''Հայկ Կյուրեղյանը կանգնած չէ Շանթ Հարությունյանի կողքին''
Արխիվ 12-16''Հայկ Կյուրեղյանը կանգնած չէ Շանթ Հարությունյանի կողքին''
Հունիսի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում Շանթ Հարությունյանի և նրա համակիրների դատական նիստից առաջ ոստիկանների ուղղությամբ կրակ էր բացել Հայկ Կյուրեղյանը: Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով):
«Իրավունք»-ի թղթակիցն այսօր Շանթ Հարությունյանի կնոջից` Ռուզան Բադալյանից հետաքրքրվեց` արդյոք Հայկ Կյուրեղյանի նման երիտասարդի անհավասարակշիռ պահվածքը դիտավորություն չէ` մասնավորապես երիտասարդն իր այս պահվածքով ցույց տվեց, թե անհավասարակշիռ մարդիկ են կանգնած Շանթ Հարությունյանի կողքին: Ռուզան Բադալյանը հիշեցրեց Կյուրեղյանի այն հայտարարությունը, թե նա ոչ բոլոր դեպքում է համակարծիք Շ. Հարությունյանի գաղափարներին, կանգնած չէ Շանթի կողքին: «Նա իր այդ պահվածքով բոյկոտեց Հայաստանում գործող դատական համակարգը: Չեմ կարծում` նա իր այդ քայլով պիտակավորեց Շանթ Հարությունյանին: Թե որքանով էր Հայկի քայլը միտումնավոր, կդժվարանամ ասել, քանի որ չեմ ճանաչում նրան»,- եզրափակեց Ռուզան Բադալյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

