երեկոյի պիկը հանդիսացավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի քայլը` ով դուրս գալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում տեղի ունեցող համերգից, գայթակղվելով` միացավ բացօթյա միջոցառմանը, ինչն ավելի ոգեւորեց ու բազմապատկեց Ազատության հրապարակի պատահական անցորդների թիվը, ովքեր ինքնըստինքյան դարձան հանդիսատես: Գրեթե մեկ ժամ Ռ. Ամիրխանյանի հետ միասին հանդիսատես-անցորդները կոմպոզիտորի նվագակցությամբ ձայնակցում էին` կատարելով «Երազ իմ երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի» եւ այլ երգերը, նույնիսկ մի պահ ընկան մանկության գիրկը` երգելով «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես» երգը:
«Ես երիտասարդների կողքին եմ. տեսնո՞ւմ եք` ինչպիսի լավ նախաձեռնությամբ են նրանք հանդես եկել, այ, այսպես պետք է բարձրակարգ մշակույթը տարածում գտնի մեզանում»,- ասաց Ռ. Ամիրխանյանն ու հույս հայտնեց, որ այսուհետ Աստված տա, որ այս հրապարակը ծառայի նման համերգների, այլ ոչ թե բողոքական ցույցերի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. «ՊԻԿ» նախագծի դաշնամուրային իմպրովիզ համերգի մասին առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»

