ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԻԱԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵ՞ԼՆ Է
Արխիվ 12-16ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԻԱԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵ՞ԼՆ Է
Հունիսի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Շանթ Հարությունյանի գործով հարուցված հերթական դատական նիստը, քանի որ ամբաստանյալների դատապաշտպանները ներկա չեն եղել դատական նիստին: Դատական հերթական նիստը նշանակվել է հունիսի 25-ին ժամը 12:00-ին: Գործով կա 14 մեղադրյալ, որոնց թվում է նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:
Այսօրվա մամլո ասուլիսում Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ դատական նիստը հնարավոր չէ անցկացնել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան դահլիճում, քանի որ այն բավական փոքր է. «Այսօր ամբաստանվում է 14 անձ, սակայն ոչ բոլորի հարազատներն են կարողանում ներկա լինել դատական նիստին: Անգամ ես նախորդ դատական նիստի ժամանակ, երբ մի փոքր ուշացումով էի հասել նիստին, մեծ դժվարությամբ մտա դահլիճ»:
Ինեսա Պետրոսյանի համոզմամբ` դատական նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալների պաշտպանները ավելի մեծ դահլիճում դատական նիստերն անցկացնելու առաջարկ էին արել, սակայն առաջարկը մերժվել է:
14 ամբաստանյալներից Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանն էլ ևս կարևորեց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի հրապարակայնացման և հանրությանը հնարավորություն ընձեռելու հանգամանքը: «Իշխանությունները պետք է ապահովեն հասարակության մասնակցությունը այս գործին: Անհրաժեշտ է նորմալ պայմաններ ապահովել դատավարության մասնակիցների համար, պաշտպանը պետք նստի պաշտպանյալի կողքին ու կարողանա շփվել նրա հետ: Ինչու դատարանը չի ապահովում ավելի մեծ դահլիճ: Հուսով ենք՝ սա միտումնավոր չէ»:
Բանախոսները չբացառեցին, որ ամբաստանյալներն ու նրանց հարազատները հնարավոր է բոյկոտեն դատական նիստերը, մինչև չապահովվեն նորմալ պայմաններ:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

