ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. ՛՛Ամբողջը ջուր ծեծոցի է, հոսանքի թանկացումն անհիմն է՛՛
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. ՛՛Ամբողջը ջուր ծեծոցի է, հոսանքի թանկացումն անհիմն է՛՛
Ինչպես արդեն հայտնի է, այս տարվա օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան կթանկանա 4 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տարբեր առիթներով հայտարարել է` էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, սակայն, հիմնավոր չի համարում հոսանքի թանկացման մասին հայտարարությունը: ՀԴԿ ղեկավարն օրեր առաջ նամակ է հղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և առաջ քաշել մի շարք հարցադրումներ: Պատասխանները, սակայն, չեն գոհացնում կուսակցության ղեկավարին. «Ամբողջը ջուր ծեծոցի է: Հարց ենք տալիս` ինչո՞ւ աուդիտ չեք արել, որպեսզի իմանաք` ինչ վիճակում են «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ը, որն իբր թե վնասով է աշխատում, պատասխանում են` աուդիտ արվում է: Դե եթե արվոմ է, ինչպե՞ս հասկանանք` ինչու նախորդ տարի 8 դրամով հոսանքի թանկացման ժամանակ հաշվի չէր առնվում այն բոլոր խնդիրները, որոնց մասին այսօր են խոսում»:
Բանախոսի խոսքով` «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի վատ մենեջմենթի պատճառով տուժում է ժողովուրդը: «Ասում են` ատոմակայանը 4 ամիս չի աշխատել, որի պատճառով էլ իրենց մոտ գինը բարձրացրել է, բայց մոռանում են մի բան նշել. «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ատոմակայանի չաշխատելու և ֆորս մաժորային իրավիճակներում ամորտիզացիոն ֆոնդ պետք է ունենա մինչև խնդիրը կլուծվի»,- մանրամասնում է Արամ Սարգսյանը և հավելում` այս ամենի պատճառը գրեթե բոլոր ոլորտներում տիրող կոռուպցիան է:
Ինչ վերաբերում է ժողովրդի պասիվությանը և կարծես թե հոսանքի գն բարձրացման նկատմամբ անտարբեր լինելուն, Արամ Սարգսյանն ու ասուլիսի մյուս բանախոս, ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը այդ տեսակետին այնքան էլ համաձայն չեն. նրանց կարծիքով անհրաժեշտ է կազմակերպված ընդդիմություն` հասարակությանը ոտքի հանելու համար: «Իշխանությունները պարբերաբար այն միտքն են հղել հասարակությանը, թե նրանք ոչինչ չեն կարող փոխել: Այդ պատճառով էլ մարդիկ տանը նստած` մտածոմ են`ոչինչ չեն կարող անել»,- հավելեց Արամ Սարգսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

