ԱՆԳԻՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԶՎԱՐԹՆՈՑՆ ՈՒ ԳԱՌՆԻՆ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՍԱԿԱԳԻՆ ԷԼ ՈՒՆԵՆ
Արխիվ 12-16ԱՆԳԻՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԶՎԱՐԹՆՈՑՆ ՈՒ ԳԱՌՆԻՆ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՍԱԿԱԳԻՆ ԷԼ ՈՒՆԵՆ
Ժամանակին, երբ ասում էին, որ մեզ ժառանգություն մնացած պատմամշակութային տարածքներն անգին են ու սրբավայր, անքննելիորեն հաստատում էինք: Վերջին օրերին Գառնիի հեթանոսական տաճարի եւ Զվարթնոցի արգելոց-թանգարանի տարածքում տեղի ունեցող տարօրինակ կորպորատիվ փարթիներն այլ բան են հուշում, որ ժամանակները փոխվել են, ու անգին համարվող տարածքները, պարզվում է, լավ էլ գին ունեն:
Օրինակ` Զվարթնոցի տարածքը` մեկ օրվա համար, կարող ես վարձակալել 700 հազար դրամով եւ տարածքում անել այն, ինչ սիրտդ ցանկանում է, ասենք` կիսամերկ շրջիր եւ վայելիր սրբավայր հանդիսացող տարածքն ու կիսավեր կոթողները: Իսկ Գառնիի հեթանոսական տաճարը կարող ես վարձակալել գրեթե կրկնակի թանկ` 1 մլն 200 հազար դրամով: Ի դեպ, վերոնշյալ խայտառակ խնդիրը լայն արձագանք գտավ նաեւ Ազգային ժողովում: Ավելին` Գառնու մուտքի առաջ, փակ դռների հետեւում էր մնացել նաեւ խորհրդարանական պատգամավորներից մեկը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ - Գառնու տաճարի մուտքի մոտ` դրսում, սպասում էին մեծ թվով
զբոսաշրջիկներ, այդ թվում նաեւ Նորվեգիայից ժամանած մարդիկ, ում համար շատ կարեւոր էր այդ պատմամշակութային արժեքը տեսնելը, ինչպես նաեւ հայտնի կինոռեժիսոր Նիկա Բաբայանը` իր հյուրերի հետ, սակայն մուտքը փակ էր: Բնականաբար, տեղում կապվեցինք ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, եւ տիկին նախարարի միջամտությունից հետո հարցը կարգավորվեց եւ մեզ ներս թողեցին` որպես բացառություն: Հիմա այստեղ շատ մեծ խնդիր է առաջանում: Կրկին այս հարցը համարելով շատ կարեւոր, նաեւ նկատի ունենալով, որ մամուլում այլ հուշակոթողների վերաբերյալ նմանատիպ հրապարակումները վերջին օրերին շատացել են, ցանկանում եմ նաեւ Ձեզ խնդրել, Ազգային ժողովի հարգելի նախագահ, դիմել պետական համապատասխան մարմիններին, նրանց բացատրել հետեւյալը, որ եթե անգամ մեր պետական միջոցներն այնքան սուղ են, որ խնդիր ունենք պետական ենթակայության ներքո գտնվող պատմամշակութային համաշխարհային նշանակության հուշակոթողների պահպանության հարցերը կարգավորել, դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրել ինչ-որ մասնավոր մարդկանց: Այն էլ` այնպիսի մարդկանց, ովքեր, վստահաբար, Գառնու հուշակոթողի մասին երեք նախադասություն չեն կարող ներկայացնել:
Քանդակագործ, դիզայներ ՆՈՒՌ` ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ- Զվարթնոցի տարածքում տեղի ունեցածի մասին այդքան տեղեկացված չեմ, միայն գիտեմ, որ ինչ-որ միջոցառում է եղել: Բայց առաջին դեպքը չէ, որ Զվարթնոցում միջոցառումներ են անցկացվում` այն պատմամշակութային հուշարձան է, գործող եկեղեցի չի համարվում, եւ առհասարակ, աշխարհում ընդունված է պատմամշակութային հուշարձաններում անել միջոցառումներ: Բայց հարցը այն է, թե` ինչ միջոցառումներ:
- Նույնիսկ ներքնազգեստով անձինք են պտտվել տարածքում, դա վկայում են լուսանկարները:
- Այ, դա արդեն հարիր չէ նման տիպի տարածքին, քանզի եկեղեցու տարածքը սրբավայր է: Եվ հենց այնպես չի ընտրվել այդ տարածքը` եկեղեցի կառուցելու համար: Տվյալ վայրում սրբավայր է եղել, եւ եկեղեցի են կառուցել: Այստեղ Մշակույթի նախարարության բացթողումը կա, ինչպես նաեւ եկեղեցու` Վեհարանի: Ես ունեցել եմ նախադեպ, երբ Զվարթնոցի այդ նույն տարածքում պետք էիմ ՙԱրատտա՚ հավաքածուի ցուցադրությունն իրականցնեի, եւ այդ ժամանակ Մշակույթի նախարարությունը եւ Վեհարանը շատ խիստ հետեւում էին, որպեսզի միջոցառումը հարիր լինի տվյալ տարածքին` ինչ պետք է ցուցադրվի, եւ ինչ երաժշտության տակ պիտի ցուցադրվի: Չեմ կարծում, որ այդ խստությունը միայն իմ նկատմամբ է եղել, հետեւաբար, կարծում եմ` տվյալ պարագայում էլ նույն խստությունը եղել է, ենթադրում եմ, որ կազմակերպիչները խախտել են նախապես ցույց տված սցենարը` ներկայացրել մի սցենար` իրականացրել ուրիշը: Այստեղ, երեւի թե, պետք է մեղավորներին փնտրել կազմակերպիչների մեջ, ոչ թե` թույլատրողների:
Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ առաջարկեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, հարցը քննարկել եւ ներկայացնել, որպեսզի ավելի հնչեղ դառնա: Հուսանք, գոնե պատգամավորներին կհաջողվի սթափեցնել հայրենի Մշակույթի նախարարությանը:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

