«ՖՐԵՍԿՈ» ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ`«ՎՆԱՍՎԱԾԸ ՎԵՐԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ» ԽՈՐԱԳՐՈՎ
Արխիվ 12-16«ՖՐԵՍԿՈ» ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ`
«ՎՆԱՍՎԱԾԸ ՎԵՐԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ» ԽՈՐԱԳՐՈՎ
Արարատյան Հայրապետական թեմի օրհնությամբ «Ֆորմինկա Արտ Փրոդաքշնը» եւ «Ծիածան» հասարակական կազմակերպությունը հունիսի 21-ին առաջին անգամ Հայաստանում կանցկացնեն հոգեւոր ֆիլմերի եւ արդի արվեստի «ՖՐԵՍԿՈ» փառատոն, որը կրում է «Վնասվածը վերականգնելու կարիք կա» խորագիրը: Կազմակերպիչների խոսքով`փառատոնի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության եւ մարդասիրական արժեքների վերահաստատմանը, հոգեւոր արժեքների հաստատմանը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանի եւ տարբեր երկրների ինչպես ճանաչված, այնպես էլ նորաստեղծ ֆիլմեր, որոնք առնչվում են մարդկության արդի հիմնախնդիրներին` հոգեւորից մինչեւ սոցիալական, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 57 ֆիլմ:
«Ֆրեսկո»-ի շրջանակներում ոչ միայն կցուցադրվեն համաշխարհային հոգեւոր ֆիլմեր, այլեւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ եւ ազատ հանրային քննարկումների կազմակերպում: Քննարկումներին կմասնակցեն ֆիլմերի ստեղծողներ, հոգեւորականներ եւ հոգեբաններ: Փառատոնին հնարավորություն ունեն մասնակցելու այն ֆիլմերը եւ տեսանյութերը, որոնք դատապարտում են պատերազմները, բռնությունները, կրոնական խտրականությունը եւ քարոզում են մարդասիրություն, հանդուրժողականություն եւ այլ արժեքներ: Այստեղ կարեւորն այն է, որ փառատոնի նախաձեռնողները հատուկ նշանակություն են տալիս սոցիալական հատուկ խմբերին եւ սահմանափակ կարողությամբ անձնաց: Նրանք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլեւ ներգրավված են կազմակերպչական աշխատանքերում:
Փառատոնի մի մասը կանցկացվի Երեւանից դուրս` Օձունում եւ Ախթալայում:
Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը կլինի ամենամյա եւ այս տարի առաջարկում են հատուկ ծրագիր` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Ի դեպ, փառատոնի մեկնարկը համընկել է Ս. Գրիգոր Լուսավորչի «Ելն ի Վիրապեն» տոնի հետ, այդ իսկ պատճառով` կազմակերպիչները որոշել են փառատոնը սկսել Խոր Վիրապից: Հետմիջօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառատոնի ժյուրիի անդամներին եւ հյուրերին կընդունի Մայր աթոռ սրբ. Էջմիածնում, որից հետո, նույն օրը, երեկոյան` ժամը 20:00-ին Երեւանում` Կարապի լճում կմերկնարկի փառատոնը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

